Քաղաքական գործիչները եւ վերլուծաբանները կանխատեսում են, որ թե՛ իշխանական ու թե՛ ընդդիմադիր դաշտերում այսօր այս կամ այն չափով գործունեություն ծավալած քաղաքական միավորումները եւ ֆորմատներն իրենց ներկայիս տեսքով ու կազմով դժվար թե վերածվեն նախընտրական միավորումների եւ դաշինքների: Մասնավորապես դա վերաբերում է վերջին շրջանում ստեղծված այնպիսի ընդդիմադիր տարբեր ֆորմատներին, ինչպիսին, օրինակ, «Հակակրիմինալ», «Քաղաքացիական անհնազանդություն» եւ «Քաղաքացիական նախաձեռնություն» շարժումներն են: Դրանք միավորվելով տարբեր աշխարհաքաղաքական եւ գաղափարական ուղղվածության քաղաքական ուժերին՝ կամ շատ լոկալ ու կոնկրետ, կամ էլ, ընդհակառակը՝ շատ ընդհանուր քաղաքական խնդիրներ են հետապնդում: Եվ պատահական չէ, որ վերջին օրերին քաղաքական որոշ ուժեր ակտիվորեն սկսել են միմյանց հետ բանակցություններ վարել արդեն առաջիկա ընտրական գործընթացների շուրջ:
Արդեն իսկ նշել էինք, որ վերջին շրջանում հաճախակիացել են հայաստանյան ընդդիմադիր գործիչների այցերը Մոսկվա: Միայն օրերս են այնտեղից վերադարձել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Նոր Ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանը: Հետաքրքրական է, որ դրանից անմիջապես հետո, մեր աղբյուրների պնդմամբ, արդեն Երեւանում Թումանյան փողոցի սրճարաններից մեկում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում վերոհիշյալ երկու քաղաքական գործիչների եւ Հայաստանի Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի միջեւ: Ըստ նույն աղբյուրի՝ այդ հանդիպման ժամանակ քննարկվել է նախընտրական ժամանակաշրջանում այդ երեք` աշխարհաքաղաքական տարբեր նախասիրություններ ունեցող ընդդիմադիր ուժերի համագործակցության խորացման հնարավորությունների հարցը: