Ժողովրդավարություն են ուզում տարածել

10/12/2006

Երեկ Հայաստան է այցելել Ազգային դեմոկրատական ինստիտուտի (ԱԴԻ) նախագահ Քենեթ Վոլաքը: Երեւանում նա հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննության առնելու ու ներկայացնելու ԱԴԻ-ի գործողությունները եւ ծրագրերը, որոնց նպատակն է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն, Քենեթ Վոլաքն ասել է, որ ԱԴԻ-ն համագործակցում է Հայաստանի մի շարք կուսակցությունների եւ քաղաքացիական խմբերի հետ` աջակցելու ամերիկյան կառավարության ընտրական աջակցության ռազմավարական ծրագրին: ՀՀ կառավարության հետ համատեղ մշակված այս ռազմավարական ծրագրի նպատակն է նպաստել հաստատությունների զարգացմանը Հայաստանում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախաշեմին: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի կողմից ղեկավարվող ԱԴԻ-ն շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը նպատակ ունի աշխարհով մեկ ամրապնդել եւ տարածել ժողովրդավարությունը: