«Եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ներքուստ իմանալով իր մեղքը, այդ մեղավոր կոմպլեքսով էլ կշարունակի ապրել մինչեւ որ մի օր փուլ գա»,- երեկ նման հայտարարություն է արել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա առանձնապես հույս չունի, թե առաջիկա 5 կամ 10 տարում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն վստահ է, որ գալու է այն օրը, երբ, եթե ոչ Թուրքիա պետությունը, ապա առնվազն թուրք հասարակությունն առավել հանգիստ է խոսելու իր պատմության այդ հատվածի մասին, ու խոսողին էլ չեն պատժելու: Ըստ Կ. Մանոյանի, ԱՄՆ-ի իշխանությունը ոչ թե կասկածի տակ է դնում ցեղասպանության կատարված լինելու փաստը, այլ պարզապես Թուրքիային չնեղացնելու համար դրա մասին չի խոսում: Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդը կասկածի տակ է դրել ցեղասպանության փաստը: «Սա է Հոգլանդի մեղքը»,- ասել է Կ. Մանոյանը: Նրա գնահատմամբ՝ այս իրավիճակում լավագույն լուծումը կլիներ ՀՀ-ում այլ անձի դեսպան նշանակելը կամ գոնե հստակ հայտարարելը, որ ԱՄՆ-ը ցեղասպանության փաստը կասկածի տակ չի դնում: