Դակեք խնդրեմ

10/12/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ոչ ոք չէր կասկածում, որ 2007թ. պետբյուջեի նախագիծը խորհրդարանը կվավերացնի: Կվավերացնի առանց սկզբունքային փոփոխությունների: Այս փաստը ցանկության դեպքում կարելի է համարել խորհրդարանի եւ կառավարության համագործակցության արդյունք: Իհարկե, կարելի է բացատրել նաեւ նրանով, որ խորհրդարանն անհրաժեշտ ինտելեկտուալ ու մասնագիտական որակ չունի նման բարդության խնդիրներ լրջորեն վերլուծելու համար: Հնարավոր է, որ այս երկու բացատրությունն էլ ճիշտ են: Բայց ոչ մի բացատրություն այլեւս պատկերը չի փոխի: 2007թ. բյուջեով նախատեսվում է 557,9 մլրդ դրամ ծախսեր: Դրա մոտավորապես 75 տոկոսը կազմելու են ընթացիկ, իսկ 25 տոկոսը` կապիտալ ծախսերը: Նախորդ տարվա ծախսային հատվածի համեմատ աճը մոտ 76 մլրդ դրամ է: Աճի այս լուրջ պլանավորումը տարբեր մեկնաբանություններ ծնեց: Փորձագետների մի մասը, նախորդ տարիների փորձը հաշվի առնելով, ենթադրում է, որ կառավարությանը կհաջողվի կատարել իր պարտավորությունները: Վարչահրամայական (կամ, եթե կուզեք` վարչարարական) մեթոդներով կառավարությունն ինչքան նախատեսում` այնքան էլ կատարում է: Կան նաեւ քաղաքական վերլուծություններ: 2007-ը ընտրական տարի է: Ուստի կարելի է ենթադրել, որ կառավարությունը մեծ թվերով բյուջե նախատեսելով` ավելի շուտ պոպուլիստական քայլ է կատարել: Բայց սա մի ենթադրություն է, որի ճշմարտացիությունն առնվազն կես տարի հետո կարելի է պարզել: Ընդհանուր բյուջետային աճ ենթադրելով` կառավարությունը համամասնորեն բոլոր ոլորտների վրա «ցրել» է ավելացող գումարը: Եկող տարվա բյուջեն նախորդ տարիների համեմատ կտրուկ փոփոխություններ արձանագրել է ընդամենը հինգ ոլորտում: Կտրուկ աճել են պաշտպանության ոլորտի հատկացումները: Սա եւս ենթադրելի էր` այն ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների հնարավոր պատասխանն է: Աճել են նաեւ առողջապահության, վառելիքաէներգետիկ համակարգի եւ գյուղատնտեսության ոլորտի ծախսերը: Առողջապահության ոլորտը վերջին տարիներին պերմանենտ ցնցումների օջախ է: Այդ ցնցումները միշտ էլ բարեփոխություն անվանվող վերակառուցումների արդյունք են: Եկող տարի էլ կառավարությունն ամբողջ բնակչությանը` անկախ տարիքից ու սոցիալական վիճակից, անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն է խոստանում: Հավանաբար անցնող` 2006-ի փորձն իրեն արդարացրեց: Բայց դժվար է ասելը` բնակչությա՞ն, թե՞ առողջապահության ոլորտի ղեկավարության տեսանկյունից է կատարվել այս եզրակացություն-դիտարկումը: Հայ մարդը միշտ էլ հնարավորության դեպքում նախընտրել է վճարել բժշկին: Հայ բժիշկն էլ հնարավորության դեպքում միշտ էլ նախընտրել է գլխառադ անել չվճարող (պետբյուջեի հաշվին դիմող «զակոն Իվանիչ») հիվանդի բուժումը: Այնպես որ, նրանց համար եկող տարվա բյուջեն ավելի մեծ մասնաբաժին է պատրաստել: Գյուղատնտեսության ոլորտի բյուջետային հատկացումների մեծացումը հարկվող գյուղատնտեսության անցնելու շեմին մի փոքր անհասկանալի է: Օրինակ, ենթադրվում է ոռոգման համակարգի սուբսիդավորումն ավելացնել 1,7 մլրդ դրամով: Սա եւս երկակի բացատրություն կարող է ունենալ: Մեր իշխանությունները հարկային համակարգը միացնելուց առաջ փորձում են հնարավորինս օգնել գյուղացուն: Բայց ես այլ կարծիքի եմ: Խոշոր պետչինովնիկներից ոմանք գյուղատնտեսական բիզնես ունեն: Եվ այս սուբսիդավորումն առաջին հերթին կծառայի նրանց: Վառելիքաէներգետիկ համակարգի բյուջետային ծախսերն աճում են ռեկորդային ցուցանիշով: Այս ոլորտը 2006-ի 4,8 մլրդ դրամի փոխարեն ստանալու է 17,2 մլրդ դրամ: Կրկին ամենատրամաբանական կարող է համարվել սուբսիդավորման բացատրությունը: Հերթական խոշոր սուբսիդավորումը` մեր տնտեսության ամենաչհարկվող ոլորտին` շինարարությանը: Ավելի ճիշտ` շինանյութերի, մասնավորապես` ցեմենտի արտադրության ոլորտին: Սա եւս ցանկության դեպքում երկակի բացատրության կարող է արժանանալ: Վերջին ոլորտն, ուր կտրուկ փոփոխություն է ենթադրվում, տրանսպորտի, ճանապարհային տնտեսության ու կապի ոլորտն է: Բայց այստեղ կառավարությունը կտրուկ անցնում է խնայողության: Այս տարվա համեմատությամբ: Բյուջետային միջոցների կրճատումը կազմելու է մոտ 15 մլրդ դրամ: 2006-ի 41,5 մլրդ դրամի փոխարեն հատկացվելու է 26,5 մլրդ: «ՀՀ 2007թ. պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիր» կոչվող փաստաթուղթը, որով մեր պատգամավորները կողմնորոշվեցին եւ քվեարկեցին նախագծի օգտին, ոչ մի հավելյալ բացատրություն չի պարունակում, թե որ ոլորտի հաշվին են կատարվելու այս խնայողությունները: Պետական բյուջեի ծավալների աճին զուգահեռ` մեր խորհրդարանը կորցնում է հետաքրքրությունն այն ամրագրող փաստաթղթի հանդեպ: Դա տարեցտարի ավելի ու ավելի նկատելի է դառնում: Հինգ-տասը տարի առաջ, երբ պետբյուջեն 2-5 անգամ փոքր էր, խորհրդարանական քննարկումներն ավելի բովանդակային էին: Հիմա ԱԺ-ն մեր երկրում մշակվող ու տարվող ֆինանսատնտեսական քաղաքականության հեղինակային իրավունքն ամբողջությամբ զիջել է կառավարությանն ու Կենտրոնական բանկին: Ինքն իրեն հեռացնելով այս ոլորտից` խորհրդարանը դարձել է բոլորի օրենսդրական նախաձեռնությունը դակող պարզունակ համակարգ: Մի օղակ` ում «դակած» օրենքներն իրար հետեւից սահմանադրությանը հակասող են հայտարարվում Սահմանադրական դատարանի կողմից: Բյուջեի մասին օրենքն այդպիսին չի կարող համարվել ի սկզբանե: Բայց դա ոչ մի կերպ չի նպաստի ԱԺ-ի անկյալ հեղինակությունը բարձրացնելուն: