Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ

27/11/2006

«Մենք հրաժարվում ենք ընտրություն կատարել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ»,- գրում է անգլիական «Economist» թերթը՝ վկայակոչելով ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի խոսքերը։ Թերթը գրում է, որ Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացումը Հայաստանի համար հավասարազոր է ինքնասպանության: «Կրեմլի ազդեցությունը երկրում աճում է: Ռուսական ընկերություններն արդեն կառավարում են էներգետիկ ոլորտը եւ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը այլ բնագավառներում»,- գրում է թերթը: Վ. Օսկանյանի խոսքերով՝ «այսօր մենք շատ բանի կարիք ունենք», որպեսզի մտածենք ապագա վտանգների մասին: Բացի այդ, աճող նավթագազային եկամուտների պատճառով Բաքուն իրեն վստահ, նույնիսկ ռազմատենչ է պահում, ստիպելով Հայաստանին մերձենալ Ռուսաստանի հետ: «Ամերիկայի շահագրգռվածությունը Կասպից տարածաշրջանը Միջերկրականի հետ կապող խողովակաշարերում, որոնց երթուղիներն անցնում են Հայաստանի սահմանների մոտով, նշանակում է, որ եթե վերսկսվի պատերազմն Ադրբեջանի հետ, նրա արձագանքը կտարածվի Կովկասի սահմաններից շատ այն կողմ»,- ըստ թերթի՝ ասել է Վ. Օսկանյանը: Թերթը գրում է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը, կամ թեկուզ ժամանակավոր համաձայնագիրը, որը թույլ կտար երկու երկրներին վերսկսել նորմալ առեւտրային հարաբերություններ, գրեթե անհնար է: Բաժանարար գծի վրա պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում։