Մի քանի տարի առաջ, երբ «Արմավիա» ընկերության սեփականատեր դարձավ ռուսական
«Սիբիր» ավիաընկերությունը, ես հարց ուղղեցի այդ ընկերության մի բարձրաստիճան պաշտոնյայի, թե արդյոք «Սիբիրը» պատրաստվո՞ւմ է, բացի հայկական ավիաընկերությունից, ձեռք բերել ԱՊՀ այլ երկրների ավիաընկերություններ եւս:
Հարցիս հետեւեց բացասական եւ ապշեցուցիչ պատասխան. «Իհարկե ոչ: Մեզ պետք են միայն այն ավիաընկերությունները, որոնք շատ ուղեւորներ են փոխադրում: Իսկ հայերն «ամենաշատ թռչող» ազգն են ԱՊՀ տարածքում»:
Այն, որ հայերն «ամենաթռչող» ազգն են ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլեւ ողջ աշխարհում, դրանում կարելի է համոզվել նաեւ դիտարկելով վերջին 15 տարիների երկու ցուցանիշ` հայերի միգրացիան աշխարհագրական եւ քաղաքական դաշտում: Այս երկու ցուցանիշների ավելի մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում կհամոզվենք, որ ժողովուրդը քաղաքական այրերից առանձնապես չի տարբերվում: Որովհետեւ եւ՛ նորաստեղծ սփյուռքը, եւ՛ քաղաքական գործիչներն իրենց «կռիշը» հիմնականում փնտրում են կամ Ռուսաստանում, կամ ԱՄՆ-ում, կամ Եվրոպայում: Ընդ որում, անկախ ընտրված վայրից՝ եւ՛ գործարար, եւ՛ քաղաքական «խոպանչիները» երբեք առիթը բաց չեն թողնում Հայրենիքի մասին գեղեցիկ «կենացներ խմելու»: Մի փոքրիկ տարբերություն կա միայն: Քաղաքական «խոպանչիները», բացի խմելուց, նաեւ «ուտում են», իսկ որոշ դեպքերում` նաեւ «լափում են» վերոնշյալ «կռիշների» (Քըրք Քըրքորյանը, Արա Աբրահամյանը, ֆրանսիացիները, ամերիկացիներն իրենց սեփական մաշկի վրա են զգացել «լափելու» արդյունքները) տված գումարները:
Սկսած հին հունական առասպելի հերոս Իկարոսից, վերջացրած՝ Մաքսիմ Գորկու բազեով (Մ.Գորկու բազեն, ի տարբերություն մեր երիտասարդ «բազեների», ոչ թե սողում էր, այլ թռչում` անգամ վիրավոր թեւով. «ՐՏՋՊպվվօռ տՏսջՈՑՖ, սպՑՈՑՖ վպ րՎՏՋպՑ»), մարդկությունը միշտ էլ երազել է բարձրանալ երկինք, այսինքն՝ թռչել: Այն ժամանակ «թռչել» բառը միայն լավ իմաստ ուներ: Երեւի հենց այդ ձգտումն էր նաեւ, որ մարդիկ ինքնաթիռ (իսկ ավելի ուշ` տիեզերանավ) ստեղծեցին: Սակայն, ինչպես եւ ամեն մի լավ բան, թռչելը եւս Հայաստանում արդեն դադարել է լավ բան լինելուց, եւ այդ բառն այսօր ասոցիացվում է կարոտի, երբեմն էլ՝ խաբեբայի, դավաճանի հետ:
Եվ քանի որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, ապա «թռնելու» հավանականությունը Հայաստանում հարյուրապատկվում է: Այլ հարց է, թե ո՞վ՝ ո՞ւր է «թռնելու»: Սկսենք անիմաստ քանակի մեր կուսակցություններից եւ քաղաքական գործիչներից: Առանց անուններ տալու (ասում են՝ մարդու թերությունը «երեսով չեն տա»)` նշեմ, որ նրանք արդեն ոչ թե «թռնում են», այլ «թռչկոտում», որովհետեւ անկախ այն հանգամանքից, թե ո՞ւր կամ ո՞ւմ գիրկը նրանք կփորձեն «թռնել», միեւնույն է, դա նրանց ոչ մի շոշափելի արդյունք չի տա: Փորձը ցույց է տալիս, որ նրանց համար դա ընդամենը տվյալ ժամանակահատվածում փող աշխատելու միջոց է: Իսկ թե ո՞վ՝ որքա՞ն կաշխատի, արդեն տվյալ սուբյեկտի «շուստրիության» խնդիրն է: Իհարկե, դա կախված է նաեւ այն հանգամանքից, թե նախընտրական փուլում ո՞ր օլիգարխին կկցվի հերթական անիմաստ կուսակցությունը` Միխայիլ Բաղդասարովի՞ն, Հարություն Փամբուկյանի՞ն, Հրանտ Վարդանյանի՞ն, Արա Աբրահամյանի՞ն, թե՞ Բորիս Բերեզովսկուն: Անիմաստներին միայն կարող եմ հիշեցնել, որ այս տարի նրանցից շատերը կամ սեփական կուսակցությունն ունեն եւ նորի կարիք չունեն, կամ դարձել են ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի անդամ: Ինչ վերաբերում է իսկական խաղացողներին, ապա այստեղ դեռ ոչինչ հայտնի չէ, քանի որ պարզվում է, որ, օրինակ, Գեղամյանն այս անգամ ոչ միայն ինքն է «թռնում», այլ ավելի շատ իրենից են «թռնում», «Արդարություն» դաշինքն այնքան է թռել, որ արդեն «օդ» է, Արթուր Բաղդասարյանին ներքին թռիչքներն արդեն չեն բավարարում եւ խեղճը, Ռուսաստան-Ֆրանսիա-Անգլիա-Ղազախստան-Ամերիկա երթուղիներում, նմանվել է «Նեւերայատնիյե պրիկլյուչենիյա իտալյանցեւ վ Ռոսիի» ֆիլմի հայտնի հերոսին, որին, անձնագիրը կորցնելու պատճառով, այդպես էլ չեն թողնում ոչ մի տեղ իջնել: Դաշնակցականներն իրար վրայից են «թռնում», Վիկտոր Դալլաքյանը՝ ընդդիմությունից, Հմայակ Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանից, «Այլընտրանքը»՝ ՀՀՇ-ից: Այս պարագայում չի կարելի նաեւ չհիշել այն դեպքերը, երբ ոչ թե «թռնում են, այլ թռցնում են»: Չմոռանանք Արտաշես Թումանյանի՝ «Նոր երկիր» եւ ապարանցիների՝ «Միավորում հանուն Հայաստանի» «կասեցված» կուսակցությունները:
Իհարկե, այս ամենը շատ տխուր է: Իսկ ես տխուր բաներ չեմ սիրում` այն պարզ պատճառով, որ ես լավատես եմ: Իսկ լավատեսությունս ինձ հուշում է, որ արդեն մի քանի տարի հետո մենք, առանց ամաչելու, կցանկանանք թռչել: Բայց ոչ թե մեկս՝ մյուսից, այլ կթռչենք, օրինակ, գործուղումների կամ հանգստանալու, սովորելու կամ գործարար կապեր հաստատելու: Եվ, որ ամենակարեւորն է, յուրաքանչյուր ուղեւորությունից հետո անպայման կցանկանանք վերադառնալ Հայաստան: