Բուժհիմնարկներում, մասնավորապես պոլիկլինիկաներում այս օրերին բժիշկներին ստիպում են իբր իրենց ցանկությամբ եւ իրենց հաշվին արձակուրդ գնալու դիմումներ գրել, եւ ողջ հիմնարկի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը յուրացվում է: Այս ինֆորմացիան մեզ փոխանցեց մայրաքաղաքի պոլիկլինիկաներից մեկի մի բժիշկ: Քանի որ բժիշկներն իրենց աշխատավարձը ստանում են էլեկտրոնային քարտերով, այդ դիմումներն անհրաժեշտ են, որպեսզի օրինականացվի իքս չափի գումարի բանկային հաշվին չփոխանցելը: Թե ովքե՞ր են յուրացնում այդ փողերը, թող պարզեն իրավապահները, թող հետաքրքրվեն դաշնակցականները, որոնց առաջադրած նախարարն է ղեկավարում առողջապահության ոլորտը, եւ որոնք համոզված են, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրենք հավասարը չունեն: Մեր զրուցակից բժիշկը հավատացնում էր, որ իրենց «կոմպենսացիա» է առաջարկվում՝ հիվանդներից գանձել ծառայությունների դիմաց վարձատրություն, ինչն անձամբ մեր զրուցակցի համար խիստ նվաստացուցիչ է: Մեր հարցին, թե իսկ ինչո՞ւ համակարգի աշխատակիցները միասին չեն բողոքում այդ ապօրինության դեմ, զրուցակիցս պատասխանեց, թե նման հանդուգն պահվածք ունեցողներին սպառնում են կրճատումներով: Սա 100 տոկոսանոց ճշգրիտ ինֆորմացիա է, որը հիմնված է սեփական դիմումի համաձայն իր մեկ ամսվա աշխատավարձից հրաժարված բժշկի պատմության վրա (մեր զրուցակիցը, ինչպես ընդունված է մեր երկրում, խնդրեց իր անունը չհրապարակել եւ պատճառ չդառնալ, որ իր ընտանիքը զրկվի մի կտոր հացից): Հասկանալով նրա մտահոգությունը, նույնքան անհասկանալի է այն ստրկամտությունը, որն այնպես է բարդույթավորել մեր հասարակությանը, որ թերարժեքությունն ու վախկոտությունը դարձել են մեր ազգային ամենաբնորոշ գծերը: Խոսքը տվյալ դեպքում աշխատավարձ ստանալու իրավունքից զրկված եւ այդ փաստը լռությամբ տանող բժիշկների բազմահազարանոց բանակի մասին է: Ի դեպ, մեր զրուցակիցն այսքանից հետո խիստ դժգոհ էր, որ ինքն ազգությամբ հայ է եւ դատապարտված է ապրել հայերի միջավայրում: Հետաքրքիր զուգադիպությամբ մուտքի մեր հարեւաններից մեկը (մասնագիտությամբ՝ հայագետ) եւս ժամանակ առ ժամանակ վստահեցնում է, որ հոգնել է իր ազգությունից, եւ անկեղծորեն փորձում է պարզել, թե ինչպե՞ս կարող է փոխել այն (նրա անձնագրում եւս նշված է՝ ազգությունը՝ հայ): Երբ նա ասում է՝ «Հոգնել եմ հայ լինելուց», ուզում է ասել՝ հոգնել եմ իմ թուլությունից, անվճռականությունից, իմ իրավունքներին տեր կանգնել չկարողանալուց, իմ անզորությունից: Իսկ նրա անձնագրում մինչ օրս որեւէ փոփոխություն չկա. այնտեղ համառորեն հիշատակվում է, որ նա ազգությամբ հայ է՝ իր բոլոր հետեւանքներով:
Քանի որ մեր լեքսիկոնում դժվար չէ հանդիպել «էս ի՞նչ ազգ ենք, նախանձ ենք, չկամ, ստրկամիտ, իզուր թուրքերը բոլորին չկոտորեցին» եւ նման այլ մազոխիստական մտքերի, ստիպված ես հանգել գուցե ոչ գիտական, բայց տխուր եզրակացության՝ գուցե իրո՞ք եկել է այն ժամանակը, երբ մենք՝ որպես ազգ, այլեւս անելիք չունենք այս երկրագնդի վրա, երբ կամավոր հրաժարվում ենք մեր ազգային ունեցվածքից, արժեքներից, ինչ-որ բան ստեղծելու ցանկությունից: Այս հարցն ուղղեցինք ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանին. «Ձեր ասածի մեջ արդեն կա սեփական պատասխան, եւ ես դրան համաձայն չեմ: Գիտե՞ք, որ Չարենցը դեռեւս 30-ականներին է ասել՝ «Իջնում է ազգիս երեկոն»: Այն ժամանակ մարդիկ հավատում էին, որ արդեն վերջանում է մեր պատմությունը: Իսահակյանը, կաթողիկոսը. մեկն ասել է՝ 30 տարի, մյուսը՝ 50 տարի: Հիմա տեսնում ենք, որ այդպես չեղավ: Աշխարհի զարգացումը մեր ժողովրդի ճակատագիրն այլ կերպ տնօրինեց. 15 տարի է՝ ապրում ենք անկախ պետությունում: ՄԱԿ-ի անդամ ենք: Թվում է, դա այնքան էլ էական բան չէ: Սակայն այդպես չէ: Իմացե՛ք, գործում են ժողովրդի գոյատեւման պատմական տեխնոլոգիաներ: Եվ մեր ժողովրդի համար նման տեխնոլոգիաներից մեկն էլ գաղթականությունն է, այլ երկրներում աշխատանք փնտրելու միտումը: Հայերն ունեն մի հրաշալի հատկանիշ՝ հավակնոտ են: Թեեւ մի կողմից` դա վատ է, սակայն մեր ժողովրդի պահպանման համար հրաշալի գիծ է»: Ա. Պետրոսյանի կարծիքով, եթե ամեն ինչին փիլիսոփայորեն նայենք, այսինքն՝ եթե ընդունենք, որ այն, ինչ մի օր ստեղծվել է, մի օր պետք է վերջանա, ապա կոնկրետ հայ ժողովրդի դեպքում վտանգն ավելի շուտ ոչ թե ներքին է, այլ արտաքին. «Փոխվում է աշխարհի դեմոգրաֆիկ պատկերը: Շատ պարսիկներ են այսօր նախընտրում բնակություն հաստատել Հայաստանում. այստեղ ապրելն ավելի հեշտ է, հայ աղջիկները գեղեցիկ են, եւ, ի տարբերություն պարսկուհիների՝ առավել մատչելի են: Իրանի համար ողջ Հայաստանը Թեհրանի մի թաղամասի չափ մի բան է: Արաբներն ու պարսիկներն արագ բազմացող ժողովուրդ են, եւ եթե գան Հայաստան, կարող են դեմոգրաֆիկ մեծ փոփոխություն առաջացնել: Եվ դա օրինաչափ է աշխարհի մասշտաբով: Ռուսաստանն, օրինակ, ունի համարյա դատարկ մի երկրամաս՝ Սիբիրը, իսկ հարեւանությամբ գտնվող Չինաստանը գերբնակեցված է: Այնպես որ, խոսքն անգամ Ռուսաստանի պես հզոր երկրի լինել-չլինելու մասին է: Ես հայ ժողովրդի անհետացման մոտակա նախադրյալներ չեմ տեսնում: Եթե մեր պետությունն ունենա իմաստուն կառավարիչներ, կարելի է գոյատեւել: Երբ մի մեծ պետություն ուզում է ուտել մի փոքր պետության, կուտի, բայց երբ մի այլ մեծ պետություն եւս ուզում է ուտել այդ պետությանը, ուրեմն այդ փոքր պետությունը փրկված է: Հայաստանն այնպիսի վիճակում է, որ այստեղ իր շահերն ունի թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը: Որոշակի իմաստնության դեպքում մենք կարող ենք գոյատեւել»:
Օրերս, հանդիպելով իր երկրի կառավարության անդամների հետ, ՌԴ նախագահ Պուտինն ասաց. «Եթե ուզում եք մեր երկրի համար մի բան անել, ապրեք աշխատավարձով»: Հայաստանում պետական բարձրաստիճան չինովնիկներին նման բան ոչ ոք չի առաջարկում: Ավելին, սրանք ուզում են ապրել ոչ միայն իրենց, այլեւ իրենց ենթակաների աշխատավարձով: Հետեւաբար, մեր երկիրը, չձգտելով ավելիին, ամեն դեպքում կարող է հանգիստ շունչ քաշել, որ, ինչպես գիտնականն է պնդում, կշարունակի այսուհետ էլ գոյատեւել՝ միայն եւ միայն հզոր երկու պետությունների շահերի բախման կենտրոնում լինելու շնորհիվ: