Ռուսներն Իրանին վերազինում են

10/12/2006

Մինչ համաշխարհային հանրությունը ու մամուլը փորձում են կռահել, թե այդ ինչի մասին են Մոսկվայի օդանավակայանում իրենց կարճատեւ հանդիպման ընթացքում պայմանավորվել ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները, եւ թե արդյոք Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու գինը ռուսների կողմից Իրանի, այսպես ասած, հանձնելը չէ՞, ռուսաստանյան լրատվական աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանն արդեն սկսել է Իրանին մատակարարել «Տոպ-Մ1» տեսակի զենիթային հրթիռային համակարգեր: Ընդ որում, դրանց առաջին խմբաքանակն արդեն հասել է հասցեատիրոջը: Ընդհանուր առմամբ կմատակարարվի 1,4 մլրդ դոլարի արժեք ունեցող 29 նման համակարգ, եւ դրանք կպաշտպանեն Իրանի կարեւորագույն պետական եւ ռազմական օբյեկտներ Սպահանում, Բուշերում, Թեհրանում եւ երկրի արեւելքում: Փորձագետների գնահատմամբ` այդ հրթիռները հենց այն տիպի են, որոնք անհրաժեշտ են իրանացիներին ամերիկացիների հնարավոր հարձակումը կանխելու համար, եւ դա ակնհայտ երեւում է «Տոպ-Մ1»-ի որոշ տեխնիկատակտիկական տվյալներից: Նախ` դրանք «աշխատում են» բոլոր եղանակային պայմաններում եւ էֆեկտիվ պաշտպանություն են ապահովում թեւավոր հրթիռներից, ինքնաթիռներից, ուղղաթիռներից եւ հակառակորդի հարձակման այլ միջոցներից: Այսպիսով ստացվում է, որ Մոսկվան Թեհրանին մատակարարում է հենց այն զինատեսակը, որը նրան թույլ կտա դիմագրավել ամերիկացիների օդային հարձակումներին: Եթե հաշվի առնենք փորձագետների բազմիցս արտահայտված կարծիքը, որ եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ, այնուամենայնիվ, պատերազմ կսկսի, եւ որ դա ցամաքային բնույթ չի կրելու, ապա գուցե վաղաժա՞մ են այն պնդումները, թե Իրանի վերաբերյալ ռուս-ամերիկյան ինչ-ինչ վերջնական համաձայնություններ են ձեռք բերվել: Առավել եւս Իրանը «հանձնելու» հարցի շուրջ: Ի դեպ, մեր տեղեկություններով` մոտակա ժամանակներս սպասվում է Իրանի նախագահի այցը Հայաստան: