Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ խոստովանեց, որ ինքը սերիալներ չի սիրում: Համենայնդեպս, չի ցանկանում «Հ1»-ի եթերում տեսնել սերիալների այն առատությունը, որ այսօր կա:
«Դա ժամանակավոր բնույթ է կրում»,- ասաց Ա. Հարությունյանը` նշելով, որ 2007թ. սեպտեմբերից արտասահմանյան սերիալներն իրենց տեղը կզիջեն այլ հաղորդումների եւ հայկական արտադրության սերիալներին: Ինչպես ասում են՝ անձրեւից փախչում, կարկուտի տակ ենք ընկնում: Արդարացնելով տեղական սերիալների մուտքը Հանրային հեռուստատեսություն` Ա. Հարությունյանը նշեց, որ ռուսական հեռուստաալիքներն էլ են նման քայլ արել: Բացի այդ, «Հ1»-ը կսկսի հեռարձակել միջազգային ֆորմատի նախագծեր, որոնք, ըստ ՀՌՀ խորհրդի նախագահի, բավական թանկ արժեն: Ինչ վերաբերում է մշակութային հաղորդումներին, ապա «Հ1»-ը նոր հաղորդումներ է պատրաստվում հեռարձակել, սակայն ոչ հին ձեւով: «Մշակութային հին հաղորդումների մեծ մասը ես փակել եմ, մյուսներն էլ պատրաստվում եմ փակել»,- ասաց Ա. Հարությունյանը:
Անդրադառնալով ընտրությունների լուսաբանմանը` նա հիշեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում «Հ1»-ը լուսաբանել է մեկ նախագահական եւ մեկ խորհրդարանական ընտրություններ: Առաջինի ժամանակ միջազգային դիտորդների կողմից «Հ1»-ն արժանացել է «վատ» գնահատականի, իսկ Հանրային ռադիոն` «լավ»: Իսկ 2003թ. ԱԺ ընտրությունների ժամանակ երկուսի աշխատանքն էլ գնահատվել է շատ լավ: «Ես կարծում եմ, 2007թ. ընտրություններին նույնպես մեր գնահատականը կլինի ոչ պակաս»,- ասաց ՀՌՀ խորհրդի նախագահը: Թեեւ ընտրությունները լուսաբանելու համար նա ուզում է բարձր գնահատականի արժանանալ, այնուամենայնիվ, ընտրյալների հետ որոշ տարակարծություններ ունի` կապված «Խորհրդարանական ժամ» հաղորդման հետ: Ա. Հարությունյանի հավաստմամբ, ինքը եւ եվրոպական կառույցները գտնում են, որ չի կարելի օրենքով պահանջել Հանրային հեռուստաընկերությունից, որպեսզի վերջինս կոնկրետ հաղորդում, կոնկրետ ժամի հեռարձակի: «Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո այս հարցին պետք է անդրադառնալ»,- նշեց ՀՌՀ խորհրդի նախագահն` այդ պահանջն անվանելով հակասահմանադրական:
Ինչ վերաբերում է Հայաստանում հեռարձակվող հեռուստաալիքներին, ապա Ա. Հարությունյանի խոսքերով, ՀՀ-ում «ռեալ լսարան» ունի 3 հայկական եւ մեկ ռուսական հեռուստաընկերություն: Որպես այս դաշտում մեծ թերություն` նա նշեց չթարգմանված ֆիլմերի հեռարձակումը` երեւույթը որակելով` որպես «խայտառակություն»: «Ոչ մի երկրում նման բան չկա»,- նկատեց Ա. Հարությունյանը` համոզված լինելով, որ օրենքով խստագույն ձեւով պետք է հետեւել, որ հեռուստատեսությամբ հեռարձակվող ֆիլմերը թարգմանվեն հայերեն: Փաստորեն, այդ առումով Ա. Հարությունյանն ուզում է «Հ1»-ը դարձնել հեռուստատեսության մոնոպոլիստը: Պատկերացնենք, մեծ ֆինանսավորում չունեցող մյուս հեռուստաընկերություններից պահանջվում է թարգմանել գեղարվեստական ֆիլմերը, ինչը մեծ ծախսերի հետ է կապված: Մյուս հեռուստաալիքները (համենայնդեպս, դրանց մեծամասնությունը) կդադարեցնեն ֆիլմերի ցուցադրումը եւ կկորցնեն հեռուստադիտողին:
«Մեզ ոչ միայն պետք է դիտեն, այլ նաեւ հարգեն»,- ասաց Ա. Հարությունյանը` նշելով, որ բացի հեռուստալսարանի կարծիքը հաշվի առնելուց` «Հ1»-ը երբեմն այնպիսի հաղորդումներ ու ֆիլմեր է հեռարձակում, որոնք բարձր վարկանիշ չունեն, բայց կարեւոր են: Օրինակ, «8 եւ 1/2»-ի ֆիլմերը, որոնք համաշխարհային կինոյի գլուխգործոցներից են: Ի դեպ, իրենց ֆիլմերի թարգմանությունների որակից ՀՌՀ խորհրդի նախագահը դժգոհ չէ: Նրա կարծիքով, վերջին մեկ տարում այս առումով մեծ առաջընթաց կա:
Ա. Հարությունյանը նշեց նաեւ, որ ընտրություններից առաջ «Հ1»-ի քաղաքական հաղորդումները կշատանան: Մեկ-երկու ամիս հետո կհեռարձակվի նոր քաղաքական թոք-շոու` «Եվրապոլիսը», որի անվանումն, ըստ ՀՌՀ խորհրդի նախագահի, պայմանական է: «Մենք սպասում էինք, որ երկրաշարժից հետո Եվրոպան մեզ համար նման անվանումով քաղաք կկառուցեր, բայց չկառուցեց»,- նշեց Ա. Հարությունյանը: