Տարեդարձ է այսօր

10/12/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Տարեդարձն ու տարելիցը շփոթելն ամենաընդունված սխալներից է։ Օրինակ՝ շատերն ասում կամ գրում են՝ լրացավ Կոմիտասի մահվան յոթանասնամյա տարեդարձը կամ՝ լրացավ Հայաստանի անկախության տասնհինգամյա տարելիցը։ Նման սխալ թույլ չտալու համար տարրական գիտելիք է հարկավոր՝ տարեդարձը վերաբերում է միայն եւ միայն ուրախ լրումներին, իսկ տարելիցը՝ հակառակը։

Նոյեմբերի 27-ին լրացավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով անցկացված հանրաքվեի մեկ տարին։ Տարեդա՞րձ է սա, թե՝ տարելից, դժվարանում եմ ասել, որովհետեւ երկուսն էլ փաստող որեւէ իրադարձություն տեղի չունեցավ՝ ոչ փառահանդես, ոչ էլ սգո արարողություն։

Ոմանք կասեն, թե պետական-պաշտոնական տոնացույցով Սահմանադրության տոնը հուլիսի հինգին է, այսինքն՝ առաջին սահմանադրության ընդունման օրը, բայց նրանց ասածն արժեք կունենար այն դեպքում, եթե ամառային շոգ այդ օրը նշված լիներ պատշաճ հանդիսավորությամբ։ Համենայնդեպս, ես չեմ հիշում, որ տոնական տրամադրություն կամ հրավառություն եղած լինի։ Սովորական ազատ օր էր։ Թերթերը գրեցին, որ նախագահն ու վարչապետը շնորհավորել են տոնի առիթով՝ ցանկանալով հարազատ ժողովրդին հավատարիմ մնալ տոնի առիթի մեջ ամրագրված արժեքներին, ասել է թե՝ ժողովրդավարական, իրավական, սոցիալական եւ այլ… ականներին։

Առանց նախդիր գծիկի «ականներ» գրելով՝ ես ամենեւին նկատի չունեմ ռազմի ասպարեզում օգտագործվող պայթուցիկ սարքավորումները ու ամենեւին նպատակ չունեմ նսեմացնելու մեր երկրի հիմնական օրենքը։ Որքան էլ այն վարկաբեկված լինի չկայացած հանրաքվեով, միեւնույն է, մեզ հնարավորություն է տալիս ազատվելու դրա երկրորդ կնքահայրերից, որովհետեւ ըստ կրոնական (մեր Առաքելական եկեղեցու) կանոնների, մկրտությունն ու դրա վկայությունը կարող է կատարվել մեկ անգամ։ Եվ եթե դու մկրտվելիս քավոր ես ընտրել «Օրինաց երկիր» կուսակցության անդամներից մեկին, իրավիճակի փոփոխության հետեւանքով չես կարող հրաժարվել նրանից, զի Աստծո առաջ կնքված ուխտն անխախտ է։

Հիմա ընդդիմախոսները կասեն, թե Սահմանադրության առաջին եւ հատկապես վերջին հանրաքվեն ոչ մի կապ չունի կրոնի, հավատքի, դավանանքի ու նման բաների հետ, բայց նրանց ասածը կոպեկի արժեք չի ունենա, որովհետեւ լավ կամ վատ` այդ սահմանադրությունն այժմ գործում է եւ հատկապես գործում է եվրոպական կառույցների, շահագրգիռ երկրների դեսպանատների աշխույժ կնքահայրությամբ։

Իսկ դա նշանակում է, որ նրանում արձանագրված արժեքները (ոչ հեռավոր անցյալում դրան ասում էին՝ դիրեկտիվ) պահպանման ժամկետի խնդիր չունեն, որ այդ դիրեկտիվներն, այսինքն՝ ուղեցուցիչները գործում են մինչեւ այն պահը, քանի դեռ որեւէ մեկը նյարդային գալարումների մեջ չի հայտարարել այն անվավեր։ Ուրեմն՝ կեցցե՜ ժողովրդավարությունը՝ պետության կառավարման մինչ այս հայտնի ամենաարդյունավետ ձեւը։

Բայց եթե կառավարման այս ամենաարդյունավետ ձեւի մեջ ներկա չէ ժողովուրդն՝ իր ձգտումներով ու նպատակներով, այն կարող է որեւէ ձեւափոխման չենթարկվելով` դառնալ, ասենք, դեմոկրատական ցենտրալիզմ՝ դիրեկտիվների ժամանակաշրջանից մեզ ծանոթ մի եզր (տերմին), որն ավելի շուտ նշանակում է` բոլորը մեկի համար, քան մեկը՝ բոլորի, թեեւ ոչ հեռավոր անցյալում ներկայացվում էր միանգամայն հակառակ ձեւով։

Հիմա, եթե վերլուծելու լինենք նախընտրական տարվա մեր իրավիճակը, կտեսնենք, որ երկուսն էլ առկա են, սակայն երկուսից էլ ժողովուրդն առանձնապես շահ չունի։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (այսուհետ՝ ԲՀԿ) հայտարարում է, թե ավելի քան երկու հարյուր հազար անդամ ունի, ինչը նշանակում է, որ նշված թվով մարդիկ աշխատում են ՄԵԿԻ համար։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (այսուհետ՝ ՀՀԿ) հայտարարում է, թե մի հզոր հայր ունի, ինչը նշանակում է, թե ՄԵԿՆ է աշխատում բոլորի համար։

Բնական աղետի դեպքում` երկուսն էլ դատապարտված են անհաջողության, որովհետեւ երկուսն էլ գիտեն, որ ստորոգյալ զանգվածն իրենց հետ հույս է կապում մեկ եւ միակ պատճառով՝ չգիտե` ուրիշ ո՞ւմ հետ հույս կապել։

Բնական աղետ ասելով` նկատի չունեմ հուժկու երկրաշարժը կամ էլ ուժգին կարկտահարությունը։ Բնական աղետն այս դեպքում կարող է լինել մեռելների հարությունը, որը կրոնական գիտելիքի մեջ ժամանակային առումով գոնե համընկնում է ահեղ դատաստանի հետ։

Բայց… Տարեդարձ է այսօր, եւ չարժե խոսել դատաստանից, ավելի լավ է նայել ներքին գերեզմանոցին՝ բաց չթողնելու համար սեփական հարության պահը։