Ի՞նչ է Գերագույն մարմինը, Գերագույն ժողովն ու Բյուրոն

10/12/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Մարդու իրավունքներ-96» կուսակցության եւ «Պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը պահանջում է կասեցնել Դաշնակցություն, Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունների գործունեությունը: Ճիշտ է` նա առայժմ չգիտի դրա իրականացման ձեւը, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի այս կուսակցությունների մասնակցությունը 2007թ. խորհրդարանական ընտրություններին չթույլատրվի:

Այս մասին երեկ նա հայտարարեց Հակակրիմինալ շարժման հերթական հավաքում: Ռուբեն Թորոսյանը երեկ եւս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀԿ գործունեությունը պետք է կասեցվի միայն այն բանի համար, որ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն անցել է այդ կուսակցության շարքերը: «Դա սահմանադրական կարգի խախտում է»,- հայտարարեց Ռ. Թորոսյանը` տեղեկացնելով, որ ինքն այդ հարցով դիմել է նաեւ Ռոբերտ Քոչարյանին` խնդրելով կասեցնել ՀՀԿ գործունեությունը: «Առ այսօր պատասխան չունենք ու չենք էլ ունենա, դա մեր փորձից եմ ասում,- ասաց Ռ. Թորոսյանը` ավելացնելով,- Դիմելու ենք դատարան, հետո` Եվրոդատարան, ինչը երկար պրոցես է»:

Այնուհետեւ նա անդրադարձավ ՀՅԴ-ին` ասելով, որ Հայաստանում նման կուսակցություն գոյություն չունի, որովհետեւ պետռեգիստրում ՀՅԴ անունով գրանցված է ընդամենը մեկ կազմակերպություն, որը կոչվում է` «ՀՅԴ» հայաստանյան կազմակերպություն: «Մենք սովոր ենք ասել` Դաշնակցություն, ու որեւէ մեկը չի հարցնում` ի՞նչ է իրենից ներկայացնում այդ դաշնակցությունը: Իրականում Հայաստանում գործում է «ՀՅԴ» հայաստանյան կազմակերպությունը: Բայց չէ՞ որ մենք լսում ենք` Գերագույն ժողով, Գերագույն մարմին, Բյուրո… Օրինակ, Արմեն Ռուստամյանը Գերագույն մարմնի ներկայացուցիչն է, բայց պետռեգիստրում գրանցված այդ կազմակերպության կանոնադրության մեջ նման բան չեք տեսնի: Չեք էլ տեսնի` Բյուրո, Գերագույն ժողով բառակապակցությունները,- վստահեցնում է Ռ. Թորոսյանը,- ԱԺ փոխնախագահը (խոսքը Վահան Հովհաննիսյանի մասին է:- Լ.Ս.) միշտ ներկայանում է որպես կուսակցության բյուրոյի անդամ, բայց մենք չգիտենք, թե դա ի՞նչ կուսակցություն է: Խնդիրը ձեւական պահը չէ, եւ մեզ ՀՅԴ-ն հետաքրքրում է այլ կոնտեքստում: Խնդիրը` օտարերկրյա քաղաքացիների մասնակցությունն է մեր քաղաքական կյանքին, որն օրենքով ուղղակի արգելվում է»:

Ռ. Թորոսյանի պնդմամբ, իրեն ավելի շատ հետաքրքրում է ՀՅԴ ռեսուրսների խնդիրը, որն օգտագործվում է ընտրությունների ժամանակ: «Օտարերկրյա միջազգային կազմակերպություններից ստացված ռեսուրսները խանգարում են մրցակցությանը,- ասում է նա,- Մենք ԱԺ-ում ունենք ՀՅԴ խմբակցություն, բայց անհասկանալի է, թե դա Հայաստանում գրանցված ո՞ր կուսակցությանն է վերաբերում: Այսինքն` ԱԺ-ում գործում է չգրանցված կուսակցություն»:

Ռ. Թորոսյանի հաջորդ թիրախը «Բարգավաճ Հայաստան» եւ Ժողովրդական կուսակցություններն էին, որոնց Ռ. Թորոսյանն անվանում է` բարեգործական կազմակերպություններ:

«Նման բան ասել է նաեւ վարչապետը` ասելով, որ` այո, Հայաստանում գործում է ԲՀԿ-ն, որն առայսօր իրականացրել է միայն բարեգործական գործունեություն: Սրանով վարչապետը ցույց է տվել իր անգործությունը, որովհետեւ որեւէ միջոց չի ձեռնարկում դրանց դեմն առնելու համար»,- ասում է Ռ. Թորոսյանը: Վերջինիս պնդմամբ, պետռեգիստրում նման անուններով բարեգործական կազմակերպություններ գրանցված չեն, ուստի նրանք իրավունք չունեն «բարեգործություն» անվան տակ ընտրակաշառքներ բաժանել կամ մարդկանց ավտոբուսներով ֆռֆռացնել: «Մենք ունենք «Բարեգործությունների մասին» օրենք: Եթե կուսակցության կանոնադրության մեջ գրվի, որ այն բարեգործություն է իրականացնելու, ապա այն անմիջապես կտեղափոխվի «Բարեգործության մասին» օրենքի դաշտ, որը պետք է իր անվան մեջ ունենա նաեւ «բարեգործություն» բառը: Հիմա մենք ամեն օր տեսնում ենք, որ այդ երկու կուսակցությունները բարեգործություն անվան տակ բազմաթիվ միջոցառումներ են իրականացնում: Օրինակ, Տիգրան Կարապետյանը հայտարարեց, թե իրենք իրենց «Ծաղիկներ» հիմնադրամով են անում այդ միջոցառումները, բայց դրանից հետո նորից շարունակեց իր ավտոբուսներով ճանապարհորդությունները` վրան գրելով` «Ժողովրդական կուսակցություն»: Չեն էլ թաքցնում: Նույնը կարելի է ասել նաեւ «Բարգավաճ Հայաստանի» մասին. հիվանդանոցներում կպցրած է իրենց պաստառը, ու մարդկանց անվճար օգնություն են ցուցաբերում»,- վստահեցնում է «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահը, ում էլ երեկ վերապահված էր անցկացնել հակակրիմինալ շարժման հավաքը:

Հ.Գ. Ի դեպ, Ռ. Թորոսյանը երեկ անդրադարձավ նաեւ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, ով հայտարարել էր, թե ինքը պատրաստվում է ընտրությունների ժամանակ անպայման աջակցել ՀՀ քաղաքական ուժերից մեկին: «Բայց նա իրավունք չունի Հայաստանում ֆինանսական ռեսուրսներ ներդնել ընտրությունների ժամանակ: Նա էլ է համարվում օտարերկրյա միջազգային գործունեություն ծավալող անձ, որն իրավունք չունի խոչընդոտել ընտրությունների արդար մրցակցությունը»,- ասաց Ռ. Թորոսյանը: