Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ «Նեզավիսիմայա գազետան» տեղեկացնում է, թե ԼՂՀ խնդրով բանակցային գործընթացում այժմ քննարկվող շրջանակային համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ, ի վերջո, հայկական կողմը վերադարձնելու է «Ադրբեջանի բոլոր 7 գրավյալ շրջանները» եւ ԼՂ-ն Հայաստանին միանալու է 40 կմ միջանցքով: Թերթի տեղեկություններով՝ հայ-ադրբեջանական բանակցություններում մի ծրագիր է քննարկվում, համաձայն որի` այդ միջանցքը վերահսկվելու է խաղաղապահ ուժերի կողմից: Աղբյուրի պնդմամբ՝ համաձայնագրի նախագիծը նախատեսում է հետեւյալ քայլերը. ՀՀ-ն դուրս է բերում զորքերն իր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներից, փախստականները վերադառնում են իրենց մշտական բնակության վայրերը, բնականոնացվում են ՀՀ եւ Ադրբեջանի դիվանագիտական եւ տնտեսական կապերը, հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր են տեղակայվում, ԼՂ-ին միջազգային տնտեսական աջակցություն է ցուցաբերվում եւ վերջում ԼՂ-ի կարգավիճակի հարցով հանրաքվե է անցկացվում: