Երեկ "Քաղաքացիական անհնազանդություն" շարժման ղեկավարները` ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ ԼՂՀ «Երկրապահ» միության նախագահ Արկադի Կարապետյանը սահմանադրական հանրաքվեի 1-ամյակի կապակցությամբ բողոքի ցույց էին հրավիրել: «Ինչպես մեր տունն ենք մաքրում, այնպես էլ մեր երկիրն ենք մաքրելու»,- իշխանություններին դիմելով ասում էին ՍԴ առջեւ հավաքված մի քանի տասնյակ ցուցարարները: Նրանցից մի քանիսի ձեռքին ցախավելներ եւ պաստառներ կային: Ցույցին մասնակցում էին իրենց սեփականության իրավունքից զրկված քաղաքացիներ, մարզերից բնակիչներ, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ` մոտ 150 հոգի: Քիչ անց` «Ամո՛թ, հեռացե՛ք, դավաճաններ» գոչելով եւ «Ձեռքներդ հեռու մեր սեփականությունից» պաստառներով` երթը շարունակվեց դեպի ԱԺ շենք, ուր այդ պահին քվեարկվում էր «Պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը: Ա. Կարապետյանը ցուցարարներին հիշեցնում էր, թե ինչպես պատերազմի ժամանակ ժողովրդին պաշտպանեցին զավթիչներից` ազատագրելով հայրենիքը, այսօր էլ պատրաստ են պաշտպանել ժողովրդին` ազատելով դավաճան իշխանություններից: Իսկ ակտիվիստ մի տիկին, որ ներկաներին համոզում էր, թե ՀՀ նախագահի թեկնածուների, լիդերի խնդիր չունենք, որտեղից` որտեղ հանկարծ հիշեց Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Այսօրվա ստեղծված իրավիճակի համար ոչ միայն ներկայիս իշխանություններն են մեղավոր, այլեւ նախկին իշխանությունները, եւ մենք կողմնակից չենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ վերադառնալուն, բա մենք կմոռանա՞նք մութ ու ցուրտ տարիները»:
Ի դեպ, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման մասնակիցներն օրեր առաջ ժողով էին հրավիրել Մերգելյան ինստիտուտի դահլիճում: Փաստորեն, հաստատվում են այն լուրերը, թե «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը ռուսական մասնավոր նախագիծ է (այն նույնիսկ կապվում է Անատոլի Չուբայսի անվան հետ): Այդ է պատճառը, որ նրանց տրամադրվել էր ՌԴ սեփականություն հանդիսացող Մերգելյան ինստիտուտի դահլիճը: Մեր տեղեկություններով` «Քաղաքացիական անհնազանդությանն» աջակցում է նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, որոնց «մատը խառն էր» նաեւ ԱԺ շենքի առջեւ օրեր առաջ կազմակերպված իրենց սեփականության իրավունքից զրկված քաղաքացիների մասնակցությամբ միտինգը: Թերեւս դա է պատճառը, որ նրանց չէին միացել ընդդիմադիր մյուս ուժերի ներկայացուցիչները: