Վերջին տարիներին Երեւանի երկու պետական թատրոնների՝ Երաժշտական կամերային թատրոնի եւ Երիտասարդական Փորձարարական թատրոնի՝ «Փոսի», աշխատանքը գրեթե կանգ է առել, իսկ թատրոնների հետագա ճակատագիրն ինքնահոսի է թողնվել։ Թատրոններում առկա բազմաթիվ իրար միահյուսված խնդիրները զուտ արվեստի ոլորտից տեղափոխվել են մի քանի անձնավորության հավակնությունների բախման դաշտ։
Երաժշտական կամերային թատրոնի խնդիրները ջրի երես ելան այն ժամանակ, երբ թատրոնում նոր տնօրեն նշանակվեց։ Մինչ այդ, թատրոնը կարծես խորը եւ հանգիստ նիրհում էր՝ աշխատելով այնպես, ինչպես … աշխատում էր եւ ոչ մի բանով չէր զարմացնում հանդիսատեսին։ Թատրոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը նոր տնօրենի՝ Լեւոն Աբրահամյանի նշանակման առաջին իսկ օրվանից հայտարարեց, որ չի կարող «ընդհանուր լեզու» գտնել նրա հետ, ինչի արդյունքում «սառեցվեցին» նոր բեմադրություններն, ու մթնոլորտը սկսեց շիկանալ։ Թատրոնը երկու բանակի կիսվեց, եւ յուրաքանչյուր պատեհ ու անպատեհ առիթն օգտագործելով, թատրոնի առաջին դեմքերը սկսեցին միմյանց հասցեին մեղադրանքներ ու սպառնալիքներ թափել։ Երկար ձգված այս անառողջ կոնֆլիկտը վերացնելու համար վերին ատյանների միջամտություն էր հարկավոր, քանի որ կողմերից եւ ոչ մեկը չէր շտապում ինքնակամ հրաժարվել իր պաշտոնից։ Տնօրենը թեեւ սպառնում էր աշխատանքից ազատել գեղարվեստական ղեկավարին (ինչի իրավունքն ուներ), սակայն հապաղում էր նման կտրուկ որոշում կայացնել, փոխարենը խիստ նախազգուշացումներ էր անում, ինչը, ըստ Ա. Մելիքսեթյանի՝ չէր նպաստում ստեղծագործ աշխատանքին։ Տնօրենն այս կոնֆլիկտում իրեն շատ վստահ էր պահում՝ համոզված լինելով, որ իր պրոդյուսերական ջիղն ու «վերեւներում» ունեցած անձնական ու բարեկամական կապերն ավելի մեծ կշիռ ունեն, քան գեղարվեստական ղեկավարի ունակությունները։ Իսկ գեղարվեստական ղեկավարը հրաժարվում էր նման պայմաններում աշխատել եւ զոհաբերել սեփական արժանապատվությունը։ Թատրոնն առեւտրային ձեռնարկություն չէ, սակայն այն անմիջական կախում ունի ֆինանսական հոսքերից։ Պետք է հաշվի առնել նաեւ թատրոնի արտադրանքի՝ ներկայացումների շահավետությունը։ Լավ թատրոնը կարող է նաեւ շահույթ բերել, եթե, իհարկե, կարողանում է տոմսեր վաճառել ու հանդիսատես պահել։ Իսկ Երաժշտական կամերային թատրոնը՝ հայտնվելով անձերի բախման փակուղում, չէր կարողանում գոնե մի քանի քայլ առաջ գնալ ու, հաշվարկներ անել։ Ամիսներով թատրոնում ոչինչ չէր ցուցադրվում, թեեւ եւ՛ թատրոնի որդեգրած օրիգինալ ժանրի, եւ՛ երիտասարդական կազմի շնորհիվ այն կարող էր իր հանդիսատեսն ունենալ եւ մյուզիքլի ժանրը զարգացնել։ Թատրոնի խճճված խնդիրները հանգուցալուծելու եւ, վերջիվերջո, թատրոնը քայքայումից փրկելու համար ՀՀ Մշակույթի նախարարությունն ուղիներ չէր տեսնում, վերջին երկու նախարարները չէին համարձակվում պաշտպանել կողմերից որեւէ մեկին։ Սակայն աշխարհի երեսին անվերջ կոնֆլիկտներ գոյություն ունենալ չեն կարող, վաղ թե ուշ դրանք լուծվում են։ Եթե ոչ դիվանագիտական մոտեցմամբ, ապա՝ մեկ հարվածով, Գորդյան հանգույցի նման։ Հիմա արդեն հստակ է, որ Երաժշտական կոմեդիայի թատրոնի կոնֆլիկտը մոտ է վերջնակետին, քանի որ ասպարեզից դուրս են հանվել իրար չհանդուրժող երկու գլխավոր գործող անձինք։ Երկու օր առաջ տնօրենը հեռացրեց գեղարվեստական ղեկավարին, իսկ երեկ Մշակույթի նախարարությունը ստորագրեց նաեւ տնօրենին աշխատանքից հեռացնելու հրամանը։ Հենց այսպես միանգամից «գլխատվեց» թատրոնի ղեկավարությունը։ Դա բավականին համարձակ ու շրջադարձային քայլ է, եթե հաշվի առնենք Լ. Աբրահամյանի կնոջ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բարեկամական կապերն ու Լ. Աբրահամյանի՝ թատրոնն իբրեւ իր սեփականությունը համարելու մոտեցումը։ Թատրոնը վաղուց արդեն «կռվախնձորի» էր նմանվել, իսկ հիմա այդ «կռվախնձորը» երկու հավակնորդների համար այլեւս անհաս է։ Թատրոնի հետագա ճակատագիրը բավականին մշուշոտ է, բայց այդ մշուշը կարող է միայն օգուտ տալ թատրոնին, քանի որ այդ դադարն ուժերի վերադասավորում է խոստանում։ Համենայնդեպս, եղած ուժերի դասավորմամբ, թատրոնը երկար դիմանալ չէր կարող։
«Փոսն» իր համար փոս փորեց
«Փոսի» թատրոնի «շենքային» պատերազմներն ու բազմաչարչար դեգերումներն ուղղակիորեն կոտրեցին այդ շատ հետաքրքիր ու նորարար թատրոնի ողնաշարը։ Այն թատրոնի, որը հենց իր ուրույն՝ «փոսային», հարմարավետ բեմն էր ստեղծել ու թատրոնի դռներն էր բացել երիտասարդ հանդիսատեսի ու երիտասարդ ստեղծագործողների համար։ Սակայն այդ ամենը վաղուց արդեն անցյալում է։ Երկու տարի առաջ, երբ որոշվեց թատրոնը ոտքի կանգնեցնել, պարզվեց, որ թատրոնում միայն չորս դերասան է մնացել, չորս կիսասարք լուսարձակ եւ… ուրիշ ոչինչ։ Նաեւ մնացել էր թատրոնի անունն ու պետական կարգավիճակը։ Թատրոն եկան նոր տնօրենը եւ նոր գեղարվեստական ղեկավարը, վարձակալվեց Գրողների միության շենքի դահլիճը, եւ սկսվեցին խաղացանկ ստեղծելու աշխատանքները։ Մի քանի ներկայացում բեմադրելուց հետո թատրոնի տնօրեն Էդիկ Հակոբյանն ու գեղարվեստական ղեկավար Սաթենիկ Մաթեւոսյանը լուրջ ընդհարումներ ունեցան։ Կոնֆլիկտի պատճառը միայն անձնական անհանդուրժողականությունը չէր, ըստ գեղարվեստական ղեկավարի՝ տնօրենը պատահական մարդ է թատրոնում, ով չէր զբաղվում կազմակերպչական հարցերով, վերակենդանացած ու կարծես թե հունի մեջ մտնող թատրոնի ներկայացումները չէր կարող գովազդել, նույնիսկ աֆիշների պատրաստումն էր ավելորդ շքեղություն համարում։ Տնօրենը հաճախ ինքնակամ որոշումներ էր կայացնում, կարող էր ներկայացումից մի քանի ժամ առաջ գլխավոր դերակատարներին աշխատանքից ազատել։ Լարված իրավիճակը սրում էր կոնֆլիկտին միացած երրորդ ֆիգուրը՝ թատրոնում հաստիքով աշխատող ռեժիսոր Աիդա Սարգսյանը։ Ընդ որում, երկու կին ռեժիսորները համակուրսեցիներ են եղել եւ թերեւս թատրոն են եկել վաղուց չլուծված խնդիրների բեռով։ Ս. Մաթեւոսյանը մեղադրում է Ա. Սարգսյանին, ասում, որ նա կես տարի թատրոն ոտք չի դրել, իսկ Է. Հակոբյանը մեղադրում է Ս. Մաթեւոսյանին նրանում, որ նա բոյկոտում է թատրոնի աշխատանքները։ Եթե Երաժշտական կամերային թատրոնում կոնֆլիկտը երկու անձանց միջեւ էր, ապա «Փոսում» միանգամից երեք անձի բախում է ստեղծվել։ Արդյունքում` գեղարվեստական ղեկավարն ու չորս դերասաններն այլեւս թատրոնում չեն աշխատում։ Ըստ ՀՀ Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի՝ Երիտասարդական փորձարարական թատրոնի գեղարվեստական ղեկավարը հեռացվել է արդարացի, քանի որ նա չի արդարացրել թատրոնի «երիտասարդականության» պահանջն ու թատրոնի խաղացանկում ընդգրկել է միայն սեփական բեմադրությունները։ «Թատրոնում փորձարարական շարժում չկար։ Իսկ Սաթենիկ Մաթեւոսյանի հինգ բեմադրություններից եւ ոչ մեկը թատերական երեւույթ չդարձավ»,- ասաց տիկին փոխնախարարը։ Այդ մտքի հետ համաձայն չէ Ս. Մաթեւոսյանը, ով պնդում է, որ թատրոնների աշխատանքը համակարգող փոխնախարարը չի տեսել իր բոլոր բեմադրությունները եւ թատրոնի աշխատանքի մասին լիարժեք պատկերացում կազմելու իրավունք չունի։ «Իսկ ուրիշ ռեժիսորներ հրավիրելու համար ես գումար չունեի, ոչ ոք չէր համաձայնվում անվճար աշխատել։ Ես իմ աշխատանքի համար բեմադրավճար չեմ ստացել, քանի որ ցանկացել եմ թատրոնը ոտքի կանգնեցնել»,- ասաց նա։ Ս. Մաթեւոսյանը փաստաթղթեր է հավաքել՝ ապացուցելու համար, որ թատրոնի տնօրենը յուրացնում է պետական փողերը՝ աշխատանքի ընդունելով մարդկանց, որոնք թատրոնում երբեւիցե չեն հայտնվել, մինչդեռ թատրոնը չուներ ոչ դիմահարդար, ոչ բեմի բանվոր։ Այս տարի ամռանը թատրոնում ստուգումներ անցկացվեցին, որոնց արդյունքների մասին տեղեկացանք Կ. Խոդիկյանից. «Նյութական, ֆինանսական խնդիրներ եւ չարաշահումներ չկան»,- ասաց նա։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը այդ ստուգումների եզրակացությունը հիմնավոր չի համարում. «Ինչպե՞ս չկան խախտումներ, եթե հաստիքով մեզ մոտ տոմսավաճառ կա, ում մենք երբեք չենք տեսել»։ Ս. Մաթեւոսյանն իր հեռացման մասին տեղեկացնող ոչ միայն մեկ, այլ՝ միանգամից երկու հրաման ունի։ Թատրոնն այժմ թերի վիճակում է, թեեւ Մշակույթի փոխնախարարը պնդում է, որ ամեն ինչ կարգին է, այնուամենայնիվ, ամեն ինչ կարգին չէ։ Ամենամտահոգիչն այն է, որ թատրոնը կոնցեպցիա չունի։ Էքսպերիմենտալ կոչվելու համար նախ պետք է հասկանալ, ի՞նչ է այդ էքսպերիմենտը։ Եվ ինչպե՞ս այն կարելի է ներկայացնել նիստերի դահլիճում, որը շատ հեռու է թատերական բեմ հասկացողությունից։ Թատրոնը «Փոս» կոչելով, մենք ավելի հստակ նպատակներ ունեցող թատրոն ենք պատկերացնում, որը որոշ իմաստով ընդհատակում է ծնվում, բայց հիմա այդ «փոսը» բարձր բեմում է եւ նման է ճառ ասելու վայրին։ Այդպիսի պայմաններում էքսպերիմենտն արդեն սոցռեալիզմ է դառնում։ Արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը մեր օրերին շատ հարմար ու դիպուկ արտահայտություն ունի, ասում է, որ մենք «գավառական մոդեռնիզմ» ենք ստեղծում։ Եվ այդ մոդեռնիզմը ոչ իսկական մոդեռնիզմ է, ոչ էլ՝ իսկական գավառ։
Երկու գլուխ, մեկ նպատակ
Ստացվել է այնպես, որ թատրոնի կազմակերպչական եւ էսթետիկական խնդիրները դժվար են համատեղվում մի բեմի ու կայուն թատերախմբի պայմաններում։ Իսկ երկու գլուխ ունեցող թատրոններն ավելի շատ խնդիրներ են ունենում, քան պետք է։ Տնօրեն-գեղարվեստական ղեկավար բախումներն անխուսափելի են, քանի որ այդ երկու պաշտոններում էլ հայտնվող մարդիկ լավ չեն պատկերացնում իրենց ֆունկցիաները։ Գեղարվեստական ղեկավարները, սովորաբար, միանձնյա են բեմադրում եւ բեմադրելու հնարավորություն չեն տալիս ուրիշ բեմադրիչներին, նույնիսկ այն դեպքում, երբ «օտար» ներկայացումների գեղագիտությունը լիովին համապատասխանում է թատրոնի գեղարվեստական խնդիրներին, եւ կարող են «դրամարկղային» դառնալ։ Իսկ տնօրեններն էլ սկսում են իրենց թատրոնի տերը համարել եւ հարմար առիթն ու «հարմար գումարն» օգտագործելով` սկսում են իրենք բեմադրել։ Այդպես արեց «Փոսի» թատրոնի տնօրենը, ով Եղեռնի հիշատակին նվիրված անհրապույր ու պրիմիտիվ մեկժամյա ներկայացում բեմադրեց, որի ֆինանսավորումն, ի դեպ՝ մենք բոլորս ապահովեցինք, քանի որ այն ֆինանսավորվեց պետական բյուջեից։ Եվ այդ բեմադրությունը մշակույթի փոխնախարարի կողմից առարկության չարժանացավ ու համարվեց ավելի նորարար ու թարմ, քան գեղարվեստական ղեկավարի բեմադրությունները, որոնք նա չի տեսել կամ գուցե դրանցից մեկը տեսել է։ Տնօրենը կազմակերպիչ պետք է լինի, իսկ ավելի ճիշտ՝ նա պետք է ոչ թե տնօրինի, այլ՝ պրոդյուսերական աշխատանք կատարի, գումար հայթայթի, լավագույններին հրավիրի, գովազդ անի ու ողջ կոլեկտիվի աշխատանքի «պտուղները» հեռանկար ունեցող բեմադրություններում ներդնի։ Եվ պատասխան տա իր տապալումների համար, այլ ոչ թե՝ մեղքը գցի աշխատավայր չներկայացող գեղարվեստական ղեկավարի վրա ու սարսափեցնի նրան՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքով։ Իսկ հիմա մեր պրոդյուսերական դպրոցը դեռ կայացման փուլում է գտնվում, թատրոնների տնօրենները մտածում են միայն արագ գումար աշխատելու մասին։ Քիչ թե շատ հայտնի պրոդյուսերները, սովորաբար, մեկ կամ երկու անտրեպրիզային ներկայացումներ են պլանավորում, քանի որ մի քանի քայլ ավելի հաշվարկելու համար նրանց երաշխիքներ եւ մաքուր հարաբերություններ են հարկավոր։ Խոսքը եւ՛ մարդկային, եւ՛ ֆինանսական հարաբերությունների մասին է, ոչ թե՝ «մեջքերի», «կռիշաների» ու գերատեսչական հովանավորների։ Երեւանի երկու փոքր թատրոններում ծագած կոնֆլիկտները շատ խորհրդանշական դարձան մեր բոլոր թատրոնների համար։ Ստացվում է, որ որոշակի շարժ, թեկուզեւ՝ բացասական շարժ ապահովելու համար շատ բան պետք չէ, պետք է միայն սասանել թատրոնների «գլխավորների» աթոռը։ «Հսկա» թատրոններում ոչ պակաս լարված մթնոլորտ ու հավակնությունների բազմաշերտ բուրգեր են գոյացել, սակայն տասնամյակներ շարունակ թատրոնների ղեկին կանգնած գեղարվեստական ղեկավարներն արդեն սովոր են, որ «աղբը տնից դուրս հանել» հարկավոր չէ։ Բայց եթե հանկարծ մի օր, ասենք, մեր Մայր թատրոնում վերափոխումներ անելու ձգտող ու դրա հնարավորություններն ունեցող տնօրեն նշանակվի ու աշխատանքից ազատի իր բարեփոխումներին խոչընդոտող Սունդուկյանի անվան թատրոնի «գլխավորին», ապա շատ ավելի մեծ աղմուկ ու ցասման ալիք կբարձրանա, քան այն ալիքը, որը բարձրացել է «Փոսի» եւ Երաժշտական կամերային թատրոններում։ Իսկ ալիք բարձրացնել պետք է։ Բոլոր ալիքներն են որոշ ժամանակ հետո հանդարտվում, բայց իրենց հետ նաեւ մաքուր օդ ու նոր հովեր են բերում։ Իսկ հետո արդեն գուցե կգան պրոդյուսերները, որոնք այդ օդը փողի ու հեղինակության կվերածեն։