Ֆիրմային հագուստն ու տոնավաճառային միօրինակությունը համերաշխ գոյատեւում են կողք կողքի։ Այդպես ամենուրեք է, ապրանքի մրցունակությունը պայմանավորվում է գնով, որակով եւ արտադրողի «բրենդով», որն այդ երկու չափանիշներն ուղղակի միացնում է եւ որակի երաշխավորն է դառնում: Սակայն հայաստանյան շուկայում շատ մտահոգիչ մի երեւույթ է նկատվում. մարդիկ չեն ցանկանում գնել Հայաստանում արտադրված հագուստն ու նախընտրում են անհայտ ծագում ունեցող կամ արտասահմանյան հայտնի ֆիրմաների պիտակները կրկնօրինակող շապիկներ, տաբատներ ու շրջազգեստներ գնել։ «Made in Armenia» պիտակը վստահություն չի վայելում մեր հայրենակիցների շարքերում, թեեւ հայրենական հագուստն իր որակով ու դիզայնով հաճախ ոչ միայն ոչնչով չի զիջում թուրքական եւ կորեական, չինական արտադրանքին, այլեւ շատ անգամ՝ գերազանցում է այն։ Հագուստի մոդելավորումը եւ բարձր նորաձեւությունը մեծ պահանջարկ չունեն Հայաստանում։ Այդպես կարելի էր համարել, եթե ուշադրությունից բաց թողնենք վերջին ամիսներին տեղի ունեցած նորաձեւության ցուցադրումները, որոնք անցան հասարակության ոգեւորության ու մեծ հետաքրքրության պայմաններում։ Ֆրանսիայում աշխատող Գեւորգ եւ Վարդան Թարլոյանների եւ Կարին Արաբյանի շոու-ցուցադրումներն անշլագային դարձան։ Լեփ-լեցուն դահլիճներն ու բարձր գնահատականներն ապացուցեցին, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ու կիրառել հագուստի ընտրության մեջ արվեստի մոտեցումը։ Եվ, որ ամենակարեւորն է, մենք սկսեցինք ավելի ուշադիր նայել մեր շուրջն ու նկատել, որ Հայաստանում ոչ պակաս բարձրաճաշակ ու պրոֆեսիոնալ դիզայներներ կան։ Պարզապես նրանց պոդիում է պետք եւ շուկա դուրս գալու հնարավորություն։
Այդ առաքելությունն իր վրա է վերցրել Հայաստանի Նորաձեւության խորհուրդը, որը պարբերաբար ցուցադրումներ, դասընթացներ ու խորհրդատվական աշխատանքներ է կազմակերպում՝ նպատակ ունենալով հայ դիզայներների համար դեպի սպառողը ճանապարհ բացել։ Այդ խորհրդի կողմից արդեն երրորդ անգամ իրականացվող Pret a Porter Yerevan նախագիծը, որը նոյեմբերի 24-ին կայացավ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրահում, այս տարի միավորեց ինը հայ դիզայներների աշխատանքները։ Նախագծի տնօրեն Արմինե Թադեւոսյանը նշեց, որ Pret a Porter Yerevan-ը տարեցտարի ավելի լայն արձագանք է ստանում. «Առաջին անգամ ծրագրին ընդամենը երկու դիզայներ է մասնակցել, իսկ հիմա մենք արդեն կարողանում ենք ներկայացնել Հայաստանի գրեթե բոլոր լավագույն դիզայներների ու Նորաձեւության տների աշխատանքները։ Պարզապես հայ դիզայներներից քչերն են հասցնում տարվա ընթացքում ամբողջական հավաքածու ստեղծել»։
Այս տարի Pret a Porter Yerevan «Աշուն-ձմեռ 2006-2007» ծրագրին երեքական զգեստներով ներկայացան ինը հայ դիզայներներ, իսկ դիզայներներից վեցը նաեւ սեփական դեֆիլե ցուցադրեցին։ Մոդելյոր Լիլիթ Մարգարյանը ներկայացրեց «Հրդեհից հետո» շատ տպավորիչ, մանրակրկիտ մշակած, կրքոտ ու կանացի հավաքածուն: Սուսաննա Արշակյանը ներկայացրեց գործած վերարկուների իր հավաքածուն, պայուսակներն ու երեկոյան շրջազգեստները: Գոհար Սահինյանը ցուցադրեց ազատ ու զուսպ ուրվագծերով վերարկուներն ու պիջակները, որոնք շատ հարմարավետ ու գեղեցիկ են քաղաքի բնակիչների համար: Մոսկվայում աշխատող դիզայներ Արեւիկ Սիմոնյանը (Կիվերա Նայնոմիս) ցուցադրեց կանացիությունն ու կանացի սեթեւեթանքն ընդգծող մոդելները, սիրիացի դիզայներ Գեւորգ Շադոյանը ներկայացավ հարուստ զարդարված ու հայկական նախշերով համեմված երեկոյան զգեստների իր հավաքածուով։ Աշնան ու ձմեռվա մասին իրենց պատկերացումները ներկայացրեցին նաեւ Գայանե Սողոմոնյանն՝ իր «Միքստ» հավաքածուով, Դիանա Բաբայանը եւ Փարիզում ապրող դիզայներ Րաֆֆի Պետրոսյանը։ Իսկ «Զատիկ» ստուդիան, ինչպես միշտ, հավատարիմ մնաց իր բազմաշերտ, թեթեւ, ուրախ ու սավառնող զգեստներին։
3 տոկոսանոց ցուցանիշ
Pret a Porter նորաձեւության սկզբունքը հարմարավետ ու նորաոճ հագուստի ստեղծումն է: Այդ սկզբունքով նախագծած հագուստի հիմքում «կրելու» պահանջն է դրված, այն չի առաջնորդվում միայն էքստրավագանտության ու երեւակայության թռիչքների վայրիվերումներով, այլեւ փորձում է ուղղակիորեն վաճառվել լայն հասարակայնությանը։ Հագուստի ստեղծման ու վաճառքի միջեւ միջնորդություն իրականացնելու համար Pret a Porter Yerevan-ն, արդեն երկու տարի է, շոու-տաղավարներ՝ show-room-եր է ստեղծում։ Յուրաքանչյուր դիզայներ իր փոքր ու ոճավորված տաղավարն է ունենում, որտեղ կարող է ներկայացնել իր աշխատանքները։ Երեք օր շարունակ բոլոր ցանկացողները կարող էին այցելել այդ show-room-երը, ավելի մոտիկից ծանոթանալ հեղինակային զգեստներին, տեղում փորձել իրենց դուր եկած մոդելներն ու պարզապես զրուցել դիզայներների հետ։ Նաեւ՝ պատվերներ անել։ Պատվիրելն ու գնումներ կատարելը շատ դյուրին գործ է, քանի որ հագուստների ու աքսեսուարների գները բնավ սարսափելի չափերի չէին հասնում։ Ասենք, հայ դիզայների նախագծած ու լավ կարված վերարկուների գները հավասար էին թուրքական նույնատիպ վերարկուների գներին։ Եվ դա` այն դեպքում, երբ շատ դիզայներներ սեփական արտադրանքը հոսքագծի վրա դնելու ու գները նվազեցնելու հնարավորություն չունեն։ Եթե կարողանան զանգվածային արտադրություն ստեղծել, ապա մոդելների գները մի քանի անգամ ավելի ցածր կլինեն։
Դիզայներ Գոհար Սահինյանն ասաց. «Սխալ պատկերացում է ստեղծվել, որ հայկական արտադրանքն անպայման ծուռ-մուռ է կարված ու լավը չէ։ Մենք պետք է ապացուցենք, որ հայկական հագուստը ճիշտ, լավ ու մաքուր է կարված, որպեսզի հանգիստ խղճով կարողանանք ասել՝ այն Հայաստանում է արտադրված»։ Ոչ մի հայ դիզայներ միայնակ մեծ շուկա դուրս գալ չի կարող, նրանց աջակցել է պետք։ Ցուցադրելու վայր հատկացնելուց բացի` հարկավոր է աշխատել նաեւ հագուստ վաճառող խանութների հետ։ Գրեթե բոլոր հայ դիզայներները նշում են, որ ոչ մի խանութ շահագրգռված չէ հայրենական արտադրանքով, եւ շատ հաճախ գնորդին առաջարկում են կասկածելի պայմաններում ու վայրերում կարված արեւելյան հագուստը։ Վստահ կարելի է ասել, որ եթե հայ դիզայներների մոդելների վրա փակցված լինի «Արտադրված է Իտալիայում» կամ, օրինակ, «Արտադրված է Ֆրանսիայում» պիտակը, դրանք շատ արագ կվաճառվեն, քանի որ մեր հասարակությունը թերահավատորեն է վերաբերվում հայկական արտադրանքին։ Եղել են դեպքեր, երբ խանութները թաքցրել են, որ հագուստը Հայաստանում է կարված՝ իրենց մոտեցումն արդարացնելով՝ «որպեսզի վաճառվի» բառերով։
Pret a Porter Yerevan-ին աջակցում է գյուղատնտեսության հարցերով զբաղվող USAID ամերիկյան կազմակերպությունը, որի ներկայացուցիչը բացման արարողության ժամանակ զարմանալի թվեր նշեց։ Պարզվում է, որ Հայաստանում վաճառվող հագուստի 40 տոկոսը հենց Հայաստանում է կարվում, սակայն այդ հագուստի միայն 3 տոկոսն է կրում «Made in Armenia» պիտակը։ «Հայկական ապրանքանիշները գովազդի կարիք ունեն։ Հայաստանը պետք է հասնի նրան, որ հայերը հայկական պիտակով հագուստ սկսեն գնել եւ ուրախությամբ հագնեն այն»,- ասաց նա։
Ուրախալի է արդեն իսկ այն փաստը, որ Pret a Porter Yerevan-ը, լուրջ գործընկերներ ու աջակիցներ ունենալուց բացի, հայ դիզայներների համար առաջ շարժվելու լավ առիթ է հանդիսանում՝ հայ հանրությանը ներկայացնելով նրանց ստեղծագործությունները։