Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բնական գազի համար սահմանեց նոր սակագներ: 2007թ. հունվարի 1-ից 1000 խմ դիմաց բնակիչները վճարելու են 84.000 դրամ նախկին 90.000 դրամի փոխարեն, իսկ խոշոր սպառողները՝ 153,26 դոլար նախկին 146,5 դոլարի փոխարեն:
Հիշեցնենք, որ գազի գինը վերջին անգամ բարձրացել էր այս գարնանը՝ մարտի 10-ին, երբ Ռուսաստանը կրկնակի թանկացրեց Հայաստանին վաճառվող գազը: Այս անգամ էլ «ՀայՌուսգազարդը» հանձնաժողովին առաջարկել էր բնակիչների համար գազի գինը թողնել անփոփոխ, խոշոր սպառողների համար բարձրացնել մինչեւ 172,8 դրամ: Իսկ հանձնաժողովի երեկվա որոշումն աննախադեպ էր այն առումով, որ բնակիչների համար գազը 6 դրամով էժանացրեց: Բայց սովորական էր այն առումով, որ հայտը բավարարեց մասնակիորեն՝ խոշոր սպառողների համար առաջարկած 26 դոլարի փոխարեն թանկացրեց 7 դոլարով: «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը մտադիր էր խոշոր սպառողների համար գազը թանկացնել, քանի որ դոլարի արժեզրկման շնորհիվ նրանք գերշահույթ են ստանում:
Օրեր առաջ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե կողմ է, որպեսզի գազի սակագներն իջեցնեն, որովհետեւ դոլարի արժեզրկման պատճառով ներկրողներն ու խոշոր սպառողները գերշահույթ են ստանում: Հանձնաժողովը նման դեպքերում իրավունք ունի իր համակարգման ոլորտում գտնվող ծառայությունների սակագները փոփոխել ոչ միայն մատուցողի առաջարկով, այլեւ սեփական նախաձեռնությամբ: 2006թ. մարտի 10-ին, երբ սահմանվեցին գազի սակագները, 1 դոլարն արժեր մոտ 470 դրամ: Այս ընթացքում արժեզրկվել է ավելի քան 100 դրամով կամ 21 տոկոսով, բայց հանձնաժողովը մինչեւ հիմա սեփական նախաձեռնություն չի ցուցաբերել: Նշենք, որ Տ. Սարգսյանից առաջ բազմաթիվ տնտեսագետներ, գործարարներ ու փորձագետներ այդ հարցը բազմիցս բարձրացրել էին: ԿԲ նախագահի հայտարարությունը միգուցե իշխանությունների կողմից ուղարկված «մեսիջ» էր, որին նաեւ միացավ «ՀայՌուսգազարդի» հայտը, եւ գազի սակագները փոփոխվեցին: Իսկ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե սակագները փոփոխվեցին միայն օպերատորի հայտի արդյունքում:
««ՀայՌուսգազարդի» հայտը ստանալուց երկու օր առաջ մենք արդեն սկսել էինք գազի սակագները վերանայելու գործընթացը,- ասաց պարոն Նազարյանը: -Հայտի ստանալուց հետո մեր աշխատանքները համատեղեցինք առաջարկությունների ուսումնասիրության հետ»:
Ճիշտ է, մարտի 10-ից գազը կրկնակի թանկացավ, բայց բաժանորդները շարունակում էին վճարել գրեթե նախկին չափով: Տարբերությունը վճարում էր ՀՀ կառավարությունը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վաճառքի 250 մլն դոլարից: 1000 խմ դիմաց բնակիչների համար սահմանված 90.000 դրամից 25.000-ը եւ խոշոր սպառողների համար սահմանված 146,5 դոլարից 52-ը վճարում է կառավարությունը: Արդյունքում բնակիչները վճարում էին 65.000 դրամ, խոշոր սպառողները՝ 94 դոլար: Դեռ հայտնի չէ, թե այս նոր սակագներից հետո կառավարությունը կպահպանի՞ սուբսիդավորման չափերը, թե՞ կփոփոխի: Եթե պահպանի, ապա բաժանորդները նոր սահմանված 1000 խմ դիմաց 84.000 դրամի փոխարեն կվճարեն 59.000 դրամ, խոշոր սպառողները՝ 153 դոլարի փոխարեն` 101 դոլար:
Իսկ Կարեն Կարապետյանը համաձայն չէ, որ դոլար-դրամ հարաբերության ընթացքում «ՀայՌուսգազարդը» գերշահույթ է ստացել: «Մենք դրամով գազ վաճառում ենք միայն բնակիչներին,- ասում է պարոն Կարապետյանը: -Մեր մատուցած գազի 77-78 տոկոսը դոլարով է վաճառվում: Փոխարժեքի տատանումից շահույթ ստանում ենք միայն դրամով վաճառած մասից: Իսկ այս տարիների ընթացքում գազիֆիկացման եւ սպասարկման համար անհրաժեշտ խողովակները կամ մնացած նյութերը շատ են թանկացել: Այնպես որ, մենք գերշահույթ չենք կարող ստանալ»:
Ընկերության տնօրենի խոսքով` «ՀայՌուսգազարդը» շահույթով սկսել է աշխատել 2003 թվականից: Իսկ հանձնաժողովը «ՀայՌուսգազարդին» թույլ է տվել 12 տոկոսի փոխարեն ստանալ 10 տոկոս շահույթ: Մինչդեռ կարծիք կա, որ գազ օգտագործող արտադրողները, մասնավորապես` ցեմենտի գործարանները, ունենում են 200-300 տոկոս շահութաբերություն: Անկախ այն հանգամանքից, թե դոլար-դրամ հարաբերությունը գերշահույթ բերո՞ւմ է «ՀայՌուսգազարդին», արդյոք արդա՞ր է, որ նրա 2 տոկոս շահույթի հաշվին, ասենք, ցեմենտ արտադրողները ստանան ահռելի չափով գերշահույթ: Հանձնաժողովն այս դեպքում ոչինչ անել չի կարող: Բայց եթե այսուհետ ցեմենտ արտադրողներն իրենց ապրանքը թանկացնեն՝ պատճառաբանելով, թե խոշոր սպառողների համար գազը թանկացել է, հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանը պատրաստ է կանգնել սպառողների կողքին ու պաշտպանել նրանց շահերը: «Որովհետեւ այս անգամ գազն էժանացել է բոլոր բաժանորդների համար,- ասում է պրն Նազարյանը: -Խոշոր սպառողների համար, ճիշտ է, դոլարով թանկացել է, բայց դրամային արտահայտությամբ էժանացել է»:
1000 խմ դիմաց նախկին 94 դոլարը հաշվարկվել է 420 դրամ փոխարժեքով: 2006թ. բյուջեի նախագծի հիմքում 1 դոլարն այդքան էր հաշվարկված: Եվ դրամի վերածվելով՝ 94 դոլարը դառնում է 39.480 դրամ: Բայց այս տարի դոլարն ավելի է արժեզրկվել, քան 420 դրամը, եւ պարզ է, որ խոշոր սպառողները նույնքան էլ գերշահույթ են ստացել: 2007-ի բյուջեի հիմքում 1 դոլարը հաշվարկված է 357 դրամով, եւ այս փոխարժեքով 101 դոլարը հավասարվում է 36.057 դրամի: Ստացվում է, որ խոշոր սպառողների համար դրամային արտահայտությամբ 1000 խմ դիմաց գազն էժանացել է մոտ 3400 դրամով կամ մոտ 9 դոլարով, իսկ այսօրվա կուրսով՝ մոտ 4000 դրամով կամ 10 դոլարով: Եթե կառավարությունը խոշոր սպառողների համար գազի դիմաց հատկացրած սուբսիդիան չկրճատի, ապա խոշոր սպառողների ստացած գերշահույթը գնալով կավելանա: Եթե հունվարի 1-ից 1000 խմ դիմաց այդ գերշահույթն ավելանա 10 դոլարով, ապա չի բացառվում, որ տարվա կեսին այն կհասնի 15 ու 20 դոլարի: Չէ՞ որ դոլարը շարունակում է արժեզրկվել: Իսկ մատակարարված գազի մոտ 80 տոկոսը սպառում են խոշոր սպառողները:
Ինչո՞ւ հանձնաժողովը գնաց սակագների էժանացման, երբ ամբողջ աշխարհում գազը թանկանում է: Արդյոք դա կապված չէ՞ 2007 եւ 2008թթ. ընտրությունների հետ: Ռոբերտ Նազարյանը համաձայն չէ այս կարծիքի հետ, որովհետեւ ինքը քաղաքական գործիչ չէ եւ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին: Արդյոք ՀՀ իշխանությունները գալիք ընտրությունների շեմին որոշել են չնեղացնե՞լ ընտրողներին եւ պայմանավորվածություն են ձեռք բերել գազն էժանացնել: Մանավանդ, որ բոլորովին վերջերս չբավարարվեց նաեւ հեռախոսային ծառայությունների թանկացման մասին «ԱրմենՏելի» ներկայացրած առաջարկը: Իսկ որքանո՞վ է ճիշտ, որ գազի դեպքում խոշոր սպառողների համար բյուջեն այդքան վնասներ կրի եւ գազի գին սուբսիդավորի: Միեւնույն է, 2 տարի հետո Ռուսաստանը գազը կրկին կթանկացնի, եւ այդ անգամ մեր իշխանությունները միջոցներ չեն գտնի մեղմելու համար: Կստացվի, որ վերջնական արդյունքում սպառողը կսկսի եռակի, քառակի անգամ ավելի շատ վճարել: Եվ այդ փոփոխությունը կտրուկ կլինի: Նման պայմաններում իրենց արտադրությունը էժան գազով կազմակերպողներից շատերը չեն հարմարվի նոր գներին, ու ճգնաժամն այն ժամանակ կխորանա: Այդ կտրուկ փոփոխությանը չդիմանալով՝ թերեւս կփակվեն շատ արտադրություններ: Մի խոսքով, հանգամանքներն այնպես են դասավորվել, որ այս պահի էժան գազի համար լիարժեք չենք կարող ուրախանալ: