Նոյեմբերի 23-ի գիշերը Լոնդոնի Յունիվերսալ-քոլեջի հիվանդանոցում մահացել է ՊԱԿ-ի նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոն: Հիշեցնենք, որ նա 2000թ. ընտանիքով հեռացել էր Ռուսաստանից: ՌԴ-ում նրա դեմ երեք քրեական գործ էր հարուցված, եւ 2002թ. Լիտվինենկոն պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով հեռակա դատապարտվել էր: Նա համարվում էր Բորիս Բերեզովսկու ամենամտերիմ մարդկանցից մեկը: 2006թ. Մեծ Բրիտանիան նրան քաղաքացիություն էր շնորհել:
Լիտվինենկոն թունավորվել էր անհայտ ծագման թույնով, այն բանից հետո, երբ նոյեմբերի 1-ին հանդիպում էր ունեցել երկու ռուսաստանցիների հետ, որոնցից մեկը նույնպես նախկին ՊԱԿ-ի աշխատակից էր: Դրանից հետո նա հանդիպել էր իտալացի գիտնական Մարիո Սկարամելլոյի հետ, եւ, ինչպես միջազգային մամուլն է հաղորդում՝ փաստաթղթեր էր ստացել, որտեղ նշված էին ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանողների անունները: Մի քանի ժամ անց Լիտվինենկոն իրեն վատ էր զգացել եւ դիմել էր հիվանդանոց: Մասնագետների կարծիքով՝ Լիտվինենկոյին թունավորել են ռադիոակտիվ նյութով, սակայն նրանցից մեկը Reuters-ին հայտնել է, որ «թույնի ճշգրիտ ֆորմուլան գուցե այդպես էլ հնարավոր չլինի պարզել»: Բրիտանական լրատվական գործակալություններն այսօր հաղորդել են Լիտվինենկոյի վերջին խոսքերը. «Այդ տականքները կարողացան իմ հախից գալ, բայց բոլորի հախից գալ չեն կարող»: Երեկ The Times-ը հրապարակել է Վլադիմիր Պուտինի օգնականներից մեկի հայտարարությունը, որտեղ ասվում է. «Դա, իհարկե, մեծ ողբերգություն է: Մարդուն թունավորել են, սակայն Կրեմլի հասցեին հնչող մեղադրանքները չափազանց անհավանական են ու հիմար, այդ պատճառով նախագահ Պուտինը ոչ մի մեկնաբանություն չի տա»: Սքոթլանդ Յարդը հայտարարել է, որ գործը որակվում է որպես «չբացահայտված պատճառներով վրա հասած մահ»:
Նոյեմբերի 24-ին հրապարակվել է Ալեքսանդր Լիտվինենկոյի հայտարարությունը, որը նա ստորագրել է մահվանից քիչ առաջ: Լիտվինենկոյի մոտ ընկեր Ալեքսանդր Գոլֆարբը Բրիտանական հեռուստատեսության եթերում կարդացել է այդ հայտարարությունը: Այնտեղ ասված է. «Կարծում եմ, ժամանակն է մի երկու խոսք ասել այն մարդուն, որը պատասխանատու է իմ ներկա վիճակի համար: Ձեզ միգուցե հաջողվի ստիպել ինձ լռել, սակայն այդ լռությունը Ձեզ վրա թանկ կնստի: Դուք ապացուցեցիք, որ այն դաժան բարբարոսն եք, ինչպիսին ձեզ ներկայացնում են ձեր ամենախիստ քննադատները: Դուք ցույց տվեցիք, որ արժանի չեք Ձեր պաշտոնին, քաղաքակիրթ մարդկանց վստահությանը: … Թող Աստված ների ձեզ, պարոն Պուտին, այն ամենի համար, ինչ արել եք ոչ միայն ինձ հետ, այլ ողջ Ռուսաստանի ու նրա ժողովրդի»։ Ուղիղ եթերում հայտարարությունը կարդացել է Գոլդֆարբը: Մոսկվան կտրականապես հերքում է կատարվածի հետ Կրեմլի կապը: «Ցանկացած մահ ողբերգություն է, եւ հիմա բրիտանական ոստիկանության գործն է՝ պարզել, թե ինչ է կատարվել»,- ասել է Վլադիմիր Պուտինի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե Մոսկվան կապ ունի այս ամենի հետ, մենք արդեն հայտարարել ենք, որ դա անհեթեթություն է»: