2006թ. սեպտեմբերից CNN հեռուստաալիքը Հայաստանը ներկայացնող տեսահոլովակներ է հեռարձակում: Ըստ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանի՝ տեսահոլովակներն ունեն Հայաստանը ներկայացնելու եւ տուրիստական նշանակություն: Դրանց յուրաքանչյուր հեռարձակումն արժե մոտ 1000 դոլար: CNN-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ հոլովակները հեռարձակվեն 400 անգամ, որի համար պետք է վճարվի մոտ 360.000 դոլար: CNN-ը հայկական կողմին առաջարկել է, որպեսզի տեսահոլովակները պատրաստեն իրենց մասնագետները՝ համապատասխան որակ ապահովելու համար։ Ընդ որում, փոխնախարարի հավաստմամբ` CNN-ը տեսահոլովակների պատրաստման համար պահանջել էր հեռարձակման արժեքին հավասար գումար: Հայկական կողմը չի համաձայնել, եւ որոշել են, որ հոլովակները պետք է պատրաստեն հայ մասնագետները: Հայտարարվել է մրցույթ, շահել են «Արմենիա» եւ «Հ2» հեռուստաընկերությունները, որոնք էլ պատրաստել են երկուական տեսահոլովակներ՝ 0,5 եւ 1 րոպե տեւողությամբ: CNN-ն ընդունել է մեր հեռուստաընկերությունների աշխատանքները, եւ դրանք այժմ հեռարձակվում են: Մեկ տեսահոլովակի պատրաստման համար վճարվել է մոտ 10.000 դոլար: Փաստորեն, Հայաստանը ներկայացնող այդ 4 տեսահոլովակների պատրաստումն ու CNN-ով 400 անգամ հեռարձակումն արժեցել է մոտ 400.000 դոլար: