Մարդիկ հոգնել են պաշտոնյաներից

27/11/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Նոյեմբերի 24-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Հաշտության պաշարներ» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ֆինանսավորմամբ՝ «Հարավային Կովկասի աուդիոօրագրեր» նախագծի շրջանակներում թողարկված «Իրական պատմություններ» ձայնասկավառակի եւ գրքի շնորհանդեսը: ԼՂՀ-ում ծրագրի համակարգող Կարինե Օհանյանի հավաստմամբ, Ղարաբաղում աուդիոօրագրերի ձայնագրումները սկսվել են 2004 թ. եւ մինչեւ հիմա ձայնագրվել է շուրջ 200 իրական պատմություն` պատերազմի եւ խաղաղության, փախստականների, սոցիալական եւ տարաբնույթ թեմաներով: «Ավանդույթ» հասարակական կազմակերպության նախագահ Վալերի Բալայանը նկատեց, որ հակամարտող կողմերի հասարակության շրջանում բնակիչները հոգնել են տարվող քարոզչությունից, «իսկ վերոնշյալ նախագիծն օգնում է երկու կողմերի բնակիչներին` չմոռանալ այն պարզ ճշմարտության մասին, որ սահմանից այն կողմ ապրում են նրանց նման մարդիկ՝ նույն խնդիրներով ու զգացմունքներով»: Իսկ «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպության անդամ Նաիրա Հայրումյանը կոչ արեց չմոռանալ նաեւ դիմացինի, հարեւանի, ընկերոջ եւ բարեկամի մասին: Նա նաեւ նշեց, որ նման նախագծերը շատ կարեւոր են, քանի որ հասարակ մարդկանց կյանքն ու խնդիրները շատ քիչ են ներկայացվում լրատվամիջոցներում: «Մարդիկ հոգնել են ամեն օր հեռուստացույցով տեսնել այս կամ այն երկրի ղեկավարին, քաղաքական գործչին ու պատգամավորին, մարդկանց ավելի շատ հետաքրքրում է իրենց դիմացինի ապրելակերպն ու խնդիրները»,- ավելացրել է նա: