Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, 2007թ. կայանալիք բրազիլական կառնավալի ընթացքում երկրի ամենահեղինակավոր կառնավալային դպրոցներից մեկը, որպես իր սցենարի բաղկացուցիչ մաս, կներկայացնի Հայաստանը: Շքերթի դուրս բերված 5 մեքենաներից մեկը, որը կունենա 17մ երկարություն եւ 12մ բարձրություն, կխորհրդանշի մեր երկիրը` որպես «մարդկության վերածնման օրրան, հնագույն քաղաքակրթության երկիր եւ քրիստոնեական հավատի առաջամարտիկ»: Արարատի հսկա մակետից եւ Նոյյան տապանից բացի, ներկայացված կլինեն հայկական խաչքարերն ու հայատառ արձանագրությունները: Առջեւի մասում կզետեղվեն Հայաստանի 3մ բարձրությամբ ոսկեգույն զինանշանն ու 7մ երկարությամբ եռագույն դրոշը: Ռիոյի կառնավալն աշխարհի խոշորագույն միջոցառումներից մեկն է, որը հեռարձակվում է ավելի քան 100 երկրներում: