«Հայերի դեմ ուղղված ոտնձգություն չկա»,- ասում է մոսկվահայ փաստաբանը

10/12/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Լեքս» փաստաբանական միության նախագահ, Ռուսաստանի հայերի միության փաստաբանական խմբի անդամ Սիմոն Ծատուրյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ հիշեցնելու, որ Ռուսաստանում ապրող հայերին, այնուամենայնիվ, «տիրություն» անող կա: Իբրեւ ապացույց` Ս. Ծատուրյանը մատնացույց արեց սպանված տղաների ծնողների կողմից գրված շնորհակալագրերն` ուղղված Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, որով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում Հայերի միության նախագահի արած գործերի համար: Իսկ ի՞նչ է արել Հայերի միության նախագահը, գուցե նյութական աջակցությո՞ւն է ցուցաբերել սպանված երիտասարդների ընտանիքներին: Ռուսաստանում հայերի միության ներկայացուցիչների վերջին շրջանում ավանդույթ դարձած մամուլի ասուլիսները գնալով զավեշտալի բնույթ են կրում, քանի որ նրանք գալիս են մեզ ավետելու, որ աղմկահարույց այդ սպանություններն ուղղված չեն միայն հայերի դեմ: Նույն տրամաբանությամբ էլ իրավաբան Ս. Ծատուրյանը համոզում էր, որ սքինհեդները գործի են անցնում ինչ-որ մի տարօրինակ մագնիսական ուժով, իսկ այդ չարաբաստիկ ուժը նրանց ուղղորդում է դեպի ոչ սլավոնական արտաքին ունեցող անձանց՝ սեւերի վրա: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հանդես եկավ բավականին կոշտ դիրքորոշմամբ. «Մեզ բացարձակապես չի հանգստացնում այն հանգամանքը, որ սպանվածների ցանկից հայերն ավելի քիչ են, քան ադրբեջանցիները, կիրգիզները: Մենք մեր ազգի մասին ենք մտածում: Մեր հայրենակիցների մեղքով չէ, որ նրանք այսօր հայտնվել են Ռուսաստանում, նրանք գնացել են հանապազօրյա հացի հայթայթման եւ ընտանիք պահելու համար: Նրանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն ինքը պետք է պատասխանատվություն կրի իր երկրի քաղաքացիների համար: Ինչպես նաեւ Հայաստանի պետությունը պետք է զորավիգ լինի իր քաղաքացիների ապահովությանը, պետք է պետական մակարդակով հարց բարձրացվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ներկայացվող փաստարկները մեզ չեն բավարարում: Ի դեպ, Ռուսաստանի իշխանությունները հակված չեն վերջին շրջանում կատարվող սպանություններն անվանել ազգամիջյան բնույթի սպանություններ, քանի որ, օրինակ՝ այդ որակման պատճառով արտասահմանցի շատ ուսանողներ հրաժարվում են Մոսկվայում սովորելուց: Ռուսաստանում հայերի դեմ կատարվող սպանությունները պրն Ծատուրյանը որակեց որպես հիվանդություն, իսկ հիվանդության ախտորոշումը սահմանեց՝ ազգայնամոլություն: Այնուամենայնիվ, փաստաբանն ախտորոշած հիվանդության համար դեղատոմս չի կարող առաջարկել: Մոսկվայում գործող փաստաբան Ս. Ծատուրյանը շարունակում է մասնակցել Վիգեն Աբրահամյանցի, Արթուր Սարդարյանի եւ Նարեկ Քոչարյանի սպանությունների գործերին: Ն. Քոչարյանի սպանությունը որակելով որպես ազգամիջյան հողի վրա կատարված սպանություն, փաստաբանն ասաց, որ իրավապահ մարմինները սպանության մոտիվներն այլ կերպ են ներկայացնում. «Փորձում են այլ երանգ տալ: Մենք դրան ամեն ձեւով հակազդում ենք: Եղել ենք Դատախազությունում եւ պետանվտանգության տեղի մասնաճյուղում: Հանդիպելով Դատախազության ղեկավարության հետ, մեր դժգոհությունն ենք հայտնել, թե ինչ հոդվածով է հարուցվել քրեական այդ գործը: Հոդվածը դա ծանր մարմնական վնասվածք պատճառելն է, որն անզգուշորեն առաջացրել է մահ: Իրավական որակումը հենց սկզբից սխալ էր, որովհետեւ ակնհայտ էին խոշտանգված երիտասարդի մարմնի վրա դանակի բազմաթիվ հետքեր»,- վստահեցրեց Ս. Ծատուրյանն՝ ասելով, որ նման դեպքերի համար գոյություն ունի հոդված՝ սպանություն, որը կատարվել է խմբակային եղանակով, ավելին՝ սպանությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ: «Մենք հանդիպեցինք բյուրոկրատական արգելքների, որով փորձ է արվում պատկերը ներկայացնել` իբրեւ թե ազգամիջյան հողի վրա չի կատարվել: Այդպես նաեւ եղել է Վ. Աբրահամյանցի սպանության դեպքի ժամանակ, երբ փորձ էր արվում հանցագործությանը տալ կենցաղային բնույթ, դա նաեւ եղել է Արթուր Սարդարյանի սպանության ժամանակ»,- վկայեց Ս. Ծատուրյանը` հավատացնելով, որ թեեւ իրավապահ մարմիններն ունեցել են տաք հետքերով հանցագործությունները բացահայտելու հնարավորություն, բայցեւայնպես, չեն բացահայտել: Մասնավորապես, հանցագործությունները կատարվել են հասարակական վայրերում, օրը ցերեկով եւ ականատեսների վկայությամբ: Ըստ պրն Ծատուրյանի, իրենք շատ դժվար պայմաններում են աշխատում, քանի որ իրենք «պարանը» քաշում են դեպի ազգամիջյան հողի վրա, իսկ իրավապահ մարմինները դրանք որակում են իբրեւ կենցաղային հողի վրա կատարված դեպքեր: Վիգեն Աբրահամյանցի սպանության գործը բացահայտվել է, որի ընթացքում պարզվել է, որ նույն անձինք, ազատության մեջ գտնվելով, իրականացրել են նաեւ Մոսկվայի Չերքիզյան շուկայի պայթյունը. «Ներկայումս այդ գործին համատեղ ընթացք է տրվել, քանի որ նույն անձինք են կատարել այդ հանցագործությունները: Վիգեն Աբրահամյանցին սպանել է 17-ամյա մի երիտասարդ, որը սովորել է միլիցիայի քոլեջում եւ որի հայրը Ներքին գործերի մարմիններում զբաղեցրել է բարձր պաշտոն: Մարդ, որը կոչված է եղել ուրիշների կյանքը պաշտպանելու՝ դարձել է մանիակ, ազգայնամոլ հանցագործ: Ես հայտարարել եմ, որ Վ. Աբրահամյանցի սպանությունը կատարվել է պրոֆեսիոնալ ձեւով, դպրոց անցած մարդու ձեռքով: Այդ ազգայնամոլներն ինչ-որ տեղ սովորում են, նրանց հաշվարկն ուղղված է, որ ահ ու սարսափ տարածեն ոչ միայն հայերի, այլեւ իրենց հասարակության մեջ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սպանությունների ժամանակ ականատեսները չեն միջամտել, որովհետեւ վախեցել են: Ս. Ծատուրյանը հիշեցրեց գնացքի մեջ ծեծի ենթարկված Վաչե Թովմասյանի եւ մի խումբ արթիկցի տղաների դեպքը, երբ որեւէ մեկը չէր միջամտել, իսկ հանցագործներին հաջողվել էր ազատ լքել դեպքի վայրը: Ի դեպ, Վ. Աբրահամյանցն ու Ա. Սարդարյանը 17 տարեկան էին, եւ երկուսն էլ Բաքվի փախստականներ են եղել: Բաքվի դեպքերից հետո նրանք լքել են Բաքուն, նրանց հաջողվել է կենդանի մնալ, բայց ռուս ազգայնամոլների դանակի հարվածներից չեն կարողացել խուսափել: Այդուհանդերձ, Ս. Ծատուրյանի տվյալներով՝ ազգամիջյան հողի վրա այս տարի սպանվել է Վ. Աբրահամյանցը, Ա. Սարդարյանը եւ Ն. Քոչարյանը: «Չկա հիմք ենթադրելու, որ դա հայերի դեմ է ուղղված: Մենք ոչ մի տվյալ չունենք, որ հանցագործությունները կատարելուց առաջ հանցագործները եկել, ստուգել, պարզել են, որ հայ է, որից հետո կատարել են հանցագործությունը: Իրենց ձգողը միայն մաշկի գույնն է: Հայերի դեմ ուղղված ոտնձգություն չկա»,- հորդորեց Ս. Ծատուրյանը՝ վստահեցնելով, որ խուզարկությունների ժամանակ այդ հանցագործների մոտ հայտնաբերվում է գրականություն, սիմվոլներ: «Օրինակ՝ դրանք վերջերս ներխուժել էին Սինագոգ եւ 8 հոգու սպանել էին: Հիմա հրեաները կարո՞ղ են հայտարարել, թե դա հրեաների դեմ է»,- հարցրեց փաստաբանը: Իհարկե, այս դեպքը հենց կոնկրետ հրեաների դեմ է, հո աֆրիկացիների դեմ չէ՞: