Այս հետաքրքիր ու տարօրինակ փաստը նկատել են նաեւ Հարկային պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները: Ոմանք կարող են սա համարել ՀՊԾ-ի մարզային ստորաբաժանման աշխատանքային թերությունը, իսկ ոմանք էլ հակված են այն կարծիքին, որ Շիրակի մարզում տնտեսությունն անկում է ապրում: Շիրակի մարզը կազմում է հանրապետության տարածքի 9%-ը: 2006թ. հունվարի 1-ի դրությամբ, մարզի բնակչությունը եղել է 281.400 (ՀՀ բնակչության 8.7%-ը): Սակայն արդյունաբերական արտադրանքի մեծությամբ` 2005թ. Շիրակը եղել է հանրապետության 8-րդ մարզը: 2005թ. ՀՀ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում Շիրակի մարզի տեսակարար կշիռը եղել է ընդամենը 2,1%, մանրածախ առեւտրի շրջանառության մեջ` 1,6%, իսկ ծառայությունների ոլորտում` 2,6%: Մի փոքր ավելի բարվոք է գյուղատնտեսության ցուցանիշը (ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի 10%-ը բաժին է ընկնում Շիրակի մարզին), բայց դա էլ, հարկային մուտքերի առումով, ոչինչ չի տալիս:
Շիրակի մարզի արդյունաբերության ոլորտն անմխիթար վիճակում է: Մարզում թողարկված արդյունաբերական արտադրանքի ընդհանուր կառուցվածքում մշակող արդյունաբերությունը կազմել է 76,8%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն եւ բաշխումը՝ 20,4%, հանքագործական արդյունաբերությունը՝ 2.8 %:
Մշակող արդյունաբերության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունի սննդամթերքի, ներառյալ` խմիչքների արտադրությունը՝ 83,9 %: 2005թ. արդյունքներով, արտադրության եւ իրացման ծավալների նվազում է արձանագրվել արդյունաբերության բոլոր ճյուղերում` բացառությամբ մեքենաների եւ սարքավորումների արտադրություն ճյուղից։ 2005թ. ավելացել է քարերի մշակման մեքենաների, ծակոտկեն լցանյութերի, բնական քարերից երեսապատման սալիկների, կաթի եւ կաթնամթերքի, գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքների, պանրի, գորգերի եւ գուլպեղենի արտադրությունը եւ, ընդհակառակը, նվազել է ուղիղ կտրվածքի տուֆի, տեխնոլոգիական սարքերի, հացի եւ հացամթերքի, գինու, երշիկեղենի, ոչ հանքային շինանյութերի, տրիկոտաժեղենի, թուջե ձուլվածքի արտադրությունը։ Գործունեության դրական արդյունքներ են արձանագրվում «Արշալույս», «Քարմշակմեքենա», Գարեջրի-ածիկի «Շիրակ», «Կումայրի-97», «Ամասիայի պանրագործարան», «Արմենկարպետ», «Հղկող-հաստոց», Ախուրյանի «Շինանյութ», Արթիկի «Ապակեմեքենա», «Հայգորգ», «ՎԷՎԳ» բաժնետիրական ընկերություններում, Մնջոյանի անվան Գյումրիի ՀԷԿ, «Գորգանի», «ՀԱՏՄ», «Անբերդ», «Աթոյան եւ ընկերներ», «Ռոզա-92», «ԱՄՄ», «Նելլի», «Գեւորգ եւ Վահան», «Միրոյան տուֆ», «Բնաքար» եւ այլ ՍՊԸ-ներում։ Անցյալ տարի Շիրակի մարզում վերսկսեցին գործել 5 ձեռնարկություններ: Իսկ 8 արդյունաբերական ձեռնարկություններ ընդհանրապես արտադրանք չեն թողարկել: Նկատենք, որ Շիրակի մարզի արդյունաբերական արտադրանքի մոտ 90%-ը բաժին է ընկնում իր մեծությամբ ՀՀ երկրորդ քաղաքին` Գյումրիին:
Վերոնշյալ վիճակագրական թվերին պետք է հավելել նաեւ Շիրակի մարզում եւ, մասնավորապես, Գյումրիում բիզնես-կուլտուրայի բացակայությունը եւ ձեռնարկությունների ոչ թափանցիկ աշխատանքը: Բավականին դժվարությունների կարելի է հանդիպել այս կամ այն ձեռնարկության մասին ինֆորմացիա փնտրելիս: Շիրակի մարզի մասին տարբեր ինտերնետային կայքերում գրանցված է ընդամենը 40 ձեռնարկություն: Այն դեպքում, երբ պետռեգիստրում պաշտոնապես գրանցված ընկերությունների թիվը Շիրակում, 2006թ. մայիսի 1-ի դրությամբ, եղել է 3148, որոնցից 1881-ը Գյումրիում են:
Փոքր-ինչ անհավանական է թվում այն, որ հազարավոր ընկերություններ ունեցող մարզը հանրապետության 300 խոշոր հարկատուների մեջ գոնե մեկ ներկայացուցիչ չունի, որքան էլ ծանր լինի մարզի արդյունաբերության ճյուղը: Մարզի շատ ընկերություններ (արտադրական, շինարարական կամ ծառայությունների ոլորտի) աշխատում են ոչ միայն մարզի, այլեւ ամբողջ Հայաստանի շուկայի համար: Բացի այդ, Գյումրիում շրջողի մտքով երբեք չի անցնի, որ այդ քաղաքի ձեռնարկությունները խոշոր հարկատուներ չեն: Ամեն քայլափոխի, աղքատության ու թշվառության կողքին, կարելի է հանդիպել արտասահմանյան մակնիշի շքեղ ավտոմեքենաների, նոր կառուցվող առանձնատների ու առեւտրային կետերի: Ընդ որում, վերջիններս պատկանում են փոքր թվով մեծահարուստների: Հարց է առաջանում, մի՞թե դրանք կառուցվում են միայն «խոպանչիների» փողերով: Իհարկե, ոչ: Այդ փողերից շատերը ստեղծվել են հենց Շիրակի մարզում, ու դրանց մեծ մասը վաղուց պետք է լիներ պետբյուջեում: