Գրիպն՝ աշխարհի ուշադրության կենտրոնում

27/11/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տարեսկզբին բռնկված թռչնագրիպային «իրարանցումներն» արդեն մոռացվել են, եւ ազգաբնակչությունն այլեւս առանց վարանելու թռչնամիս եւ ձու է ճաշակում (եթե չասենք, որ հայրենական ձվերի գներն էլ բավականին թանկացել են): Թռչնագրիպից դեռեւս վախենալու ահազանգեր չկան, սակայն գրիպի եւ սուր շնչառական վիրուսային հիվանդությունների (ՍՇՎՀ) սեզոնն արդեն սկսվել է:

Ամեն տարի ՀՀ Առողջապահության նախարարությունն (ԱՆ), ի դեմս Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, ՍՇՎՀ-ի մոնիտորինգ է անցկացնում: Առողջապահության նախարարի հրամանի համաձայն, այս տարի այդ աշխատանքները սկսվել են նոյեմբերի 1-ից: Տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի հավաստմամբ, երկու շաբաթվա մոնիտորինգի տվյալները վկայում են, որ հանրապետությունում շնչառական հիվանդությունների բարձրացում չկա: Նրա ասելով, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՍՇՎՀ-ն գտնվում է նույն մակարդակի վրա: Մոնիտորինգի արդյունքներն ամփոփելուց հետո ազգաբնակչության շրջանում գրիպի դեմ զանգվածային պատվաստումներ կանցկացվեն: «Գրիպն այսօր ամբողջ աշխարհի գիտական հանրության ուշադրության կենտրոնում է: Մենք նույնպես մեծ ուշադրություն ենք դարձնում գրիպի դեմ իրականացվող զանգվածային պատվաստումներին, քանի որ ներկայումս ամբողջ աշխարհի համար մեծ վտանգ են ներկայացնում թռչնագրիպն ու մուտագեն գրիպը: Հաշվի առնելով մոնիտորինգի ամփոփիչ տվյալներն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները, մոտ ժամանակներս կհստակեցվեն պետպատվերի շրջանակներում իրականացվող պատվաստողների ռիսկային խմբերը»,- նշում է Լ. Թորոսյանը:

Աշխարհում գրիպից մահացությունը կազմում է 2-3%, վերջին տվյալներով` միայն ԱՄՆ-ում տարեկան 36.000 մարդ է մահանում: «Պատվաստում անելով մարդն իրեն 100%-ով չի պաշտպանում գրիպով վարակվելուց, սակայն խիստ նվազեցնում է հիվանդանալու վտանգը»,- ասել է բժշկական հարցերի գծով ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարը: Իսկ Հայաստանում պաշտոնական տվյալները վկայում են, որ գրիպից մահացության դեպքեր չեն արձանագրվել: Կարող ենք ասել, որ մեր ազգաբնակչության իմունիտետը բարձր է (հայերը դիմացկուն ազգ են), կամ էլ մեր գրիպներն «ագրեսիվ» բնույթի չեն: Այս օրերին Ռուսաստանում իրականացվող հակագրիպային զանգվածային միջոցառումները մեծ աղմուկ են հանել տեղի «Միկրոգեն» դեղագործական ընկերության արտադրած «Գրիպպոլ» ռուսական պատվաստանյութի առնչությամբ: «Ռեգնումի» փոխանցմամբ, ՌԴ-ի 9 երկրամասերում գրանցվել են «Գրիպպոլ» պատվաստանյութից ծանր ալերգիայի (շնչարգելության եւ կոկորդի այտուցի կլինիկական նշաններով) դեպքեր: Պատվաստանյութից հիմնականում տուժել են դպրոցական տարիքի երեխաներ: Ռուսական ծագման պատվաստանյութից կողմնակի ազդեցությունների հայտնաբերվելուց հետո էլ ՌԴ-ում շարունակվում է պատվաստումների ազգային ծրագիրը` կիրառելով «Գրիպպոլ», մասամբ էլ` ֆրանսիական պատվաստանյութերը: Հիշեցնենք, որ ֆրանսիական ծագման պատվաստանյութերից օրերս 4 իսրայելցիներ են մահացել: Այս առթիվ Իսրայելում դադարեցվել է գրիպի դեմ պատվաստումների գործընթացը: ՀՀ ԱՆ պետական տեսչությունից մեզ ասացին, որ 2006թ. սկզբներին Հայաստանում իրականացված պատվաստումների ժամանակ օգտագործվել է նիդեռլանդական «Սոլվեյ» ընկերության «Ինֆլյուվակ» պատվաստանյութը (ներկրողը մրցույթը շահած «Նատալի ֆարմ» դեղագործական ընկերությունն է), որը կիրառվում է Ա եւ Բ տիպի գրիպների ժամանակ եւ քիչ ռեակտոգեն է: «Պատվաստելիս հաշվի է առնվում տվյալ մարդու եւ կատեգորիան, եւ նախկինում ունեցած հիվանդությունները: Մեզ մոտ պատվաստանյութերից բարդությունների դեպքեր չեն արձանագրվել»,- տեղեկացնում է Լ. Թորոսյանը:

Ինչպես խուսափել գրիպից

Այսօր Ռուսաստանում եւ Իսրայելում տեղի ունեցած պատահարների ծանր դեպքերից անկախ, մեզանում բոլոր տեսակի պատվաստումների հանդեպ միշտ էլ երկակի վերաբերմունք է դրսեւորվել: Ինչ վերաբերում է գրիպի դեմ պատվաստումներին, ապա ոչ բոլոր ցանկացողները կարող են պատվաստվել, որովհետեւ պետպատվերի սահմանած շրջանակները բավականին սեղմ են լինում, իսկ դեղատներում ազատ վաճառքի հանված հակագրիպային պատվաստանյութերը վաճառվում են 5000 դրամով: Նկատենք, որ այս սեզոնին գրիպից եւ թափառող վիրուսներից խուսափել գրեթե անհնար է, իսկ վարակվելիս էլ հիվանդությունը ձգձգվող ընթացք է ունենում: Ինչպե՞ս խուսափել գրիպից եւ ՍՇՎՀ-ից: Իմունոլոգ Լուսյա Կծոյանը խորհուրդ է տալիս կանխարգելիչ նպատակներով հաճախակի օգտագործել վիտամին «C» հաբեր կամ պարզապես վիտամին «C» պարունակող մրգեր եւ իմունոխթանիչ դեղամիջոցներ` օրինակ «Իմունալ»: Իսկ եթե դուք արդեն վարակվել եք, ապա բժիշկը խորհուրդ է տալիս հաճախակի օդափոխել բնակարանը: «Մեր պայմաններում շատ մեծ են վարակվելու հավանականությունները: Առաջին վտանգավոր վայրը երթուղային տաքսիներն են, որտեղ մեկը մյուսի բերանի մեջ է շնչում: Հետո, այսօր ոչ բոլորի բնակարաններն են ջեռուցվում կամ ջեռուցվում է միայն մեկ սենյակ, իսկ ջերմաստիճանի կտրուկ տատանումներն անբարենպաստ ազդեցություն են ունենում հիվանդությունների վրա: Մինչեւ վերջ չապաքինվելով` մարդիկ փողոց են դուրս գալիս, ու սառը օդն առաջացնում է ռեինֆեկցիա` հիվանդությունն անընդհատ ձգձգվում է: Բացի այդ, մեր ազգաբնակչության գերակշիռ մասի իմունոհամակարգը թույլ է, որին նպաստում են խրոնիկական սթրեսները, գերհոգնածությունը եւ թերսնումը»,- ասում է Լ. Կծոյանը: