Մահացել է Ֆիլիպ Նուարեն

27/11/2006

Նոյեմբերի 23-ին Փարիզում 76 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ֆիլիպ Նուարեն: «Նրա մահով թատրոնի եւ կինոյի աշխարհը որբացավ: Նա գիտեր` ինչպես ըմբռնել եւ արտահայտել գլխավորը ֆրանսիական հոգում»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը: Չնայած իր համաշխարհային համբավին` Նուարեն եղել է շատ համեստ անձնավորություն: Երկար տարիներ նա հրաժարվել է Պատվավոր լեգիոնի շքանշանից եւ միայն մահից մի քանի ամիս առաջ է ընդունել այն: Իր ավելի քան կեսդարյա կինոկարիերայի ընթացքում Նուարեն նկարահանվել է 150 ֆիլմերում, երկու անգամ արժանացել է Ֆրանսիայի ամենաբարձր` «Սեզար» կինոմրցանակին: Նուարեի ամենաճանաչված ֆիլմերն են` «Բացեք, ոստիկանությունն է», «Փոստատարը», «Հին զենք», «Աֆրիկացին»: Դերասանի մասնակցությամբ վերջին ժապավենը էկրան կբարձրանա 2007թ.: