Անունի համար է աշխատելու

27/11/2006

Մեր թերթի նախորդ համարներից մեկում` «Մեկը մյուսի վրա է բարդում» հրապարակման մեջ անդրադարձել էինք Աջափնյակ համայնքի Մազմանյան-14 շենքի կոյուղաջրերի նկուղներ լցվելու փաստին: Նշել էինք նաեւ, որ այս համայնքում նման անմխիթար վիճակում են հայտնվել Մազմանյան-6, 22, Մարգարյան-2 եւ Բաշինջաղյան-18 շենքերի կոյուղագծերն ու դիտահորերը, որի պատճառով պարբերաբար տեղի են ունենում խցանումներ:

«Երեւան ջուր» ՓԲԸ-ն` արձագանքելով մեր հրապարակմանը` նշել է, թե իրենց մասնագետներն ուսումնասիրել են նշված հասցեների կոյուղագծերը եւ որեւէ խցանում կամ գրունտի նստվածք չեն հայտնաբերել: Ընկերությունից տեղեկացնում են նաեւ, որ վարձակալության պայմանագրի շրջանակներում «Երեւան ջուրը» պարտավորվել է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը բարելավել եւ ոլորտում արվող ներդրումները կուղղորդի այդ նպատակների իրականացմանը:

Սակայն «Երեւան ջուր»-ի կատարած ուսումնասիրություններին ու տրված գնահատականներին կասկածանքով է վերաբերվում Աջափնյակի համատիրության նախագահ Ռոզա Բաղիշյանը: «Օրը մեջ նրանք կարող են գալ ու ստուգել, որ խցանումներ են լինում: Եթե նստվածքներ չլինեին, խցանումները չէին կրկնվի: Ներքին ցանց վերանորոգելը հիմա մեր ուժերից վեր է: Մեր նոր թաղապետ Ռուբեն Հովսեփյանը խոստացել է աջակցել համատիրություններին, իսկ բնակիչներին խնդրել ենք դիմանալ, մինչեւ թաղապետը ծանոթանա խնդրին: Այս թաղապետն անունի համար է աշխատելու, ոչ թե փողի: Նրա թափը հերիքելու է այդ հարցերը լուծել»,- վստահեցնում է համատիրության նախագահը: