Հայ փախստականները չեն վերադառնա

08/12/2006

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը մի քանի անգամ առիթ ունեցել է հիշեցնելու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ընթացող բանակցային գործընթացի մասնակիցներին եւ Մինսկի խմբի համանախագահներին այն մասին, որ առանց Ադրբեջանական ԽՍՀ-ից ու Նախիջեւանից բռնագաղթած հայ փախստականների խնդիրը բանակցությունների օրակարգում ընդգրկելու հնարավոր չի լինի հասնել կայուն ու երկարաժամկետ խաղաղության: Բոլորի համար պետք է պարզ լինի, որ հայ փախստականները չեն վերադառնա ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող որեւէ տարածք, քանզի նրանց կյանքին այնտեղ վտանգ է սպառնում, իսկ հայատյացությունը Ադրբեջանում գնալով ավելի է խորանում: Սա չի նշանակում, որ հայ փախստականները կհրաժարվեն իրենց օրինական շահերը պաշտպանելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն վերաբնակվել նախկին Խորհրդային Ադրբեջանի այն տարածքներում, որոնք ներկայումս գտնվում են ԼՂՀ իրավատիրույթում: Քանի որ ադրբեջանական իշխանությունները հրաժարվում են խոսել բռնագաղթած հայության իրավունքների մասին, իսկ նրա օրինական պահանջները լռության մատնում, այլ բան չի մնում անելու, քան սեփական հայեցողությամբ լուծելու խնդիրը: Ուստի մենք հայտարարում ենք, որ հայ փախստականները իրավունք ունեն վերաբնակվել նախկին Աղդամում ու Ֆիզուլիում, Քաշաթաղում ու Քարվաճառում, ներկայիս անվտանգության գոտի կոչված ողջ տարածքում: Փախստականների այս իրավունքին պիտի սատար կանգնեն բոլոր մակարդակների հայկական իշխանությունները. դա նրանց պարտքն է»: