Անտառահատումներ՝ բնապահպանների ձեռքերով

28/11/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Անկախության առաջին տարիներին, որը նաեւ համընկավ Ղարաբաղյան պատերազմի մութ ու ցուրտ տարիների հետ, մեր ազգաբնակչությունն իր ջեռուցման հարցը լուծեց առանց այդ էլ քիչ անտառների հաշվին: Այն ժամանակ գոնե արդարացում կար՝ Հայաստանը պատերազմի ու շրջափակման մեջ էր, չէր կարողանում բավարար չափով էլեկտրաէներգիա արտադրել, ատոմակայանը կանգնած էր, գազ չէր ներմուծվում: Այս պայմաններում փրկության միակ միջոցը անտառն էր, որն էլ հատվեց: Բայց զինադադարից հետո, երբ իրար հետեւից վերականգնվեցին էներգետիկ աղբյուրները՝ վերագործարկվեց ատոմակայանը, Հայաստանը նորից սկսեց գազ ներկրել, թվում էր, թե կդադարեցվեն անտառահատումները: Սակայն կարծիք կա, նույնիսկ բնապահպանական հասարակական կազմակերպությունները հաշվարկ էին արել, որ զինադադարից հետո յուրաքանչյուր տարի ավելի շատ ծառ էր հատվում, քան պատերազմի տարիներին: Եթե այն ժամանակ ծառերը հատվում էին վառելու եւ սառնամանիքից փրկվելու համար, ապա հիմա հատվում են հատողներին զուտ եկամուտ բերելու համար: Փայտի բիզնեսն այսօր դարձել է շատ շահութաբեր: Այստեղ գրեթե ներդրումներ անել պետք չէ՝ կտրում են, բարձում են բեռնատար մեքենաներն ու հասցնում գնորդին: Ընդամենը այսքանը: Դա ինչ-որ իմաստով նաեւ անաշխատ եկամուտ է, որովհետեւ հատողներն ու եկամուտ ստացողներն այդ ծառերը չեն տնկել, հետո երկար տարիներ մշակել, որ հիմա նոր-նոր արդյունքը տեսնեն: Իսկ ՀՀ Բնապահպանության նախարարությունն ամեն տարի հաշվետվություններ է ներկայացնում, թե ապօրինի ծառահատումների քանի դեպք է բռնել եւ հատողներին ինչ տուգանքների է ենթարկել: ՀՀ Գլխավոր եւ մարզային դատախազություններն ամեն տարի ապօրինի ծառահատումների բազմաթիվ գործեր են քննում, սակայն վիճակը գնալով բարդանում է: Ու ցավալին այն է, որ մեր անտառները հաճախ հոշոտվում են հենց պահպանողների ու վերահսկողների կողմից:

Անցյալ շաբաթ «168 Ժամի» խմբագրությունն ապօրինի ծառահատումների վերաբերյալ մի նամակ էր ստացել Տավուշի մարզի մոտ 160 բնակիչներից: Նրանք ահազանգում էին, որ «ՀՀ բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ Վասիլ Աբրահամյանն իր ղեկավարած կառույցն օգտագործում է սեփական գրպանը լցնելու համար»: «Առանց ամոթի յուրաքանչյուր տեսուչից պահանջում է, որ պարտադիր կարգով իրեն ներկայացնեն ամսական 50.000 դրամ կամ ամենաքիչը իրենց աշխատավարձը,- նշված է նամակի մեջ: -Մեծարգո պարոններ, խնդրում ենք տեսչության բոլոր աշխատողներին լսեք առանձին-առանձին: Նրանք ձեզ ամեն ինչ կներկայացնեն ինչպես որ կա: Տավուշի տարածքային բաժնում տիրող իրավիճակը բոլորովին չի մտահոգում հանրապետության տեսչության եւ Բնապահպանության նախարարության ոչ մի ղեկավարի»:

Նամակագիրներն այս գրությունն ուղարկել են ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայության պետին, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, Տավուշի մարզի պատգամավորներ Արծրուն Ղալումյանին ու Հովիկ Աբովյանին:

«2003թ. սեպտեմբերից մինչեւ դեկտեմբերի վերջը մարզի անտառտնտեսությունները ստուգման էին ենթարկվում նախագահի Վերահսկողության ծառայության եւ 6-րդ վարչության կողմից,- գրված է նամակում: -Այդ ժամանակ անտառտնտեսություններին արգելված էր մարզից փայտ տեղափոխող մեքենաներին փաստաթուղթ վաճառելը: Բայց Վասիլ Աբրահամյանն ընդառաջում է վերը նշված ավտոմեքենաների վարորդներին եւ անօրինական փայտանյութի տեղափոխումը ձեւակերպում է որպես ֆիզիկական անձի կողմից բնապահպանական իրավախախտում: Փայտը բարեհաջող վաճառելուց հետո տեսչության բլանկում 20 խմ փոխարեն ձեւակերպում է 2 խմ, իսկ վարորդից յուրաքանչյուր 20 խմ դիմաց վերցրած 96.000 դրամից պետբյուջե էր մուտքագրում ընդամենը 9600 դրամը, մնացածը գրպանում էր: Նշված ամիսների ընթացքում Վ. Աբրահամյանի կողմից կատարվել է ֆիզիկական անձանց կողմից բնապահպանական իրավախախտման 100-120 «հայտնաբերում»: Նամակագիրների տեղեկացմամբ` այս իրավախախտումներից ոչ մեկը վարչական տույժի չի ենթարկվել, եւ մոտավոր հաշվարկներով` Աբրահամյանը պետությանը պատճառել է ամսական մոտ 14,5 մլն դրամի վնաս: Մոտ 10 էջանոց նամակը տեղեկացնում է բազմաթիվ իրավախախտումների մասին: Տեսչությունը պարբերաբար ստուգումներ է իրականացնում մարզի հիմնարկ-ձեռնարկություններում, որոնցից շորթում է 100.000-200.000 դրամ, բայց փաստաթղթերում ձեւակերպում է 1000-2000 դրամ: Ըստ նամակագիրների՝ կառույցի որոշ աշխատակիցներ հանցավոր գործունեության մեջ են մտել իրենց պետ Վ. Աբրահամյանի հետ: Վ.Աբրահամյանը նաեւ հայտարարել է, որ իրենց ղեկավարների պահանջով` յուրաքանչյուր ամիս Երեւան է ուղարկում 20-25 խմ տախտակ, 400-500 խմ մանրատախտակ եւ 1000 դոլար է հանձնում ԲՊՏ պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանին: Փորձեցինք պարոն Քամալյանից տեղեկանալ, թե որքանով են իրականությանը համապատասխանում նամակագիրների նշած դեպքերը: Հիշեցնենք, որ նամակի օրինակներից մեկն էլ ուղարկվել է ՀՀ Բնապահպանության նախարարություն, որին էլ ենթարկվում է հիշյալ կառույցը: «Նամակն անստորագիր է, եւ մենք դրան ընթացք չենք տվել»,- պատասխանեց պարոն Քամալյանը: «Նամակը ստացել ենք եւ համապատասխան ընթացք ենք տվել»,- պատասխանեցին ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Նամակագիրները նաեւ նշել էին, որ իրենց ազգանունները կներկայացնեն այն ժամանակ, երբ ստուգման կենթարկվեն ներկայացրած փաստերը: «Երբ Ձեր աշխատակիցները լինեն մարզում, խոստանում ենք մեկ մարդու նման կանգնել նրանց կողքին»,- դիմում էին ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայության պետին, ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, Տավուշի մարզի պատգամավորներ Արծրուն Ղալումյանին ու Հովիկ Աբովյանին:

Նամակագիրները նախարար Վարդան Այվազյանին տեղեկացնում են. «Ձեր համակարգի աշխատակիցներն արդեն 6 տարի է, ամայացրել են 15-20 հա անտառային տարածք, որտեղ արդյունահանել են սպիտակ բազալտ: Դրանից պետբյուջե ոչ մի կոպեկ չի մտել, սակայն վճարել են Վ. Աբրահամյանին, որը համագործակցելով Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ` բնաջնջման է ենթարկել 500-600 հատ, 70-ական թվականներին տնկված սոճենի տեսակի հաստաբուն մշտադալար ծառեր»,- գրում են նրանք: Ի դեպ, նամակագիրները բավական ծանրակշիռ մեղադրանքներ են ներկայացնում Վ. Աբրահամյանի ապօրինի գործունեության վերաբերյալ, որոնց առայժմ չենք անդրադառնում: Նրանք պատկան այրերին խնդրում են ամենայն լրջությամբ մոտենալ հարցին: «Վ. Աբրահամյանի անպատժելի արարքները մեծ վնաս են հասցնելու գալիք ընտրություններին,- գրում են տավուշցիները: -Նշենք, որ անցած ընտրություններին Վ. Աբրահամյանն իր թեկնածությունն էր դրել թիվ 56 ընտրատարածքում եւ դաշնակցության կողմից 5000 դոլարով կաշառվելուց հետո ինքնաբացարկ հայտարարեց»: Նամակագիրները ցավով նշում են նաեւ, որ այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեծ ջանքերի գնով ծառատունկ է կազմակերպում, որոշ մարդիկ նման հանցագործություններ կատարելով՝ անպատժելի են մնում:

Միանգամայն հասկանալի է տավուշցի նամակագիրների բողոքն ու անհանգստությունը, որ իրենց անունները չեն գրել ծավալուն այս նամակի տակ: Սակայն նրանք պետական պաշտոնյաներին դիմում են խնդրանքով՝ ստուգել իրենց կողմից ներկայացված բոլոր փաստերը, համոզվել դրանց ճշմարտացիության մեջ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել: Զարմանալի է, որ ԲՊՏ պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանն այս նամակն անստորագիր համարելով՝ դեն է նետել (լինելով բնապահպանական կառույցի պետի տեղակալ), չփորձելով անգամ ուշադրության արժանացնել կամ ստուգել մարդկանց ներկայացրած փաստերը: Սա «անոնիմ» նամակ չի կարելի համարել միայն այն պատճառով, որ 150-160 նամակագիրներն իրենց անունները չեն գրել: Հասկանալի է, թե մարդիկ ինչու չեն նշել իրենց անունները: Ավելին, նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնում` ազնվորեն, մեկ մարդու պես կանգնել այս ապօրինությունների դեմն առնող ցանկացած պետական պաշտոնյայի կողքին: ՀՀ Գլխավոր դատախազությունը, փաստորեն, արդեն ընթացք է տվել նամակին: «168 Ժամը» կհետեւի դեպքերի ընթացքին: