Հինգշաբթի երեկոյան հիվանդանոցում մահացավ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, փոխգնդապետ, 43-ամյա Ալեքսանդր Լիտվինենկոն: Նրան թունավորել էին անհայտ ծագման թույնով: Հիշեցնենք, որ Լիտվինենկոն 2000թ. ընտանիքով հեռացել էր Ռուսաստանից, ուր նրա դեմ երեք քրեական գործ էր հարուցված: Նա համարվում էր ռուսաստանցի վտարանդի Բորիս Բերեզովսկու ամենամտերիմ մարդկանցից մեկը: 2006թ. Մեծ Բրիտանիան նրան քաղաքացիություն էր շնորհել: Միջազգային մամուլի հաղորդմամբ՝ Լիտվինենկոն ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանողների անունները մատնանշող փաստաթուղթ էր ձեռք բերել: Բրիտանական մամուլը երեկ հաղորդել է Լիտվինենկոյի վերջին խոսքերը. «Այդ տականքները կարողացան իմ հախից գալ, բայց բոլորի հախից գալ չեն կարող»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականներից մեկը երեկ հայտարարել է. «Դա, իհարկե, մեծ ողբերգություն է: Մարդուն թունավորել են, սակայն Կրեմլի հասցեին հնչող մեղադրանքները չափազանց անհավանական են ու հիմար, այդ պատճառով նախագահ Պուտինը ոչ մի մեկնաբանություն չի տա»: Լիտվինենկոյի հայտարարության մեջ ասված է. «Կարծում եմ, ժամանակն է մի երկու խոսք ասել այն մարդուն, որը պատասխանատու է իմ ներկա վիճակի համար: Ձեզ միգուցե հաջողվի ստիպել ինձ լռել, սակայն այդ լռությունը Ձեզ վրա թանկ կնստի: Դուք ապացուցեցիք, որ այն դաժան բարբարոսն եք, ինչպիսին ձեզ ներկայացնում են ձեր ամենախիստ քննադատները: Դուք ցույց տվեցիք, որ արժանի չեք Ձեր պաշտոնին, քաղաքակիրթ մարդկանց վստահությանը: …Թող Աստված ների ձեզ, պարոն Պուտին, այն ամենի համար, ինչ արել եք ոչ միայն ինձ հետ, այլեւ ողջ Ռուսաստանի ու նրա ժողովրդի»։ Հիշեցնենք, որ Ա. Լիտվինենկոն ժամանակին հայտարարել էր, թե 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը կազմակերպված է եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Փաստենք, որ չպարզված հանգամանքներում կյանքից հեռացավ «Հոկտեմբերի 27»-ի մասին ինչ-ինչ հավանական տեղեկություններ ունեցող եւս մեկը: