Երեկ լրացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին տարելիցը: Այս կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը: «ՀՀ ներկա վարչախումբը 1998թ. իշխանության բռնազավթումով սկսած եւ 1999թ. հոկտեմբերի 27-ով շարունակված պետական հեղաշրջումը վերջնականապես ավարտեց 2005թ. նոյեմբերի 27-ին իրականացրած, այսպես կոչված, «սահմանադրական հանրաքվեով»: Դրանով ոչնչացվեց ՀՀ անկախ պետական իշխանության, ժողովրդավարության, իրավականության, օրինականության բանական քաղաքական կյանքի ապահովման վերջին պատվարը»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նաեւ նշված է, թե «ներկա վարչախումբը Ռ. Քոչարյանի գլխավորությամբ 2003թ. համաժողովրդական «Ոչ»-ի արժանանալուց հետո, 2005թ. նոյեմբերի 27-ին կատարեց պետական ծանրագույն հանցագործություն՝ բացառիկ ցինիզմով ու անսեթեւեթ կեղծելով համաժողովրդական բոյկոտի արժանացած հանրաքվեի արդյունքները»: Հայտարարության հեղինակները նշում են, որ ի թիվս իր կատարած այլ հանցանքների, ներկա վարչախումբը քաղաքական եւ իրավական պատասխան պետք է տա նաեւ ՀՀ անկախ պետականության գլխավոր հիմքի՝ Սահմանադրության ոչնչացման համար: Ըստ «Այլընտրանքի», այդ պատասխանը նրանից կարող է պահանջել սեփական ծրագով ժողովրդի վստահությունը շահած, նրա կողմից օրինականորեն ընտրված իշխանությունը, որի առաջնահերթ գործը պետք է լինի անկախ պետականության իրավական հիմքի՝ Սահմանադրության ու սահմանադրական կարգի վերականգնումը: