Վաճառվել է Սոչիի օդանավակայանը

24/11/2006

Ռուսական մասնավոր «BasEl» ներդրումային ֆոնդը մոտ 206,6 միլիոն դոլարով ամբողջությամբ գնել է Սոչիի միջազգային օդանավակայանը: Դա հենց այն օդանավակայանն է, որի մատույցներում այս տարվա մայիսի 3-ին վթարի ենթարկվեց հայկական A-320 ինքնաթիռը, ինչի արդյունքում ինքնաթիռում գտնվող 113 մարդ զոհվեց: Սոչիի միջազգային օդանավակայանն այս տարվա հուլիսի 3-ին կառավարության որոշմամբ ներառվել էր 2006-ին սեփականաշնորհվելիք ընկերությունների ցանկում: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ օդանավակայանը գնած «BasEl»-ի սեփականատերը Օլեգ Դերիպասկան է, ով Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից է: Նա վերահսկում է նաեւ «Russian Aluminum»-ը (RusAl): Հիշեցնենք, որ Սոչին ավստրիական Զալցբուրգ եւ հարավկորեական Պիեոնգ Չանգ քաղաքների հետ միասին հավակնում է հյուրընկալել 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերը: Ժամանակին եւս Սոչին 1998 եւ 2002թթ. ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հավակնորդ է եղել, սակայն այն ժամանակ զրկվել է այդ հնարավորությունից՝ իր՝ խորհրդային ժամանակներից մնացած ցածրորակ ենթակառուցվածքների պատճառով: