Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Դեյվիդ Աթկինսոնի «ԵԱՀԿ Մինսկի համաժողովի շրջանակներում կարգավորվող՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը» զեկույցը ԵԽ ԽՎ հունվարի 25-ի նիստում ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ այդ հարցով ԵԽ ԽՎ նախկին զեկուցող Թերի Դեւիսի զեկույցի ավելի «կատարելագործված» տարբերակը դադարեց առանձին պատգամավորի կարծիք լինելուց եւ որպես պաշտոնապես ընդունված փաստաթուղթ՝ արդեն արտահայտում է ԵԽ անդամ պետությունների մեծամասնության դիրքորոշումը: Իսկ զեկույցն ավելի «կատարելագործված» էր այն իմաստով, որ այս անգամ ավելի հստակ էին ձեւակերպված բոլոր այն դրույթները, որոնք հայանպաստ համարելու համար պետք է ունենալ առնվազն Տիգրան Թորոսյանի լավատեսությունը: «Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից օտար երկրի տարածքի զավթումը տվյալ երկրի ստանձնած պարտավորությունների լուրջ խախտում է»: «Ադրբեջանի տարածքի զգալի մասը շարունակում է զավթված մնալ հայկական ուժերի կողմից», «Անջատողական ուժերը շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»: Սրանք զեկույցի այն բազմաթիվ կետերից են, որոնք, փաստորեն, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանին որակում են որպես ագրեսոր, եւ դրանց հիման վրա ԵԽ ԽՎ-ն հակամարտող կողմերին կոչ է անում գտնել հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը: Ընդ որում, դա վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին: Բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության հետ առնչվող միակ կետն այն է, որ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում շփումներ սկսել Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն միաժամանակ հիշատակվում է նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: Իսկ ԵԽ ԽՎ նշված նիստից անմիջապես հետո BBC-ին տրված հարցազրույցում նույն Դեյվիդ Աթկինսոնը ուղղակիորեն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում չի կարող դրվել ազգերի ինքնորոշման սկզբունքը:
Եվ սրանից անմիջապես հետո ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը ժամանեց տարածաշրջան եւ այս օրերին գտնվում է, ըստ ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւի, «անջատողական ուժերի վերահսկողության տակ գտնվող» ադրբեջանական 7 շրջաններում, եւ առաջիկայում այդ մասին զեկույց է հրապարակելու:
Թե ինչպես Դեյվիդ Աթկինսոնի զեկույցն ընդունվեց Հայաստանում, իրականում այնքան էլ կարեւոր չէ: Դաշնակները շարունակեցին սրել իրենց հոտառությունը, Տիգրան Թորոսյանը շարունակեց ավելի ուշադիր կարդալ զեկույցն ու Հայաստանի համար դրական հատվածներ գտնել, Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես որեւէ կերպ չարձագանքեց (չնայած, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը Ռոբերտ Քոչարյանը որակել էր «ոչ օբյեկտիվ», սակայն նախագահի մամուլի ծառայությունը հերքեց Քոչարյանի այդ հայտարարությունը) «պոլիտբյուրոյի» ընդունած բանաձեւին: Աթկինսոնի զեկույցին հետեւած նման արձագանքները, արդարացումներն ու մեղադրանքները զեկուցողի անձնական շահերով պայմանավորելն ընդամենը հայկական կողմի անկարողության եւ հիմար վիճակում հայտնված լինելու դրսեւորումներ են եւ ուղղված են միայն ներքին լսարանին: Ի վերջո, պատվիրակության անդամները մի կերպ պետք է բացատրեն, թե ընդհանրապես ինչու են մասնակցում ԵԽ ԽՎ աշխատանքներին, եթե այդ կառույցն իրար հետեւից, մեղմ ասած, ոչ հայանպաստ փաստաթղթեր է ընդունում:
Իրականում, սակայն, Հայաստանն այսօր հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ Եվրախորհրդում մեր պատվիրակության աշխատանքից գրեթե ոչինչ կախված չէ: Այն պարզ պատճառով, որ որեւէ պատվիրակություն չի կարող համոզել այդ կազմակերպությանը՝ հրաժարվել այսօր աշխարհում համընդհանուր համարվող սկզբունքներից եւ Հայաստանի համար բացառություն անել: Իրականում ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւն արտահայտում է բոլոր այն միտումները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ արտահայտվել են վերջին շրջանում: Անցած երկու-երեք տարիների ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգիռ բոլոր պետությունները (որոնց մի մասը նաեւ ԵԽ անդամ երկրներ են) հանդես են եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանող հայտարարություններով: Ամենաթարմ օրինակը ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին հայտարարությունն էր: Իհարկե, Վարդան Օսկանյանն էլ իր հերթին հայտարարել է, թե որեւէ լուրջ երկիր չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրանից «անլուրջ» պետությունների դիրքորոշումների լրջությունը ամենեւին չի նվազել: Իսկ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում վաղուց արտահայտել են իրենց դիրքորոշումը՝ Ղարաբաղի լիակատար անկախություն՝ ոչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն՝ սա որպես սկզբունք դրված է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում, եւ ստացվում է, որ այդ արտաքին քաղաքականությունն ուղղակի հակադրվում է միջազգային հանրության կողմից ընդունված սկզբունքներին: ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւն այդ փաստի արձանագրումն է: