Նարցիսիզմը առանձնապես դատապարտելի բան չէ: Օրերս մեր զրուցակից մի հոգեբան հայ խորհրդարանականների մարդկային տիպերը բաժանեց մի քանի խմբերի: Մասնագետի վերլուծությունները ցույց են տվել, որ խորհրդարանական նարցիսների խմբի առաջին հորիզոնականում է գտնվում եւ, տեւական ժամանակ է, առաջնությունը որեւէ մեկին չի զիջում 2006թ. օգոստոսի 3-ից անկախ պատգամավոր դարձած Վիկտոր Դալլաքյանը: Նրա հետ շփվողները կարող են վկայել, որ պատգամավորական այդ տեսակը զրույցի իր թեման սովորաբար բաժանում է երեք հավասար մասի, զրույցի առաջին մասում ինքն է` որպես անդիմադրելի տղամարդ, որի համար գժվում է Հայաստանի եւ արտերկրի իգական սեռի որակյալ մասը, զրույցի երկրորդ մասում ինքն Է՝ որպես Հայաստանի թիվ մեկ օրենսդիր, որի նմանը երբեւէ չի եղել հայկական պառլամենտարիզմի պատմության մեջ, ու վերջապես` զրույցի ֆինալային թեման կրկին ինքն է, բայց արդեն` որպես մեծ քաղաքագետ, գիտնական, որը սկսել է իր ստորագրությամբ բարդ-բարդ վերլուծություններ տպագրել հայկական մամուլում մարդու գոյաբանական տեսակի եւ պատմական առաքելության մասին: Այնպես որ, պատահական չէ, որ երբ քաղաքական շրջանակներում հանկարծ իր «կոստյումի» հարցն է բարձրանում, Վիկտոր Դալլաքյանը սիրում է իր գլխին հավաքել նորելուկ լրագրողներին ու պատմել, որ իր կոստյումներն իր կինը գնում է «Մալաթիայի» շուկայից 50 դոլարով, բայց քանի որ ինքն ահավոր շորասազ է, բոլորին թվում է, թե Դալլաքյանի հագինը 5 հազար դոլարանոց կոստյում է: Այս թեման, սակայն, թողնենք կուտյուրիեներին, քանի որ Դալլաքյանի օրենսդրական արտադրանքի ոլորտում եւս բավականին հետաքրքիր դետալներ կան: Որեւէ մեկը չի մոռացել, թե ինչպես էր այս պատգամավորը տարբեր լրատվամիջոցներով շրջանառության մեջ դնում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագիրն ինքն է գրել: Մինչդեռ, իրականությունն այն է, որ ինքն ընդամենը խիստ պարտաճանաչ, ընդ որում` օրական մի քանի ժամ, խելոք նստել է այն աշխատասենյակում, որտեղ Աժ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու խորհրդարանի երկու փորձագետները գրել են «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրը: Այնուհետեւ, յուրաքանչյուր օրվա աշխատանքի արդյունքը Դալլաքյանը դրել է իր թղթապանակի մեջ ու համապատասխան վայրերում ներկայացրել` որպես իր այդ օրվա հալալ քրտինքը: Եվ քանի որ «Բարգավաճ Հայաստանի» հետ այդ ժամանակներում ուղիղ կոնտակտ ուներ միայն Դալլաքյանը, բնականաբար, այդ կուսակցության պատասխանատուները մինչ օրս վստահ են, թե իրենց ծրագիրը գրել է Վ. Դալլաքյանը: Ըստ հավաստի տեղեկությունների, խորհրդարանի մեծ եւ փոքր օրակարգերում գտնվող Դալլաքյանի բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունները եւս այդ երկու բավականին գրագետ ու պարտաճանաչ փորձագետների աշխատանքն է: Իհարկե, պետք է նաեւ խոստովանել, որ այս տարիների ընթացքում Դալլաքյանն, այնուամենայնիվ, ինչ-որ բան սովորել է, եւ չի բացառվում, որ առաջիկայում կարողանա նաեւ առանց կողմնակի միջամտության օրենք գրել, կամ մարդու եւ անհատի գոյաբանական տեսակի մասին գիտական աշխատություններով հանդես գալ: Այդուհանդերձ, վերոնշյալ դրվագները գրեթե ոչինչ են այդ քաղաքական գործչի հնարամտության հանդեպ: Դեռ այն ժամանակ, երբ Դալլաքյանը տեղեկացված չէր, որ իր ներկայությունը «Բարգավաճ Հայաստանում» այլեւս բացառվել Է, եւ գրեթե վստահ Էր, որ քաղաքականությունից հեռու Ծառուկյանին այլ բան չի մնալու, քան իրեն դարձնել կուսակցության քաղաքական առաջնորդ, նա նույն այդ ժամանակ շարունակում Էր բանակցություններ վարել «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ՝ շաբաթ կամ կիրակի օրերին հայտնվելով վերջինիս նորակառույց գրասենյակում: Եվ, ըստ այդ հանդիպումներին իրազեկների, ՕԵԿ-ում նա կիսել Է Արթուր Բաղդասարյանի, մեղմ ասած, անհանդուրժողականությունը Ծառուկյանի հանդեպ, իսկ արդեն ԲՀԿ-ում Բաղդասարյանին համարել Է մանկամիտ: «Բարգավաճ Հայաստանում», կարծես թե, Դալլաքյանին վերջնականապես չեն ընդունում: Արթուր Բաղդասարյանն էլ է որոշ շրջանակներում ասել, թե Դալլաքյանն իրենց եւս պետք չէ: Իսկ «Արդարություն» դաշինքի հետ բոլոր կամուրջներն այլեւս այրված են: Ի՞նչ է մնում անել Վ. Դալլաքյանին: Փնտրել քաղաքական նոր ապաստան: Ինչով էլ նա այժմ զբաղված է: