Այն, որ տարբեր խողովակներով Հայաստան բավական մեծ գումարներ են մտնում՝ գաղտնիք չէ: Այդ գումարների մի մասը, վասն ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացման, տալիս են միջազգային կազմակերպությունները, եւ գաղտնիք չէ, որ այդ գումարների զգալի մասը ծախսվում է ձանձրալի եւ ոչինչ չտվող սեմինարների, քննարկումների, համաժողովների եւ այլ քաղաքացիական կերուխումերի վրա:
Թե որքանով Է նման սեմինարներից Հայաստանում ավելանում ժողովրդավարության դոզան կամ ժողովրդավարության վիճակով մտահոգ մարդկանց թիվը՝ միայն Աստծուն է հայտնի: Մյուս գումարային մուտքերը Հայաստան են գալիս տարբեր մեծահարուստ հայերի կողմից հանուն ազգային- մշակութային նպատակների: Վերջին օրերին մամուլում կարդացի, որ ռուսաստանցի մեծահարուստ Արա Աբրահամյանը մտադիր է Գրողների միությանը նվիրաբերել հերթական 50 հազար դոլարը: Կարելի է չկասկածել, որ այդ 50 հազար դոլարով մեր Գրողների միության ղեկավարությունը մի 50 հազար սեմինար ու քննարկում կանի հանուն մեր ազգային խնդիրների, կխոսի ազգապահպանությունից, սփյուռքի հնարավոր ուծացումից եւ հայ մշակույթի դարավոր արմատներից, ձեռի հետ էլ այս թեմաներով մի քանի գիրք կտպի, որոնք նույնիսկ Գրողների միության անդամները չեն կարդա, եւ այս ամենից հոգնած Միությունն իր 500 անդամ գրողներով կգնա Ծաղկաձոր հանգստանալու եւ սպասելու հերթական նվիրատվությանը:
Իսկ այն, որ Հայաստանում ժամանակակից գրականություն ասելով՝ ակամայից պատկերացնում ես կիսամահացած «Գրական թերթը», իսկ դպրոցների շրջանավարտները նույնիսկ հայ դասականներին արդեն չգիտեն` շատ լավ է, քանի որ ավելանում են մեր Գրողների միության մարտահրավերները: Այսինքն՝ փողերի պակաս չի զգացվի:
Հ.Գ. Կարծում եմ՝ անչափ հետաքրքիր կլիներ իմանալ Լեւոն Անանյանի, Գառնիկ Անանյանի եւ հայ հասարակության որպիսությամբ մտահոգ մնացած մտավորականների կարծիքը Ժակ Դերրիդայի, Յուրգեն Հաբերմասի եւ վերջերս մահացած Ալեքսանդր Զինովեւի սոցիալ- փիլիսոփայական աշխատությունների մասին: Ակնկալում եմ անկողմնակալ քննարկում: