Նոյեմբերի 21-ին Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը, Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը, Պլեսի-Ռոբինսոնի տեխնիկական ծառայությունների գծով փոխքաղաքապետ Բենուա Բլոն եւ միջհամայնքային համագործակցության գծով փոխքաղաքապետ Կորին Դյուգերը Պլեսի-Ռոբինսոնում մասնակցեցին այդ քաղաքի կողմից Արաբկիր համայնքին աղբատար եւ ձնահավաք երկու մեքենաների նվիրատվության արարողությանը: Վերջինիս մասնակցում էր նաեւ հասարակական աշխատանքներով զբաղվող «SEGEX» ընկերության տեխնիկական տնօրենը: Մեքենաները ձեռք են բերվել հենց այս ընկերության կողմից: Դեկտեմբերին դրանք կհասնեն Արաբկիր եւ անմիջապես կմասնակցեն համայնքի սանիտարական աշխատանքներին: Մեքենաների նվիրատվությունը Պլեսի-Ռոբինսոն քաղաքի եւ Արաբկիր համայնքի համագործակցության առաջին քայլն էր: Այս երկու համայնքների միջեւ բարեկամական կապերը հաստատվել են դեռ 2004թ., երբ Պլեսի-Ռոբինսոնի պուրակներից մեկում կանգնեցվել է Զորավար Անդրանիկի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը: Շուրջ 22.000 բնակչություն ունեցող ֆրանսիական այս փոքր քաղաքում ապրում է 50 հայ ընտանիք՝ մոտ 220 հայ, եւ Զորավարի հուշարձանի բացումը նպատակ է հետապնդել ամրապնդել կապերը տեղի հայ համայնքի հետ: Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Նիկոլա Սարկոզիի գաղափարակից Ֆիլիպ Պեմեզեկի գլխավորած պատվիրակությունն այս տարվա ապրիլին Արաբկիրի թաղապետի հրավերով ժամանել էր Երեւան: Ապրիլի 26-ին երկու համայնքների ղեկավարները վաղօրոք կնքած հուշագրի հիման վրա (Արաբկիրն ու Պլեսի-Ռոբինսոնը «քույր» համայնքներ են) Երեւանում գործնական պայմանագիր են ստորագրել՝ դրանով սկիզբ դնելով երկու համայնքների տնտեսական, մշակութային, կրթական, տեխնիկական համագործակցությանը: Այդ ժամանակ Ֆ. Պեմեզեկն Արաբկիրին խոստացել էր աջակցել ինչպես աղբահանության գործում, այնպես էլ համայնքի կանաչապատման համար համապատասխան մասնագետների գործուղման եւ հայ մասնագետներին վերապատրաստելու հարցում. Պլեսի-Ռոբինսոնը կանաչապատման առումով, արդեն մի քանի տարի է՝ համարվում է Ֆրանսիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Ֆ. Պեմեզեկի հրավերով հոկտեմբերին Պլեսի-Ռոբինսոն մեկնեց Արաբկիրի թաղապետարանի պատվիրակությունը՝ Հովհ. Շահինյանի գլխավորությամբ: Ծանոթանալով երկու համայնքներին՝ համայնքի ղեկավարները հստակեցրին առաջիկա համագործակցության եզրերը: Պլեսի-Ռոբինսոնն ու Արաբկիրը միմյանց օգնելու են նաեւ դպրոցաշինության բնագավառում, սպորտային դպրոցների կահավորման գործում: Այժմ հստակեցվում են նաեւ շինարարության ոլորտում համագործակցության կետերը, քանզի Պլեսի-Ռոբինսոնում պահպանվում է քաղաքի յուրօրինակ միջնադարյան ֆրանսիական ճարտարապետական ոճը՝ չնայած այն բանին, որ քաղաքում ակտիվ բնակարանաշինություն է ընթանում: