«168 Ժամը» բազմիցս է անդրադարձել «Լինսի» հիմնադրամի գործունեությանը, մասնավորապես` Կոմիտաս եւ Տիգրան Մեծ փողոցների վերակառուցմանը: Ինչպես գիտեք, արդեն երկու-երեք ամիս է, ինչ երկու փողոցները քանդել են եւ մինչեւ հիմա չեն ասֆալտապատել: Քանդելու ժամանակ տեղեկացրին, թե վերակառուցումն իրականացվելու է «Լինսի» միջոցներով: Սակայն, երբ այդ փողոցները երկար ժամանակ այդպես քանդած մնացին, եւ աշխատանքները չշարունակվեցին, լուրեր տարածվեցին, թե «Լինսին» գումարներ չի տալիս: Հիմա վերակառուցման աշխատանքները սկսվել են, որպեսզի ձմռանն այդ քանդված հատվածները գոնե փակ լինեն: Բայց թե այդ աշխատանքներն ի՞նչ միջոցներով են արվում, դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն այն, որ «Լինսին» դեռ գումար չի տվել: Նաեւ կարծիք կա, որ «Լինսին» Հայաստանին գումար չի փոխանցի, մինչեւ չավարտվեն առաջիկա ընտրությունները: Հիշեցնեմ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանն Ամերիկայի կառավարությունից առաջիկա 5 տարիներին պետք է ստանար մոտ 236 մլն դոլար: Հայկական ծրագիրը հաստատվել է, բայց գումարի առաջին մասը դեռ չի հատկացվում: Նորից շրջանառվում է այն կարծիքը, թե Ամերիկան սառեցրել է փոխանցումները եւ սպասում է ընտրությունների ավարտին: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք «Լինսի» հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանին. «Վերջապես ավարտվեցին փաստաթղթային բոլոր գործընթացները եւ հիմա դրանք փոխանակման ընթացքի մեջ են` «Լինսի» ղեկավարության եւ Հայաստանի իշխանությունների միջեւ, ստորագրման համար: Այս փաստաթղթերի ուշացումը ոչ մի կապ չունի փող չտալու կամ ծրագիրը ջնջելու հետ: Ծրագիրն ի զորու է, եւ «Լինսին» մտադիր է այն իրագործել: Ուշացումը պարզապես կապ ունի ամերիկյան իրավական եւ հարկային երկարաշունչ փաստաթղթերի պատրաստման հետ: Ամերիկայից դուրս փոխանցվող փողերն Ամերիկյան կառավարությունը վերջին տարիներին շատ ավելի մանրազնին ձեւով է քննում: Կուզենամ նաեւ մի ճշտում կատարել ձեր թերթի վերջին հոդվածի համար («168 Ժամ» N128, «Աշխատանքները վերսկսվել են՝ առանց ֆինանսավորման»), ու պարզաբանել, թե ինչու «Լինսին» ոչ թե Հայաստանին, այլ Լիբանանին արագ փող փոխանցեց: Ձեր հաստատումը սխալ է: «Լինսին» փող չի փոխանցել Լիբանան: «Լինսին» նվիրատվություն է կատարել Միացյալ հայկական ֆոնդին (United Armenian Fund), որն Ամերիկայի մեջ բարեսիրական հաստատություն է, եւ այդ ֆոնդը (որի նախագահը ես եմ) բարեսիրական ծրագիր է իրագործել Լիբանանի մեջ»:
Ա.Ա.