«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հաջողվել է հավաքել 13,7 միլիոն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում վերականգնողական տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Մինչ այդ՝ նոյեմբերի 15-17-ը, Հայաստանում անցկացված հեռախոսամարաթոնի ընթացքում հավաքվել էր 35 միլիոն դրամ, իսկ Եվրոպայի 5 երկրներում՝ 1 միլիոն 100.000 եվրո: Նվիրաբերված գումարներն ուղղվելու են ԼՂ Հադրութի շրջանի վերականգնմանը: Նախորդ տարվա համեմատ, այս տարի հանգանակվել է գրեթե կրկնապատիկ ավելի գումար: Բավական մեծ է եղել խոշոր նվիրատվությունների տեսակարար կշիռը: Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը փոխանցել է 2 միլիոն դոլար` Արցախի ամբողջ տարածքում կրթական հաստատությունների համար ծախսելու նպատակով: 2 միլիոն դոլար է փոխանցել նաեւ «Փրոջեքթ քյուր» կազմակերպությունը՝ Հադրութի հիվանդանոցի համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբեր Բոյաջյանն իր ընկերոջ` Ջերի Թուրքանջյանի անունից հիմնադրամին է փոխանցել 1 մլն 250.000 դոլար: Բարերար Վահե Կարապետյանն էլ նվիրաբերել է 1 միլիոն 500.000 դոլար՝ Ամարասի ճանապարհի կառուցմանը (ի դեպ, հեռուստամարաթոնի ժամանակ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Վ. Կարապետյանին համոզում էր դառնալ ԼՂՀ նախագահ` վստահեցնելով, որ ինքը լուրջ ընտրազանգված ունի այնտեղ: Սակայն Վ. Կարապետյանը հրաժարվեց առաջադրվել` ասելով, որ ինքն ամեն ինչ անելու է, որ Ա. Ղուկասյանը երրորդ անգամ առաջադրվելու հնարավորություն ունենա):
Ամերիկահայ բարերար Սարգիս Հակոբյանը նվիրաբերել է 550.000, իսկ Լուիզ Սիմոն Մանուկյանը՝ 500.000 դոլար: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հիմնադրամին է փոխանցել 1 միլիոն դոլար՝ Ստեփանակերտում դպրոցի կառուցման համար: Այս տարի Հայաստանը ապահովել է շուրջ 1 միլիոն դոլարի հանգանակություն: Հայաստանցի գործարարներից Միխայիլ Բաղդասարովը փոխանցել է 100.000 դոլար, Սամվել Ալեքսանյանը եւ Ռուբեն Հայրապետյանը՝ 50.000-ական դոլար: «Ազատություն» ռ/կ-ն, վկայակոչելով «Հայաստան» հիմնադրամի մամլո քարտուղար Անուշ Բաբայանին, տեղեկացնում է, որ հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը կամ նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առայժմ որեւէ հանգանակություն չեն արել: