ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունն ավարտել է Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության հետ կապված սուտ մատնության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ Դատախազության հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Հայաստանի քաղաքացի, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերլիազոր Գեւորգյանը վրեժ լուծելու նպատակով սուտ մատնություն է կատարել՝ Ս. Արսենյանին եւ Ժ. Հայրապետյանին մեղադրելով Շահեն Հովասափյանի սպանության մեջ: «Գեւորգյանը, նախնական համաձայնության գալով իր ծանոթ՝ սահմանապահ զորքերի Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետի պետի տեղակալ Ա. Մելիքյանի հետ, պատրաստել են անստորագիր նամակ եւ զեկուցագիր՝ քրգործ հարուցելու իրավասություն ունեցող մարմին հանձնելու համար, որոնցում նշվել են պայթուցիկ սարք ձեռք բերելու եւ Հովասափյանի սպանությունը կատարելու նպատակով իրացնելու ենթադրյալ հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ըստ Դատախազության՝ սուտ մատնության նամակը Գեւորգյանն անձամբ գցել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան փոստարկղը, իսկ Մելիքյանն այդ նույն բովանդակությամբ իր վերադաս մարմնին հասցեագրած զեկուցագրում մտցրել է նաեւ ակնհայտ սուտ տեղեկություն՝ նշված ինֆորմացիայի աղբյուրի վերաբերյալ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել: