Ժողովրդին չեն նախապատրաստել

10/12/2006

Day.az-ի փոխանցմամբ՝ նախօրեին Միջազգային ճգնաժամերի խմբի Հարավային Կովկասի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ասել է, թե ՄՃԽ-ն Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր զեկույց չի պատրաստի, քանի որ իրավիճակի փոփոխություն չի եղել: Ըստ Ս. Ֆրեյզերի, տարածաշրջանում իրավիճակի մասին նոր զեկույց կպատրաստվի 2007թ.: Ստացվում է, որ Ս. Ֆրեյզերը համոզված է, որ առաջիկայում «իրավիճակի փոփոխություն» է լինելու: Մինսկում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ Ս. Ֆրեյզերն ասել է, թե դժվար է ենթադրել, որ կարող է կատարվել հակամարտության կարգավորման առաջընթաց քայլ: «Նախագահներ Ալիեւն ու Քոչարյանը փոխզիջման հասնելու հարցում վճռական չեն, իսկ որ ամենակարեւորն է` նրանք իրենց հասարակությունները չեն պատրաստել այդ փոխզիջումներին: Եթե բանը հասնի սկզբունքների համաձայնեցմանը, ապա նախագահները պետք է ժողովուրդներին բացատրեն դրանց էությունը, եւ թե ինչո՞ւ է պետք հասնել այդ փոխզիջմանը»,- ասել է Ս. Ֆրեյզերը: Իսկ դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում կայանալիք Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ էլ Ֆրեյզերն ասել է, թե այդպիսի միջոցառումները բավական տարածված են դարձել հետխորհրդային տարածքում: «Հնարավոր է, դրա պատճառը Չեռնոգորիայի հանրաքվեն էր, սակայն Չեռնոգորիայի դեպքը բացարձակ նման չէ նախկին ԽՍՀՄ տարածքի հակամարտություններին, որովհետեւ Սերբիան հենց սկզբից արձանագրեց, որ կընդունի հանրաքվեի արդյունքը, ինչպիսին էլ որ այն լինի: Հասկանալի է, որ ԼՂ հանրաքվեի արդյունքը միջազգային հանրությունը չի ճանաչի»,- հայտարարել է Ս. Ֆրեյզերը: