Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, լրագրության ոլորտում երկարամյա աշխատանքի համար, ինչպես նաեւ հայկական ռադիոյի հիմնադրման 80-ամյակի եւ հեռուստատեսության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ, հեռուստատեսության եւ ռադիոյի մի խումբ աշխատակիցների շնորհվել են պատվավոր կոչումներ: Մասնավորապես, ժողովրդական արտիստի պատվավոր կոչման է արժանացել Ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի Ռաիսա Մկրտչյանը: Հանրային հեռուստաընկերության «Դասական ալիք» հաղորդաշարի հեղինակ Մարկ Պետրոսյանը եւ Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Սուրեն Ռշտունին արժանացել են Մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Վաստակավոր լրագրողի կոչման են արժանացել Հանրային հեռուստաընկերության «Հինգերորդ անիվ» հաղորդաշարի ստեղծագործական խմբի ղեկավար Արթուր Բախտամյանը, Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության ավագ մեկնաբան Տաթեւիկ Բաղդասարյանը, Հանրային ռադիոընկերության «Գիշերային ալիք» ծրագրի հեղինակ Սարգիս Նաջարյանը, Հանրային ռադիոընկերության «Ստերեո-ստուդիա» ծրագրի ղեկավար Կարեն Վարդանյանը, Հանրային ռադիոընկերության «Ռադիոլուր» ծրագրի հաղորդավար Վարուժան Օլքինյանը: