Մի անկեդոտ կա՝ մի մարդ աշխատանքի գնալիս ճամփեզրին կանգնած մուրացկանին ամեն օր 1000 դրամ է տալիս։ Որոշ ժամանակ անց սկսում է 500 տալ: Իսկ մի օր էլ մուրացկանի կողքով արագ-արագ է անցնում, որ փող չտա։ Վերջինս հարցնում է՝ ի՞նչ եղավ, ժամանակին աղա մարդ էիր։ Անցորդը պատասխանում է՝ դե, ամուսնացա, հիմա երեխա ունեմ, արդեն ծախսերս շատացել են, կներես։ «Չհասկացա, էս իմ հաշվին ընտանիք ես պահո՞ւմ», – պատասխանում է մուրացկանը։
Իհարկե, նույնացնելը գեղեցիկ չէ, սակայն նմանությունն այդ մուրացկանի եւ մեր երկրի միջեւ շատ նկատելի է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին Հեռուստամարաթոնը դրա ամենավառ ապացույցն էր։ Կգտնվեն շատերը, ովքեր կասեն, թե լրագրողներն ամեն ինչ քննադատում են։ Ի՞նչ արած, քանի որ գովերգողների թիվը շատ մեծ է, եկեք պահպանենք հավասարակշռությունը։ Իսկ դրա համար նախ եկեք մի պահ կտրվենք այն ոգեւորությունից, որը տիրել է շատերին՝ հանգանակված «ռեկորդային 13.7 մլն դոլարի» մասին լսելիս։
Նայենք մեկ այլ՝ մեր երկրի հեղինակության տեսանկյունից, որի մասին օրնիբուն խոսում են մեր իշխանավոր եւ ոչ իշխանավոր դեմքերը։ Հեռուստամարաթոնը հեռարձակվում էր աշխարհով մեկ, այն կարող էին դիտել նաեւ արտասահմանցիները։ Հիմա պատկերացրեք՝ ի՞նչ կարող է մտածել մարաթոնը պատահաբար դիտած չեզոք արտասահմանցին։ Նա չգիտի Հադրութի տեղը։ Նա չգիտի՝ որքան է Հայաստանի եւ Արցախի բյուջեների չափը։ Նա չգիտի, որ ճանապարհաշինության համար հատկացվող գումարները շատ հարմար են նաեւ ուտելու համար։
Նա պարզապես տեսնում է, որ հայրենիքի նկատմամբ սերը մեզ մոտ գնահատվում է փողով եւ չափելի է՝ 390 դոլար, 1000 կամ 1 միլիոն։ Ըստ այդմ՝ ով շատ փող է տալիս, նա ամենաշատն է սիրում իր հայրենիքը։ Իսկ մարաթոնից հենց այդպիսի տպավորություն էր ստեղծվում՝ «Մի հապաղեք։ Զանգեցեք, փող տվեցեք»։
Ու վերջապես արտասահմանցին տեսնում է, որ մի երկրի նախագահ չի ալարել՝ վեր է կացել, եկել-հասել է ստուդիա, որպեսզի մարդկանց համոզի։ Ու տեսնում է, թե նախագահն ինչպես է սիրաշահում խոշոր նվիրատվություն կատարողին՝ համոզելով ԼՂՀ նախագահական առաջիկա ընտրություններում թեկնածությունը դնել (թեկուզ կատակով), իսկ հետո անհամբերությամբ ասում՝ դե, հայտարարեք, որքա՞ն եք տալու։ Իսկ շարունակությունը պակաս հետաքրքիր չէ։ Գործարարն ասում է՝ ոչ, ոչ, ես չեմ ուզում ընտրվել Ղարաբաղի նախագահ։ Ընդհակառակը, ամեն ինչ կանեմ, որ դուք երրորդ անգամ ընտրվեք։ Չէ՞ որ այս բաներն էլ է տեսնում արտասահմանցին։ Բայց նա չգիտի, որ դրսում ապրող հայն իրավունք չունի ընտրվել ԼՂՀ նախագահ։ Ինչպես նաեւ չգիտի, որ ԼՂՀ նախագահը 3-րդ անգամ առաջադրվելու իրավունք չունի։ Փոխարենը դա գիտեն, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Եվ շատ հնարավոր է, որ, ասենք, Մեթյու Բրայզան շատ ուշադիր հետեւում էր այդ խոսակցությանը՝ սպասելով, թե ինչ կպատասխանի ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը։ Դե, գոնե ձեւի համար ասեր՝ ի՜նչ եք ասում, ես դրա իրավունքը չունեմ, եւ դրանով ապացուցեր, որ ԼՂՀ-ն կայացած, ժողովրդավարական պետություն է։ Բայց ոչ, Ա. Ղուկասյանը համեստորեն լռեց։ Ազգն է պահանջում, հո չի՞ կարող մարդկանց վշտացնել։
Մեթյու Բրայզայից նորից վերադառնանք մեր չեզոք արտասահմանցուն։ Վերջում արտասահմանցի հեռուստադիտողը տեսնում է, որ 12 ժամ տեւած արարողության արդյունքում, ամբողջ հայությամբ՝ ավելի քան 9 միլիոնով, հավաքում ենք մի գումար, որն Անգլիայի կամ Իսպանիայի ֆուտբոլային լիգայում հանդես եկող միջին մի թիմ վճարում է միջին կարգի մեկ ֆուտբոլիստ ձեռք բերելու համար։ Ու շատ հնարավոր է, որ հաջորդ օրը ծիծաղելով այդ մասին պատմի իր ընկերներին։ Միգուցե ընկերներից մեկն էլ հարցնի՝ Հայաստա՞ն, դա այն երկի՞րն է, որի մասին CNN-ով ասում են՝ “Your route, Noah’s route” («Ձեր ուղին, Նոյի ուղին»)։ Եվ նրանց պատկերացումները Նոյի ուղու մասին կլինեն շատ յուրովի։ Իսկ ուղին, որով մենք իրականում քայլում ենք, տարիների ընթացքում չի փոխվել եւ ունի մեկ տրամաբանություն՝ Սփյուռքը միայն փող ուզելու համար է։ Փող ուզենք՝ ճանապարհ սարքենք, փող ուզենք՝ դպրոց վերանորոգենք, փող ուզենք՝ գյուղերը ոտքի կանգնեցնենք։ 6 միլիոնանոց Սփյուռքը մեզ միայն «քեշ» փողով է պետք։ Ժամանակ առ ժամանակ փորձում են դրան այլ տեսք տալ, ասենք՝ ամբողջ աշխարհից հավաքում են հայերին՝ «գործարար համաժողովի»։ Բայց վերջում նորից պարզվում է, որ փող են ուզում։ Ու այդ ամենը ցուցադրվում է մեր հեռուստաընկերություններով։ Հպարտությամբ։ Խոսում ենք մեր երկրի հեղինակությունից, իմիջից, բայց ազգովի փող ենք խնդրում ու դա հեռարձակում աշխարհով մեկ։
Թե ի՞նչ տպավորություն կթողնենք աշխարհի աչքում, դա երկրորդական նշանակություն ունի։ Մենք ունենք մեկ չափանիշ՝ հայրենիքը սիրո՞ւմ եք՝ ուրեմն պետք է փող տաք։ Սա վերաբերում է նաեւ մեր տեղացի գործարարներին։ Հարկերը սիրո արտահայտություն չեն, դրանք հայրենիքը «սիրելու» իրավունքի համար վճարներ են։ Իսկ այդ զգացմունքն ուժեղ արտահայտելու համար հարկավոր է կողքից նվիրատվություններ կատարել։ Այս հարցում մերոնց փորձում են «թասիբի գցել» արտասահմանցի մեր հայրենակիցները։ Օրինակ, Ալբեր Բոյաջյանն ուղիղ եթերով տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանին, որ սպասում է նրա զանգին։ Իսկ մեր տեղացի գործարարներից Միխայիլ Բաղդասարովը խոստացել է տրամադրել 100 հազար դոլար, Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը՝ 50 հազարական դոլար։ Սակայն սերը, ինչպես գիտեք, միակողմանի չի լինում։ Հայրենիքն էլ չէ՞ պիտի իր զավակներին սիրի։ Ու նույն տրամաբանությամբ, պիտի աշխատի պաշտպանել նրանց շահերը։ Տեր կանգնի սեփական գործարարներին, հատկապես՝ արտադրողներին։ Բայց այստեղ զգացմունքային դաշտը վերջանում է։ Այստեղ Հայրենիքն՝ ի դեմս պետության, ձեռքերը լվանում է, խորհուրդներ է տալիս՝ վերազինվեք, մրցունակ դարձեք։ Չե՞ք կարողանում, կորեք գրողի ծոցը, ուրեմն դուք սիրելու բան չեք։ Այն, որ սեփական արտադրողին, սեփական արտահանողին օգնելու, ոտքի կանգնեցնելու դեպքում միգուցե կարիք չլինի սրանից-նրանից փող խնդրել, ոչ ոքի կարծես թե չի հետաքրքրում։ Սփյուռքի նկատմամբ սերն էլ առանձնապես ոչնչով չի արտահայտվում։ Գեղեցիկ խոսքեր ասելուց ու Գառնի-Գեղարդ-Սեւանից բացի ուրիշ ոչ մի բան չկա։ Ու միգուցե մի օր էլ մեզ հետ չհանդիպելու համար մարդիկ իրենց ճամփան փոխեն, ինչպես անեկդոտում՝ ընտանիքի տեր դարձած այն անցորդը։
Ավելացնենք, որ ամենեւին նպատակ չունենք փնովել «Հայաստան» հիմնադրամին։ Այն իրոք զբաղված է շատ օգտակար գործով եւ մինչ այժմ բավական աշխատանքներ է կատարել։ Խնդիրն այն է, որ բուն հանգանակման պրոցեսը հակասական զգացումներ է առաջացնում։ Կարելի է հանգանակություն կազմակերպել՝ միաժամանակ պահպանելով հպարտությունը։ Սակայն ստիպված ենք համակերպվել։ Վերջիվերջո, այն աշխատանքները, որոնք լավ թե վատ անում է «Հիմնադրամը», պետք է աներ պետությունը։
Հ. Գ. Նշենք, որ մեր որոշ պետական կառույցներ հայրենասիրության օրինակ ծառայեցին։ Օրինակ, Կենտրոնական բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրագործման համար նվիրել է մոտ 29 հազար դոլար (իհարկե, ազգային դրամով)։ Նշենք նաեւ, որ այդ գումարը հավաքվել է աշխատակիցների անձնական միջոցներով։ Բավական տպավորիչ ցուցանիշ է։ Մի քիչ շատ, մի քիչ՝ քիչ հայրենիքին սիրել են նաեւ պետական մյուս կառույցները՝ փոխանցել են տարբեր չափի գումարներ։