Իշխանությունից հրաժարվելը շատ դժվար է

24/11/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ինչ վերաբերում է տարածքներ հանձնելուն, ապա, ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում ասել է Գ. Սահակյանը, ինքը կարող է ասել, որ ոչ միայն չեն հանձնելու, այլ նաեւ վերցնելու են ողջ Հայկական բարձրավանդակի հողերը, սակայն ռեալ իրողությունն, ըստ նրա, այն է, որ պետք է բաց բանակցային գործընթաց լինի: «Մեր դիրքորոշումը հետեւյալն է` նախ` ԼՂ-ի կարգավիճակը, դրանից հետո` բանակցային պրոցեսներ: Այդ ժամանակ արդեն բոլորը որոշելու խնդիր կունենան,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով,- Մենք միտված կլինենք, որ ժողովրդին ոտքի հանենք հարցի լուծման առավել բարենպաստ պայմաններ ունենալու համար»: Ըստ նրա, տարածքների վերադարձի մասին ներկայիս գնահատականներն ուղղակի խոսակցության մակարդակի են: «Մարդիկ փորձում են հակադրվելու համար ինչ-որ բան հորինել, հետո պայքարել այդ հորինվածքի դեմ»,- նշեց Գ. Սահակյանն ու փոխանցեց իր անձնական կարծիքը, համաձայն որի, առաջիկա տարիներին ԼՂ հարցով գուցե թե որոշակի մոտեցումներ ձեւավորվեն կամ որոշակի արդյունքներ գրանցվեն, սակայն խնդրի վերջնական լուծումն ինքը տեսնում է 2012 թվականին: Անդրադառնալով ներքաղաքական հարցերին` Գալուստ Սահակյանը նշեց, թե ընդդիմությունը հանձնաժողովներում տեղերը հավասարակշռելու առաջարկ է անում, բայց երբեք իր վրա պատասխանատվություն չի վերցնում, որ ինքն էլ կարող է որեւէ խախտման դեպքում մեղավորություն ունենալ: Գ. Սահակյանը համոզված է, որ եթե նախընտրական շրջանում շարունակվեն փոխադարձ հայհոյանքները, ապա արդար ընտրության հույս ունենալ պետք չէ, քանզի այդ հայհոյանքները սրում են իրավիճակն ու լարվածություն առաջացնում, ինչի հետեւանքն էլ լինում է անօրինականությունը: Գալուստ Սահակյանը նաեւ պնդում է, թե կուսակցությունները պետք է քաղաքական պայքարի դուրս գան իրենց ռեսուրսները հաշվարկելով` ու «մեծ ուժը մեծ տոկոս պետք է ունենա, փոքրը` փոքր»: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուրն իր ոտքերը պետք է սեփական վերմակի չափով մեկնի: Սակայն ՀՀԿ-ին, ինչպես վստահեցնում է Գ. Սահակյանը, ավելի շատ հետաքրքրում է ժողովրդի ճակատագիրը: Ու հենց դա է պատճառը, որ ՀՀԿ-ին առանձնապես չի մտահոգում, որ «Պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին» օրինագիծը կարող է հանրության զգալի մասին ՀՀԿ-ի դեմ տրամադրել, որովհետեւ, ըստ Գ. Սահակյանի, այդ օրինագծից ՀՀԿ-ն կարող է կորցնել շատ-շատ մի 10% ձայն, սակայն «ժողովուրդը կշահի 100%»: Որովհետեւ, Գ. Սահակյանի հավաստմամբ, այդ օրինագիծն այն քայլերի թվում է, որոնք միտված են մարդկանց 4,5 հազար դրամ թոշակը` 45, ապա նաեւ` 100 հազար դարձնելուն: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այս թեմայի ծիրին մեջ մի թեթեւ սրտնեղեց ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի վարքից՝ ներկայացնելով իրադարձությունների զարգացման հերթականությունը: «Կառավարությունում, որտեղ կոալիցիոն ուժերն են, քննարկվում է խնդիրը, ու ոչ մի աղմուկ չկա: Բայց քանի որ արդեն ԱԺ-ում ընտրվելու խնդիր կա, բերեք մեկ անգամ էլ թոզ փչենք ժողովրդի երեսին»,- առանց անունների նշեց նա:

Ինչ վերաբերում է ապագա ԱԺ-ին, ապա Գ. Սահակյանը, ով 2003-ի աշնանը Վրաստանի այն ժամանակվա ընդդիմության հաղթանակը կանխատեսելուց հետո ճշգրիտ կանխատեսումներ անողի համարում ունի, երեկ նշեց, թե ապագա ԱԺ-ում կլինեն ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը», «Ազգային Միաբանությունը», ՀԺԿ-ն, ՀՅԴ-ն, իսկ ՕԵԿ-ն էլ դեռ նոր ձեւի որոնման մեջ է: «Սա ոչ թե կանխատեսում է, այլ ինչ ունենք-չունենք, դա է»,- իր վերոնշյալ կանխատեսումների հիմքերն այսպես ներկայացրեց Գ. Սահակյանը: Վերջինս նաեւ գտնում է, թե առաջիկայում եւս «ընդդիմադիրները» կշարունակեն ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերի վաճառքը, ինչը չի նպաստում ընտրության արդարությանը: Ինչ վերաբերում է գնորդներին, ապա, ըստ նրա, ինչ-որ մարդիկ «կարող են փոխհարաբերություններ ստեղծել, արջի ծառայություններ մատուցել», սակայն դա վերագրել ՀՀԿ-ին կամ մյուս կուսակցություններին, սխալ է: «Ընտրության համար պետք է պատասխան տան քաղաքական բոլոր ուժերը, հասարակությունը եւ իշխանությունը»,- նշեց Գ. Սահակյանը: Վերջինս, սակայն, երեկ հայտարարեց, թե չի տեսնում քաղաքական ուժ, որին կարելի է փոխանցել իշխանությունը: Իսկ «Բարգավաճ Հայաստանի» մասով էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրել է, թե իրենք չեն մրցակցում ԲՀԿ-ի բարեգործական գործունեության հետ եւ իրենց ասելիքն ասելու են քաղաքական խոսքով: «Մեր հարաբերությունները բոլոր կուսակցությունների հետ շատ դրական պրոցեսների մեջ են, առավել եւս` ԲՀԿ-ի հետ: Դեռեւս համագործակցության վերլուծականներ, քաղաքական դրսեւորումներ չկան: Եթե հենց այս պահին սկսեց քարոզարշավը, դա արդեն միանգամից մեկնարկ կստանա: Ժամանակը կգա, կտեսնեք»,- նշեց նա: Որպես իշխանության ներկայացուցիչ, Գ. Սահակյանը երեկ նաեւ խոստովանեց, որ «իշխանություն լինելը շատ դժվար է»: Դժվար է նաեւ այն տեսանկյունից, որ դրանից հրաժարվելն է շատ դժվար: «Այս հարցում ընդդիմությունը շատ միամիտ է»,- նկատեց Գ. Սահակյանը:

Հ.Գ. Այն բանից հետ, երբ ԱԺ վերջին քառօրյայում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը չեղյալ հայտարարեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի քվեարկության արդյունքները, այն դեպքում, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն օրինագիծն անցկացնելու համար շատ ջանք էր թափել, լուրեր տարածվեցին, թե Տ. Թորոսյանի եւ Գ. Սահակյանի հարաբերությունները լարվել են: Երեկ Գ. Սահակյանն այդ պնդումներն «անհեթեթություն» է որակել: «Անհույս փորձ է որեւէ բան գտնել իմ թե՛ քաղաքական եւ թե՛ ընդհանրապես ընկերոջ հետ փոխհարաբերություններում»,- ասել է Գ. Սահակյանը: