Կարեւորը՝ «դուխով»

10/12/2006 Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Որքան մոտենում են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, այնքան որոշ մոռացված քաղաքական ուժեր սկսում են ավելի ինտենսիվ կերպով հիշեցնել իրենց մասին։ Այս առումով բացառություն չէ նաեւ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս՝ «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ եւ Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Երեւի կարիք չկա նշելու, որ ընտրազանգվածին դուր գալու համար հարկավոր է ընդունել ընդդիմադիր կեցվածք։ Արմեն Դարբինյանն իր PR-ի համար, ըստ երեւույթին, ընտրել է հենց այդ տարբերակը. նոյեմբերի ընթացքում նա պարբերաբար հանդես է գալիս տարբեր հարցերի շուրջ իր մեկնաբանություններով, որոնք դեմ են իշխանական տեսակետին։ Սակայն, եթե ուշադրություն դարձնեք, ապա դրանք «թեթեւի մեջ» քննադատություններ են։ Այսինքն, միգուցե հայտարարությունը գրված է պաթոսով եւ զգացմունքայնությամբ, սակայն երկրորդական, երրորդական տիպի հարցերի շուրջ է։

Օրինակ, նոյեմբերի 14-ին պրն Դարբինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատում է օրենսդրական այն փոփոխությունը, որով հարկային եւ մաքսային համակարգերի աշխատակիցներին թույլատրվում է զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ անդամակցել կուսակցություններին։ «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը դա համարում է ուղղակի հարված՝ «Հայաստանի` առանց այն էլ փխրուն քաղաքական համակարգին»: «Դրանով իսկ իշխանական կուսակցությունները, եւ առաջին հերթին` Հանրապետական կուսակցությունը, լրացուցիչ հզոր ուղղահայաց պետական բռունցք են ձեռք բերում իրենց քաղաքական հակառակորդներին պետության ուժով հուժկու հարված հասցնելու համար: Անթույլատրելի է օգտագործել պետական լծակները քաղաքական պայքարում, եթե, իհարկե, վերոհիշյալ կուսակցությունները մտադրված են իրապես քաղաքական պայքար մղելու: Իրավիճակի նման զարգացումները, սակայն, ապացուցում են, որ նման մտադրություն չկա, եւ գործի են դրվելու բոլոր հնարավոր միջոցները` ներառյալ լայնածավալ պետական ճնշումները` սեփական իշխանությունը վերարտադրելու նպատակով: Պետք է հիշեցնեմ մեր իշխանավոր կոլեգաներին, որ պետական լծակները եւ պետական հզորությունը պետք է օգտագործել բոլորովին այլ` ժողովրդի կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակով, եւ հենց իրենք են կոչված դա անելու»,- ասված է հայտարարության մեջ։

Մի կողմ դնենք այն, թե հնչող մտահոգությունը որքանով է արդարացված։ Հիշեցնենք, որ «168 Ժամ» թերթն առաջիններից մեկն արձագանքեց այդ օրենսդրական նախաձեռնությանը։ Իսկ օրենսդրական փոփոխություն կատարելու պաշտոնական հիմնավորումը հետեւյալն էր՝ փոփոխված Սահմանադրությունը հարկային եւ մաքսային ծառայությունների աշխատակիցներին չի արգելում անդամակցել կուսակցական եւ կրոնական միավորումների։ Իսկ օրենքները, ինչպես գիտեք, չպետք է հակասեն Սահմանադրությանը, դրանք պետք է համապատասխանեցվեն, որի համար էլ առաջարկվում է օրենքների մեջ փոփոխություններ կատարել։

Ահա այստեղից էլ պետք է սկսել։ Եթե որեւէ քաղաքական ուժ պաշտպանել է Սահմանադրական փոփոխությունները, ապա, կամա թե ակամա, պաշտպանել է նաեւ այս տիպի օրինագծերի ընդունումը։

Այնպես որ, բնական հարց է առաջանում՝ ի՞նչ դիրքորոշում է ունեցել «Արժանապատիվ ապագան» Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ։ Այդ հարցի պատասխանը կարող ենք ստանալ մեկ տարի առաջ կուսակցության տարածած հայտարարությունից։

Հաշվի առնելով նախագծի որոշ դրույթների «բացահայտ առաջադիմությունը՝ գործող Սահմանադրության դրույթների համեմատ»՝ «Արժանապատիվ ապագա» կուսակցության խորհուրդը որոշել է «Դրական դիրքորոշում հաստատել «ՀՀ Սահմանադրական փոփոխությունների մասին» ներկայացվող նախագծի վերաբերյալ» (մեջբերում հայտարարությունից)։

Իսկ որպես բացահայտ առաջադիմություն` նշվել են, օրինակ, հետեւյալ դրույթները՝ երկքաղաքացիության հնարավորությունը եւ «մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների ամրագրումը, դրանց՝ իրավաբանական անձանց վրա տարածումը»։

Կարելի էր կարծել, թե կուսակցությունում մարդու իրավունքներին վերաբերող մասն այնքան էլ ուշադիր չեն կարդացել, քանզի հենց այդ գլխի 28-րդ հոդվածում է նշվում այն կառույցների ցանկը, որոնց աշխատակիցները կուսակցություններին աշխատակցելու իրավունք չունեն։ Դրանք են՝ Զինված ուժեր, Ոստիկանություն, Ազգային անվտանգություն, Դատախազություն, դատավորներ եւ Սահմանադրական դատարանի անդամներ։ Ինչպես տեսնում եք, հարկային եւ մաքսային մարմիններն այստեղ չկան։ Սա այն ժամանակ երեւի վրիպել է պրն Դարբինյանի եւ իր կուսակիցների աչքից։ Փոխարենը` նույն նախադասության մեջ նշված «զինված ուժերը» բառից այնպես են տպավորվել, որ մեկ տարի առաջ տարածած հայտարարության մեջ տեղ է գտել այս նախադասությունը. «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը հանրության ուշադրությունն է հրավիրում հատկապես նախագծի մեջ տեղ գտած ՀՀ զինված ուժերի՝ քաղաքական հարցերում չեզոքության պահանջին…»։

Ստացվում է՝ այն ժամանակ կողմ էին, բայց չգիտեին, թե ինչին էին կողմ։ Մինչդեռ կուսակցության անունը ենթադրում է, որ ապագայի համար կանխատեսումներ անելուն այստեղ շատ լուրջ պետք է վերաբերվեն:

Արմեն Դարբինյանի վերջին հայտարարությունը (նոյեմբերի 28-ին) վերաբերում էր «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովի հրաժարականին։ Նախկին վարչապետը գոհ է այդ իրադարձությամբ, որովհետեւ «հենց Ռյազանովն է թույլ տվել իրեն բավական հանդուգն եւ ցինիկ կերպով արհամարհել Հայաստանի շահերը՝ իրանական գազի տրանզիտի հետ կապված՝ Երեւանում հայտարարելով՝ «դա չի կարող լինել, որովհետեւ չի կարող լինել երբեք»։ Իր խոսքում Ա. Դարբինյանը համոզմունք է արտահայտել, որ «դա անպայման կլինի», ինչպես նաեւ հույս հայտնել, որ «Գազպրոմի» ղեկավարությունը պատասխանատու անձանց նշանակման հարցում այսուհետ ավելի շրջահայաց կգտնվի։ «Այն, ինչ շահավետ է «Գազպրոմին, շահավետ է եւ Ռուսաստանին» բանաձեւը, Ա. Դարբինյանի կարծիքով, ոչ միշտ է ճիշտ։

Նախկին վարչապետի հետ այս հարցում դժվար է չհամաձայնել։ Ուշագրավն այն է, որ պրն Դարբինյանի կարծիքները ներկայացնում է Ռուս-Հայկական համալսարանի մամուլի ծառայությունը, որը երեւի միաժամանակ ծառայում է որպես «Արժանապատիվ ապագայի» լրատվական կառույց։ Ինչեւէ, սա մանրուք է։

Առավել ուշագրավ է այն, որ Արմեն Դարբինյանը Ռյազանովի «անհաջող» լինելու մասին բացեիբաց հայտարարում է միայն նրա հրաժարականից հետո։ «Առավոտ» թերթի այն հարցին, թե ինչո՞ւ է պրն Դարբինյանը միայն հիմա որոշել պատռել Ռյազանովի դիմակը, նախկին վարչապետը տվել է շատ հետաքրքիր պատասխան. «… այդ մասին բարձրաձայնել եմ հիմա, որովհետեւ նոր են այդ մարդուն գործից հանել։ Մեր երկրի պաշտոնյաները դուխ չունեն, որ այդ մասին ասեն, ես ունեմ»։

Նախկին վարչապետը նշել է նաեւ, որ ինքը նախկինում էլ հակագազպրոմային հայտարարություններ է արել։ Սակայն վերջաբանն ուղղակի ցնցող է՝ «…հուսով եմ՝ այս հայտարարության համար Ռուսաստանում էլ ինձ կհասկանան ու կներեն»։

Որքան գիտենք, ներում են գործած սխալների համար։ Իսկ եթե մարդը նախապես ներողամտություն է հայցում, դա նշանակում է մի բան՝ ընդունում է իր մեղքը։ Տվյալ դեպքում Արմեն Դարբինյանի արածը թեթեւ չարաճճիության նման մի բան է՝ պաշտոնանկ արված մարդուն քննադատելու համար առանձնապես մեծ «դուխ» չի պահանջվում։ Մանավանդ որ, շատ հարցերում (ասենք՝ նույն գազամուղի տրամագծի հարցում) շատ ավելի տրամաբանական կլիներ քննադատել ՀՀ իշխանությունների կամազուրկ կեցվածքը, քան «Գազպրոմին»։ Իսկ ներված լինելն Ա. Դարբինյանի համար կարեւոր է այնքանով, որ նա Ռուս-հայկական համալսարանի ռեկտորն է, որը զգալի ֆինանսավորում է ստանում ՌԴ բյուջեից։ Չներելու դեպքում, շատ հնարավոր է՝ «ռեկտոր» բառի դիմաց էլ ավելանա «նախկին» բառը։ Իսկ այդ դեպքում պարզ է, որ ՌՀՀ մամուլի ծառայությունը կդադարի աշխատել նաեւ «Արժանապատիվ ապագայի» եւ անձամբ Ա. Դարբինյանի համար, եւ տարբեր հարցերով մեկնաբանություններ չի խնդրի ու տարածի ԶԼՄ-ներին։ Մի խոսքով, նախընտրական քարոզարշավի ծախսերը կմեծանան։ Լինելով լավ տնտեսագետ, պրն Դարբինյանը, պարզ է, որ դրան ամենեւին էլ կողմ չէ։

Դժվար է ասել՝ առաջիկա մի քանի ամիսներին եւ հատկապես խորհրդարանական ընտրությունների շեմին ՀՀ նախկին վարչապետը որքան «դուխով» հանդես կգա եւ որքան սուր կքննադատի իշխանություններին։ Իսկ առայժմ Արմեն Դարբինյանը բնակչության հիշողության մեջ տպավորված է որպես երիտասարդ, բայց «արհեստավարժ» տնտեսագետ, որի գլխավոր ձեռքբերումն «արհեստավարժ» բառի ներմուծումն էր Հայաստանի քաղաքական-տնտեսական կյանք։