Հակակրիմինալը «մաֆիա» է խաղում

27/11/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Այս խաղին ականատես եղանք երեկ, երբ նրանք երկար սեղանի շուրջ նստած` փորձում էին մեկ` կրիմինալ պաշտոնյա գտնել, մեկ` բացահայտել ԽՍՀՄ-ի ԿԳԲ-ի գործակալական հայկական հատվածին ու այսօր քաղաքական դաշտում գործող Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործակալներին: Իսկ երեկվա սեղանի շուրջ նստածներից առնվազն 5-ը տարբեր առիթներով մեղադրվում է նման գործունեության մեջ: Այնպես որ` սեւերի ու կարմիրների համադրություն երեկ այնտեղ էլ կար:

Օրինակ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ հակակրիմինալ շարժման անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին փորձում էր համոզել, որ իրենք` բոլոր կուսակցություններով միասին վերցված, շատ ավելի փոքր ու թույլ են, քան ԽՍՀՄ ժամանակների գաղտնի ոստիկանության` ԿԳԲ-ի գործակալական ցանցը: Իսկ այդ ցանցն, ըստ նրա, այժմ Հայաստանում քաղաքական լուրջ դերակատարում ունի: Այնքան լուրջ, որ վտանգում է Հայաստանի անկախությունը: Երբ ԱԻՄ նախագահից հետաքրքրվեցինք, թե ավելի ճիշտ ու ազնիվ չէ՞ր լինի, եթե ինքն առաջարկեր նախ բացահայտել իր գործընկեր քաղաքական ուժեր-գործակալներին, որոնց նման մեղադրանքներ պարբերաբար հասցեագրվում են, հետո` անդրադառնալ պետական համակարգին: Պարզվեց` մեր դիտարկումը «մանրացնում էր հարցը»: «Խոսքը վերաբերում է ազգային խնդրին: Բնականաբար, ոչ միայն այսօր այս սեղանի շուրջ նստածների մեջ, այլեւ իմ կուսակցության մեջ էլ կլինեն նրանք: Խոսքը հենց դրա մասին է, որ իրենք ներդրել են»,- հայտարարեց Հայրիկյանը:

Ինչեւէ, հենց Հայաստանի անկախությունը կորցնելու վտանգից մտահոգ, Պ. Հայրիկյանն իր գործընկերներին երեկ առաջարկում էր հակակրիմինալ շարժման կարեւորագույն խնդիրը համարել այդ ցանցի հայկական հատվածի գաղտնազերծումն ու այդ ցանկում կամովին կամ հարկադրաբար ընդգրկված մարդկանց անունները «հանուն ազգային եւ հասարակական անվտանգության շուտափույթ կերպով հրապարակումը»: Հայրիկյանը վստահ է, որ դա կստիպի նախկինում գործակալ, հիմա դավաճան ու լրտես որակված անձանց` ազատվել կապանքներից, իսկ «մենք էլ հանգիստ կապրենք»:

Պ. Հայրիկյանն առավել վտանգավոր է համարում պետական համակարգ ներթափանցած գաղտնի գործակալներին, ովքեր իրենց որոշումներով ծառայում են այն գործակալական ցանցին, որից էլ կազմակերպական ու բարոյահոգեբանական կախվածության մեջ են գտնվում: «Միայն դրանով կարելի է բացատրել, որ մանրադրամի համար կռիվ տվող միլիոնատերերին բնորոշ գիշատիչի հետեւողականություն դրսեւորող «բարեկամ Ռուսաստանին» տրվեցին եւ տրվում են Հայաստանի ռազմավարական նշանակության բոլոր ձեռնարկություններն ու հաստատությունները»,- ասում է Պ. Հայրիկյանը` առաջարկելով ներկայացնել «Գործակալների գաղտնազերծման մասին» օրենսդրական նախաձեռնություն: Հայրիկյանն առաջարկում է բոլոր պաշտոնյաներին, այդ թվում` Անդրանիկ Մարգարյանին, «խոստովանվել», իսկ նրանք, ովքեր չեն խոստովանի, ըստ այդ օրենքի` կենթարկվեն պատասխանատվության:

Չնայած Հայրիկյանի սպառնալիքին, թե` այս հարցի կարեւորությունն ընկալող ազգային հիմնախնդիրների վերաբերյալ ռազմավարական մոտեցման ընդունակ, անկաշառ, ավելի որոշակի` ԿԳԲ-ի ուղղակի կամ անուղղակի սպասավոր չդարձած մարդիկ եւ քաղաքական ուժերը պետք է միասնական ճակատ ստեղծեն այս չարիքի դեմ, հակակրիմինալ շարժմանն անդամակցող քաղաքական ուժերը հրաժարվեցին նման ճակատ ստեղծել` Հայրիկյանին համոզելով, որ երկու շաբաթ հետո իրենք` հանուն Հայրիկյանի, այդ թեման կքննարկեն: Օրինակ, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեմ էր, որ միայն ԿԳԲ-ականները բացահայտվեն, ու հենց ինքն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել, որտեղ կքննարկվի նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հատուկ գործակալների մասին, որոնք նույնպես Հայաստանում քիչ չեն: «Դրանք Հայաստանի համար մեծ վտանգ են ներկայացնում, պիտի բացահայտվեն ու քաղաքական դաշտից դուրս դրվեն»,- ասաց Ա. Կարապետյանը` խոստանալով անձամբ կազմակերպել այդ քննարկումը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում:

Շատերի դիտարկմամբ` Ա. Կարապետյանն այդպիսով փորձ էր անում իրեն ապահովագրել այն մեղադրանքներից, որ ինքը Ռուսաստանի գործակալն է Հայաստանում: Եվ մինչ մենք այս հարցը կուղղեինք իրեն` ինքն անդրադարձավ` ասելով. «Հենց ընտրությունների ժամանակ հեռուստաեթերը բացվի, ես կհնչեցնեմ այն մեր ինֆորմացիան, թե ովքեր են, մեր տվյալներով, արտաքին գործակալները Հայաստանում: Եթե հիշում եք, ինձ բոլորը կապում են ռուսական հատուկ ծառայությունների հետ: Ես ինքս պատրաստվում եմ հնչեցնել, եւ որեւէ մեկը թող հնչեցնի իմ բոլոր տվյալները… եթե այդպիսիք կան»:

Հետո հակակրիմինալները սահուն անցում կատարեցին մեկ այլ թեմայի` առաջարկելով լրատվամիջոցների հետ «ձեռք ձեռքի տված քայլել» ու լրատվամիջոցներում հնչեցված կրիմինալ փաստարկների դեմ միասին պայքարել: Այս թեման էլ հետաձգվեց մինչեւ հաջորդ շաբաթ, որովհետեւ Արամ Կարապետյանը խոստացավ դրա շուրջ լսումներ կազմակերպելու գործն անձամբ իր վրա վերցնել: Իսկ երեկ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ ինքն առաջիկայում հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանին «մերձ» կրիմինալ կենսագրություն ունեցող նախարարներից մեկի անունը, որի մասին այժմ ինքը փաստեր է հավաքում:

Հետո Արամ Կարապետյանն ասաց, թե ինքը տեղյակ է, որ նախարարներից ոմանք հակակրիմինալ շարժման մասնակիցներին առաջարկել են տարբեր տեսակի աջակցություններ` իրենց անունը չհրապարակելու կամ նորից չհնչեցնելու համար: Բայց դա, ինչպես նշեց Արամ Կարապետյանը, փողի տեսքով չի եղել: «Գումար չի առաջարկվել, առաջարկվել է քաղաքական հենարան, քաղաքական գործողություն, թերթային օգնություն, որը ես գնահատում եմ` 50.000-ի կարգի` միայն թե իրենց անունը չհնչեցվի, կամ` հնչեցվածներն էլ չհնչեցվեն»,- ասում էր նա:

Ա. Կարապետյանը, ով մեզ վստահեցնում էր, թե իրեն նման առաջարկ չի արվել, նաեւ վստահեցնում էր, թե իր հակակրիմինալ շարժման ընկերները, որոնց արվել է նման առաջարկ, հրաժարվել են պաշտոնյաների բազմազան առաջարկություններից:

«Վստահ եմ, որովհետեւ նման մեծ քանակի ինՖորմացիայի տիրապետում են շարժման մեջ գտնվող մի քանի կուսակցության լիդերներ ու մարդիկ: Բոլորը չէ, չէ՞, որ տիրապետում են այդ ինֆորմացիաներին: Դրա համար կարծում եմ, որ գործողությունների թիրախ կընտրվեն մի քանի հոգի, որոնց հետ կփորձեն պայմանավորվել: Իսկ դրանք, իմ կարծիքով, 2-3 հոգի են»,- համոզում էր Ա. Կարապետյանը: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք իրեն նման առաջարկ արվե՞լ է, Ա. Կարապետյանն իր` նման ճակատագրից դժգոհ` ասաց. «Ոչ, առաջարկ չեն արել, բայց խոստացել են անել»: Ի դեպ, մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե` այդ նախարարի անունը չհրապարակելն արդյոք չի՞ նշանակում կրիմինալի քողարկում, որը կարող է պատժվել իմանալ-չհայտնելու մասին օրենքով, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Ոչ, ինքս պատրաստվում եմ հնչեցնել այդ անունն առանձին մամուլի ասուլիսով»:

Հ.Գ. Հաջորդ «Մաֆիան» տեղի կունենա նոյեմբերի 29-ին: Հասցեն անփոփոխ է` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց: