«Անհայտ կորածների խնդիրները պետք է դիտարկել կոնֆլիկտի քաղաքական կարգավորումից տարանջատ: Ցավոք սրտի, կոնֆլիկտի մեջ ընդգրկված հասարակություններում այնպիսի մի տուժած խումբ, ինչպիսիք անհայտ կորածների ընտանիքներն են, դեռեւս համարժեք ձեւով չեն ընկալվում հասարակության եւ իշխանությունների կողմից, նրանք անուշադրության են մատնված: Մեր նպատակն է` նրանց ընդգրկել փնտրման, նույնականացման եւ տվյալների բազայի հավաքագրման աշխատանքներում»,- երեկ հրավիրված կլոր սեղանի ընթացքում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: ՀՔԱ-ի Հարավային Կովկասի ցանցն ու նրանց գործընկեր կազմակերպություններն, արդեն չորրորդ տարին է, իրականացնում են անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ «Դեղին կակաչներ» ծրագիրը: Հարավային Կովկասի անդամ կազմակերպությունների, այդ թվում` Ադրբեջանի կոմիտեի «Գյանջայի գրասենյակի», Վրաստանի կոմիտեի, Վանաձորի գրասենյակի, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան-92»-ի կողմից նշված ծրագրի շրջանակներում կատարվել են ուսումնասիրություններ, ներկայացուցիչների կողմից նաեւ նամակներ են հղվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Այդ համատեքստում 2007թ. հունվարին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում կներկայացվի Հարավային Կովկասի Անհայտ կորածների մասին զեկույց, եւ դրանով առաջին անգամ Եվրոպական խորհուրդն իր ուշադրությունը կհրավիրի տարածաշրջանի անհայտ կորածների խնդրին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշակել է նաեւ անհայտ կորածների մասին օրենքի նախագիծ: Ա. Սաքունցը նշեց նաեւ, որ վրացական «Մոլոդինի» («Սպասում») կազմակերպության ներկայացուցիչները բավական մեծ փորձ ունեն անհայտ կորածների տվյալների հավաքագրման բնագավառում: Ի տարբերություն անհայտ կորածների հայկական պետական հանձնաժողովի, վրացական պետական հանձնաժողովում ընդգրկված են նաեւ անհայտ կորածների հարազատները:
Անհայտ կորած զինվորներին հետմահու մրցանակներ են հանձնվում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը նշեց, որ Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված անհայտ կորածների պետական հանձնաժողովների միջեւ արդեն երկարատեւ տարիներ ուղղակի շփումներ չկան, փոխարենը շփումներն իրականանում են միջնորդավորված` միջազգային կազմակերպությունների միջոցով: Դրանք են Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) եւ «Կլասեն գրուպ» աշխատանքային խումբը: «Ցավոք սրտի, այդ աշխատանքային խմբի մասին մենք տեղեկանում ենք հակիրճ հաղորդագրությունների միջոցով»,- ընդգծեց Ա. Սաքունցը: Նա Աբխազիայի օրինակով նշեց, որ կոնֆլիկտային զոնայում կան բռնի անհայտացումներ, ինչը մարդկային առեւտրի տիպիկ օրինակ է: Եթե անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ գործում են Ժնեւյան մեխանիզմները, որոնց համաձայն կարգավորվում է պետությունների պատասխանատվությունը, ապա բռնի անհայտացումների համար գործում է ՄԱԿ-ի մեխանիզմը, (1982թ.-ին ընդունված կոնվենցիայի համաձայն), որն իրագործում է հատուկ աշխատանքային խումբը: «Մենք Լեռնային Ղարաբաղում ունենք գոնե մեկ տվյալ, որ քաղաքացին ոչ թե կոնֆլիկտի հետեւանքով, այլ կոնֆլիկտային զոնայում է անհայտացել, հիմա այստեղ ո՞ր մեխանիզմն է աշխատելու` ժնեւյա՞ն, թե՞ ՄԱԿ-ի: Այս արհեստական տարանջատումն էապես ազդում է մարդկանց ճակատագրերի հայտնաբերման ուղղությամբ»,- նկատեց Ա. Սաքունցը: ՀՔԱ-ի Վանաձորի գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ պաշտոնական հարցում է կատարել Պաշտպանության նախարարությանը (ՊՆ), որպեսզի պարզի անհայտ կորածների թիվը Ղարաբաղյան պատերազմի սկզբից մինչեւ 1994թ. մայիսի 12-ի հրադադարն ընկած ժամանակահատվածում: ՊՆ տվյալներով, ռազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորած են համարվում մոտ 213 զինծառայողներ, որոնցից մոտ 130-ն արդեն դատարանների կողմից ճանաչվել են մահացած: Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց, ապա հ/կ-ի ղեկավարը նշեց, որ նման անձինք եղել են հակամարտության սկզբներին, հատկապես 1991-92թթ.-ին Մարտակերտի շրջանում, երբ որ աշխարհազորայիններն էին իրենց գյուղերը պաշտպանում: Ըստ «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության տվյալների, անհայտ կորած քաղաքացիական անձանց թիվը պատերազմի ընթացքում հասնում է մինչեւ 900-ի: Սակայն հրադադարից հետո էլ, մինչեւ 1998-ը, առանձին հաճախականությամբ շարունակվել է աճել անհայտ կորածների թիվը: Ինչպես տեղեկացնում է Վանաձորի գրասենյակի ղեկավարը, Լոռու եւ Տավուշի մարզի անհայտ կորածների թիվը հասնում է 18-ի: Եվ այդ 18 կորածներից երկուսին պետք է փնտրել ոչ թե Ադրբեջանում, այլ մեր հսկողության տակ գտնվող տարածքներում, որովհետեւ նրանք ռազմի դաշտից զինվորական հոսպիտալ տեղափոխման ճանապարհին են անհայտացել: ՊՆ ներկայացրած 213 հոգուց բաղկացած ցուցակը նրանք առաջարկում են բաժանել 2 մասի, այսինքն տարանջատել այն անհայտ կորածներին, որոնց պետք է փնտրել մեզ մոտ, եւ այն անձանց, որոնց ճակատագրերի մասին տեղեկատվություն հայթայթելու համար պետք է համագործակցել հակառակ կողմի հետ: Հայտնի է, որ ԿԽՄԿ-ն, իշխանությունների ներգրավմամբ, նախատեսել էր այս տարվանից սկսել Ղարաբաղյան կոնֆլիկտի հետեւանքով անհայտ կորած զինվորների ֆիզիկական եւ անձնական նախնական տվյալների հավաքագրման գործընթացը («168 Ժամն» անդրադարձել է թեմային), որպեսզի հարազատների օգնությամբ գերեզմանատեղերում հայտնաբերված դիակների ինքնությունը ճանաչվի (նույնականացում): Այս տարվա նոյեմբերի 24-25-ը Վանաձորում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը նշել է, որ ադրբեջանցիների մասսայական թաղման 3-4 տեղեր են հայտնաբերվել: Ա. Սաքունցի կարծիքով, ցավոք, տվյալների եւ դիակների փոխանակման գործընթացն իրականանում է փոխանակումների` առեւտրային սկզբունքներով, այնինչ կորածների մասին տեղեկությունները պետք է դիտարկել մարդասիրական տեսանկյունից: Բացի այդ, նա ընդգծեց, որ նույնականացման գործընթացը թանկ է, եւ հ/կ-ները մենակ այն չեն կարող իրականացնել: «Մյուս խայտառակ փաստն էլ այն է, որ պետությունն անհայտ կորած զինվորների ծնողներին արդեն հետմահու մրցանակներ է շնորհում»,- հավելեց Ա. Սաքունցը: