Թշվառությունը յուրահատուկ հոտ ունի: Դա զգալու համար բավական է այցելել Էջմիածնի Աթարբեկյան 101 հասցեի հանրակացարան, ուր 1988-ից բնակվում են Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցները:
«Մինչեւ հիմա ոչ մեկը չի եկել, չի հետաքրքրվել մեզանով: Ոնց որ` ոչ եղել ենք, ոչ էլ կանք: Թե ոնց ենք ապրում, ինչ ենք ուտում իրենց տված 10.000 դրամ թոշակով, ինչով ենք տուն կոչվածը տաքացնում` որեւէ մեկին չի հուզում: Երեւի չեն էլ հիշում, որ 18 տարի առաջ էստեղ մարդիկ են բերել-լցրել»,- սրտնեղում է Ամալյա Օգանեզովան:
Հարեւանուհուն ընդհատելով` լուսանկարների, մեդալների ու շքանշանների արկղիկը սեղանին դնելով` թեման շարունակում է Հայրենական պատերազմի վետերան, 84-ամյա Քնարիկ Աթաբեկյանը.«Երիտասարդ տարիներս պատերազմում մաշեցի` կորցրեցի ամուսնուս, իսկ ծերությունս քարշ եմ տալիս հանրակացարանի ավերված պատերի մեջ: Հայրենիք եմ պաշտպանել: Երկու անգամ վիրավորվել եմ: Ծառայությանս համար արժանացել եմ բարձր պարգեւների ու մեդալների: Մայիսի 7-ին էլ Ռոբերտ Քոչարյանն անձամբ շնորհավորեց հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով եւ պարգեւատրեց մեդալով: Բայց ոչ մեկը չի ասում` օգնենք, որ այս ծեր կինը գլխին նորմալ տանիք ունենա, որ գոնե կյանքի վերջին տարիները խաղաղված հոգով ապրի»:
18 տարի է` հանրակացարանի բնակիչներն օրը սկսում են հարեւանությամբ գտնվող սեփական տներից դույլերով ջուր կրելով:
«Բայց ինչքա՞ն կարելի է, չէ՞ որ նրանց հաշվիչն էլ աշխատում է: Արդեն մի քանի օր է` դարպասը փակել են, որ չգնանք: Չեմ մեղադրում, բայց չեմ էլ պատկերացնում` թե սրանից հետո ջրի հարցը ո՞նց ենք լուծելու… մեղք ենք, չէ՞… 70-80 տարեկան հիվանդ, անուժ պառավներ ենք, ամեն օր 3-րդ, 4-րդ հարկեր ջուր բարձրացնելը հեշտ ա՞… մի երկու օր առաջ դույլերը ձեռքիս` աստիճանների վրա ուշաթափվում էի` Նահատակյանը բռնեց (Նահատակյանը հանրակացարանի հարեւանությամբ գործող վարժարանի տնօրենն է ու հանրակացարանի բնակիչներից մեկը.-Հ.Ա.)»,- պատմում էր Գրետա Մովսեսովան:
«Ինչ հիվանդություն ասես` էս շենքում ստացա, որը` մրսելուց, որը` մտածմունքից: Էստեղ ամեն ինչն է պրոբլեմ, բա մարդը զուգարան գնալու հնարավորություն էլ չունենա՞: Դեռ ամռանը մի կերպ կարելի է յոլա գնալ, բայց ձմռանը գիտե՞ք ինչ ենք անում,- հարցնում է Վազգեն Սարկիսովը, ինքն էլ պատասխանում,- բնական կարիքներս հոգում ենք դույլերի ու ցելոֆանե տոպրակների մեջ եւ հանում դուրս: Նույն սենյակում, որտեղ ուտում ու քնում ենք, նաեւ` եփում ու զուգարան ենք գնում»:
Ջրի, գազի, վառելափայտի եւ ընդհանրապես` իրենց վիճակի մասին Էջմիածնի քաղաքապետին իրազեկելու նպատակով օրերս քաղաքապետարանում է եղել փախստականների հինգ հոգանոց «պատվիրակությունը»:
«Հիմնականում վառելիքի հարցն էր իրենց անհանգստացնում: Քանի որ աղքատ ընտանիքներին վառելափայտով օգնելու ծրագիր ունենք, դրա մեջ ընդգրկեցինք նաեւ հանրակացարանի բնակիչներին: Առաջիկայում նրանց վառելափայտ կուղարկենք»,- ասաց Էջմիածնի քաղաքապետ Գագիկ Ավագյանը, ով նաեւ «պատվիրակներին» խոստացել էր մինչեւ տարեվերջ անձամբ այցելել իրենց ու լինել բոլորի տներում:
«Բայց շենքը վերանորոգելու եւ նորոգված բնակարանները մեզ հատկացնելու մասին ոչինչ չխոստացավ»,- նկատեց «պատվիրակներից» մեկը: «Քաղաքապետարանը շենքի նկատմամբ որեւէ իրավասություն չունի,- հակադարձեց Արցախյան պատերազմի մասնակից, Էջմիածնի առաջին կամավորական ջոկատի հրամանատար, 1991-95թթ.ՀՀ ԳԽ պատգամավոր, հանրակացարանի երկարամյա բնակիչ Համլետ Նահատակյանը: -Շենքը մինչեւ 1991 թվականը եղել է թիվ 27 պրոֆտեխուսումնարանի հանրակացարանը: 91-ին, երբ ստեղծեցի Ներսիսյան վարժարանը` ուսումնարանի շենքն իր հանրակացարանով փոխանցվեց վարժարանի հաշվեկշիռ: Այնպես որ` դրա նկատմամբ իրավասությունները միայն կրթօջախի ղեկավարությանն են պատկանում»:
Հանրակացարանի բնակիչների` տուն ունենալու հույսերն օրեցօր նվազում են, փոխարենը` առաջարկում են, որ ամրացվի ու վերանորոգվի հանրակացարանի շենքը եւ սեփականաշնորհվի իրենց: «Վերջերս մեծահարուստներ էին եկել` շենքը գնելու: Անհանգստացանք, թե որ գնեն` մեզ փողոց կշպրտեն: Դիմեցինք ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակ, որտեղից պատասխանեցին, թե` մինչեւ նոր կացարան չտան, ոչ ոք իրավունք չունի մեզ դուրս հանել: Դրանից հետո մի քիչ հանգստացանք, բայց էլի խոսակցությունը կա, որ շենքը գնելու են»,- ասում է խմբված փախստականներից մեկը:
Համլետ Նահատակյանը եւս հաստատեց շենքի նկատմամբ հետաքրքրվողների մասին խոսակցությունները.«Կան մեծահարուստներ, որ ուզում են գնել: Եթե համաձայնեմ` պատկերացնո՞ւմ եք այս ծերերի վիճակը: Նրանք ուղղակի կհայտնվեն դրսում: Իսկ դրա փոխարեն կարելի է, չէ՞, առանց ծերերին տեղահան անելու` վերանորոգել շենքն ու տալ իրենց` մշտական բնակության: Դրանից հետո եւ գնորդներ չեն հայտնվի, եւ փախստականները գոհ կմնան»:
1988-95թթ. փախստականներն այստեղ ավելի մեծաթիվ էին: Ովքեր փոքրիշատե հնարավորություն են ունեցել` գնացել են այլ երկրներ, ոմանց բնակարաններ են հատկացրել: 18 տարվա ընթացքում մահացել է 80-ը: Մնացած 18-ը հույսով սպասում է բնակարան ստանալու իր հերթին:
«Որտեղ հնարավոր է` դիմել ենք. ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարին, Միգրացիայի եւ փախստականների վարչությանը: Գրավոր պատասխաններում ինչ-ինչ խոստումներ են տալիս, որոնց արդեն քանի տարի է սպասում ենք… Ինչքա՞ն կարելի է խոստումներով սպասեցնել: Մեզ էլ ապրելու բան էլ չի մնացել: Մտածված ձգձգում են, որ մեռնենք, ու հարցը փակվի՞»,- ասում է Սեդա Խաչատրյանը:
www.hetq.am