«Ես համոզված եմ, որ այդ նամակները ճշմարտություն են, այն, ինչ գրված էր` ճիշտ է, ու նման մի քանի նամակներ ներկայացվել են Ռուսաստան»,- անդրադառնալով մեր թերթի նախորդ համարում տպագրված նամակ-վերլուծություններին, որոնք Հայաստանից ուղարկվում են Ռուսաստան, հայտարարեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` վստահեցնելով, որ նման մի քանի նամակներ էլ` տարբեր ճանապարհներով, հասել են իրեն:
Այդ նամակներում անդրադարձ կար նաեւ Արամ Կարապետյանին, որտեղ նշվում էր, թե Արամ Կարապետյանի վարկանիշը «բավարար չէ ռուսամետ հզոր շարասյուն ստեղծելու համար»: Ա. Կարապետյանը, սակայն, այդ նամակներին այնքան էլ լուրջ չի վերաբերվում` նկատելով. «Նման նախաձեռնություններին լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ դրանք մարդկային խմբեր են, որոնք աշխատում են որոշակի մարդկային խմբերի հետ: Քաջատեղյակ եմ, թե ուր են ուղարկվել այդ նամակները: Բայց այն հատուկ ծառայությունները, որոնք դրանք ստացել են, չեմ կարծում, թե նրանք լիիրավ որոշում կայացնողներն են: Նաեւ քաջատեղյակ եմ, թե ովքեր են գրողները, եւ ես էլ շատ ակնարկներով, շատ եղբայրաբար նրանց ասել եմ, որ չի կարելի քաղաքական որոշումները միշտ վերածել հատուկ ծառայությունների աշխատանքի: Այդ մարդկանց ասել եմ, որ քաղաքական որոշումները կայացնում են քաղաքական ղեկավարությունները, իհարկե, հենվելով տարբեր ինֆորմացիաների եւ վերլուծությունների վրա: Եվ միշտ ակնարկով ասել եմ, որ` եթե մենք այդքան լուրջ չենք, ինչո՞ւ են ՀՀ ազգային ծառայությունն ու Սերժ Սարգսյանը խստիվ զբաղվում մեզանով,- ասում է Ա. Կարապետյանը: -Տարին յոթ ամիս հեռուստաժամ չեն տրամադրում. բայց չէ՞ որ, եթե մի մարդ լուրջ չի, ուրեմն նրա հետեւից ընկնելն անիմաստ է: Եթե լուրջ չի` լուրջ չի, ասում են` թող գնա, մարդն իր կյանքով ապրի: Ես նույնիսկ իմ փողով չեմ կարողանում խոսել: Մամուլի ազգային ակումբում նկարում են, բոլորին ցույց են տալիս, բայց նույնիսկ իմ պատկերը ցույց չեն տալիս: Ավելին` տարածում են, թե ես Հայաստանում չեմ: Սա է պատկերը»:
Մեր դիտարկմանը, թե իր մասին նման տեսակետ արտահայտող այդ նամակագիրները ոչ թե իշխանություններն են, այլ` ընդդիմադիր համարում ունեցող ուժերը, որոնք այս կամ այն ձեւով ընդգրկված են նաեւ հակակրիմինալ շարժման մեջ, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Հակակրիմինալից մարդ չգիտեմ, բայց մոտ կանգնած մարդկանց գիտեմ: Նորից վատ բան չեմ ուզում ասել նրանց մասին, բայց ամեն անգամ այդ մարդիկ ինչ-որ ամսաթվեր են ասում, թե` այսինչ ամսին, այսինչ ժամին այն կլինի, այս կլինի, ու չի եղել: Թե ինչքանո՞վ լուրջ կընկալվի նրանց ուղարկածը` դժվար է ասել: Կարծում եմ` կընթերցվի, կներկայացվի, կհամադրվի մնացածի հետ եւ կգնա գզրոց: Բայց ասեմ, որ իշխանությունն ամեն ինչի հետ կապված է: Կարող է` հիմա չեք տեսնում այդ կապը: Ֆինանսավորման հիմքի վրա է կատարվում այդ ամենը: Այսինքն` կա պատվեր: Ես այնտեղ անաչառ վերլուծություն չտեսա: Որովհետեւ անաչառության պարագայում չէր կարող մարդկանց այդ բազմությունը, որ ներկայացվում էր, այդքան վատ լիներ, ու միայն մեկը ցցուն լավը լիներ,- ասաց «Նոր Ժամանակների» նախագահը` ավելացնելով,- Կա մի հատ մեծ խաղ, որը տարածված է ամբողջ քաղաքական դաշտում: Խաղը հետեւյալն է. եկեք ասենք, որ Արամ Կարապետյանն ու նրա «Նոր ժամանակները» լուրջ չեն (որովհետեւ առանց էդ էլ իրեն այնտեղ լուրջ են ընդունում), ռեյթինգ չունի, մարդիկ չունի, ժողովրդի մեջ ընդունելի չի, որ լուրջ չընդունեն»:
Իսկ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը չի ուզում հավատալ, թե Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են նամակներ գրել «ռուսաց թագավորին»: «Չեմ ուզում հավատալ, որովհետեւ ինձ համար ընդհանրապես անընդունելի է «ռուսաց թագավորին» նամակ գրելն ու նորից ասելը, թե ով է պուպուշ տղա, եւ ով պուպուշ տղա չի: Որպես հայ մարդ, որպես քաղաքական գործիչ` դա ինձ համար ստորացուցիչ, նվաստացուցիչ է: Մենք անկախ Հայաստանի քաղաքացիներ ենք, ունենք անկախ երկիր: Շատ պրոբլեմներ ունենք մեր երկրում, վատ իշխանություններ ու «բռնաբարված», սոված ժողովուրդ ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է «ռուսաց թագավորին» նամակ գրենք ու ասենք, չգիտեմ` եկեք, մեզ փրկեք: Ես դա չեմ համարում քաղաքական լուծում, քաղաքական գործընթաց»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
ՀԱԱԿ նախագահը նման երեւույթի գոյությունը համարում է «չափազանց վտանգավոր», նաեւ այդ «զեկուցողներին» տեղեկացնում, որ իրենց աշխատանքը, միեւնույն է` անօգուտ է, քանի որ Ռուսաստանը Հայաստանի քաղաքական խճանկարն իր ձեռքի տակ ունենալու համար ինֆորմացիայի այլ, շատ ավելի լուրջ աղբյուրներ ունի: «Պետք է ասեմ, որ ռուսական իշխանությունները Հայաստանում ինֆորմացիայի բավականին շատ աղբյուրներ ունեն: Բացի դեսպանատնից ունեն նաեւ Հայաստանում ազատ գործող հատուկ ծառայության ներկայացուցիչներ: Հայաստանն այդ առումով բաց է, մանավանդ` ռուսների համար, եւ եթե իրենք ուզում են Հայաստանի իրական պատկերն ունենալ, կարող են առանց այդ նամակների էլ ճշտել, ու այդպիսով կարող են 90-95 տոկոս ճշտությամբ իմանալ, թե այստեղ ինչ է կատարվում: Իսկ նման նամակներն, իմ համոզմամբ, անթույլատրելի ու անհիմն են»,- վստահեցնում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: