Օգտակար հանդիպում

08/12/2006

Լոնդոնում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին օգտակար է որակել նախօրեին Մինսկում կայացած հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք հնարավորություն ունեցանք Ռուսաստանի նախագահի հետ դիտարկել վրաց-ռուսական հարաբերությունների բոլոր հիմնական հարցերը եւ խնդիրները»,- ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի` ասել է Վրաստանի նախագահը: «Կովկասպրեսի» փոխանցմամբ էլ՝ Վրաստանի նախագահն ընդգծել է, որ վրաց-ռուսական հարաբերությունները հասել են մի կետի, երբ դրանց հետագա վատթարացումը չի բխում կողմերից եւ ոչ մեկի շահերից: Սահակաշվիլին նշել է, որ հանդիպումը կայացավ վրացական կողմի նախաձեռնությամբ, եւ հավելել, որ Վրաստանը պատրաստ է հետագայում եւս հանդես գալ նման նախաձեռնություններով՝ ապահովելու համար շարունակական երկխոսությունը Ռուսաստանի հետ: «Նման հանդիպումներ պետք է անցկացվեն նաեւ հետագայում, սակայն դրանք պետք է հիմնված լինեն, առաջին հերթին, Վրաստանի շահերի, այլ ոչ թե Ռուսաստանի շահերի եւ ծրագրերի վրա»,- հայտարարել է նա: