Զբոսաշրջությունն աճում է, ստվերը՝ նույնպես

24/11/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երկու օր առաջ նախարար Կ. Ճշմարիտյանի խորհրդական Մերուժան Հակոբյանը հայտնեց, թե արդյունաբերության մեջ ընդհանուր անկում է նկատվում: Խորհրդականը որպես պատճառներ նշեց ազգային արժույթի տատանումները, արտահանման կրճատումը, բարձր գնի պատճառով արտաքին շուկայում հայկական ապրանքների ոչ մրցունակ լինելը: Մ. Հակոբյանի հաղորդած մռայլ տրամադրությունները երեկ փորձեց մեղմացնել նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, որը համակարգում է զբոսաշրջության ոլորտը: Ի տարբերություն արդյունաբերությանը, զբոսաշրջությունը ՀՀ-ում զարգանում է մեծ քայլերով՝ յուրաքանչյուր տարի՝ 18-22 տոկոսով: Տարիներ առաջ այդպիսի կանխատեսում են արել Ռոբերտ Քոչարյանն ու ոլորտի պատասխանատուները: Եվ այդ կանխատեսմանը հավատարիմ` զբոսաշրջությունը հենց այդ չափով էլ զարգանում է՝ ո՛չ ետ է ընկնում, ո՛չ էլ առաջ է գնում: Փոխնախարարի տվյալներով` անցած 9 ամիսներին Հայաստան է այցելել 272 հազար զբոսաշրջիկ, ինչը 18 տոկոսով ավելի է 2005թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ավելին, պաշտոնական տվյալներով` այս տարվա 9 ամիսներին Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելել, քան անցած ամբողջ տարին: 2005թ. զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 268 հազար: Իսկ մինչեւ այս տարվա վերջը, ըստ Ա. Պետրոսյանի՝ Հայաստան կայցելեն մոտ 380.000 զբոսաշրջիկներ, այսինքն՝ 112 հազարով ավելի, քան նախորդ տարում էր, բայց 20 հազարով պակաս, քան կանխատեսել էր Ռոբերտ Քոչարյանը: ՀՀ նախագահը հույս ուներ, որ զբոսաշրջիկների թիվն այս տարի կհասնի 400 հազարի: Ոլորտի պատասխանատուների կարծիքով` զբոսաշրջությունը ՀՀ-ում «զարգացման անդառնալի ընթացք է վերցրել»: Իսկ ի՞նչն է գրավում օտարերկրացիներին ծով ու հանգստի համար զարգացած ենթակառուցվածքներ չունեցող Հայաստանում:

«Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է իր պատմամշակութային ժառանգություններով, ավանդույթներով ու զարմանահրաշ բնությամբ,- ասում է Ա. Պետրոսյանը: -Պարզվում է, որ էթնիկ նոստալգիայի տուրիզմը մեր երկրում նույնպես մեծ ապագա ունի: Իսկ ինչ վերաբերում է առողջարանային տուրիզմի զարգացմանը` ապա այն «նոր շունչ է ստացել»:

Ըստ փոխնախարարի՝ զբոսաշրջիկների թվի ավելացումը խթան է հանդիսանում հյուրանոցային բիզնեսի համար: ՀՀ-ում տարեցտարի ավելանում է հյուրանոցների քանակը, ընդ որում՝ հյուրանոցներ են կառուցվում նաեւ Երեւանից դուրս՝ Սեւանում, Ծաղկաձորում, Ջերմուկում եւ այլուր: Իսկ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մոտ 75 տոկոսը մեր հայրենակիցներն են, որոնց ավելի շատ կարող է հետաքրքրել «էթնիկ նոստալգիայի տուրիզմը», որի մեջ հավանաբար կմտնի նաեւ Սեւանա լիճը: Այս տրամաբանությամբ` Հայաստան ավելի շատ գալիս են Ռուսաստանից ու Ամերիկայից: Փոխնախարարի ասելով` յուրաքանչյուր զբոսաշրջիկ մեր երկրում մեկ շաբաթվա ընթացքում ծախսում է մոտ 1000 դոլար: Դժվար է ասել, թե այս թիվը որքանով է իրական, բայց մեր երկրում հանգստանալն ավելի թանկ արժե, քան, ասենք, Թուրքիայում կամ Սեւ ծովի ափին: Հենց դրա համար էլ տարեցտարի ավելանում է Հայաստանից այդ երկրներ հանգստանալու գնացողների քանակը: Ա. Պետրոսյանը համաձայն չէ այդ տեսակետի հետ: Նրա կարծիքով` տարածաշրջանում ամենաէժան տուրիզմը կազմակերպվում է Հայաստանում, եւ Սեւ ծովը Սեւանին մրցակից չի կարող լինել: Դրանք տարբեր հաճույքներ են: Բացի այդ, նա գտնում է, որ եթե ծառայությունների գները թանկանում են, ուրեմն դրա պահանջարկն էլ ավելանում է թե՛ զբոսաշրջիկների, եւ թե՛ մեր կյանքի բարելավման հետ կապված: Այնպես, ինչպես տարեցտարի, նույնիսկ ամսեամիս թանկանում են ինքնաթիռների տոմսերի գները: Իհարկե, շատ կցանկանայինք համաձայնել պարոն Պետրոսյանի հետ, սակայն թեկուզ Սեւանում այս ամռանը հյուրանոցների շատ համարներ ազատ էին մնում իրենց թանկության պատճառով: Շատ հայաստանցիներ գերադասում էին գնալ եւ նույն օրը ետ վերադառնալ՝ առանց հյուրանոցային համարներ վարձելու: Սեւանի ափին վագոն-տնակների 1 օրվա վարձը տատանվում էր 8000-20.000 դրամի սահմաններում, իսկ ավելի բարձրակարգ հյուրանոցներում համարը հնարավոր էր վարձել 20.000-80.000 դրամի սահմաններում: Ընդ որում, հանգստացողները դժգոհում էին, որ գներն անցյալ տարվա համեմատ 30-40 տոկոսով բարձրացել են, սակայն ծառայությունների որակը չի բարձրացել: Իսկ ինչ վերաբերում է ինքնաթիռների տոմսերի գնի աճին, ապա բոլորին է հայտնի, որ կազմակերպիչներն ուղեւորների հաշվին ամեն անգամ բարձրացնում են իրենց գերշահույթի չափը: Ոլորտի պատասխանատուների կարծիքով` զբոսաշրջիկների թվի եւ ծառայությունների գնի ավելացմանը զուգահեռ` բարձրանում է նաեւ տուրիզմի ենթակառուցվածքներում սպասարկման որակը: Որոշ դեպքերում կարելի է համաձայնել, հատկապես մայրաքաղաքում, որտեղ այդ տարբերությունը նկատելի է: Բայց դա դեռ դժվար է բարձրորակ համարել եւ համեմատել, ասենք, Թուրքիայի հանգստյան գոտիներում առաջարկած որակի հետ: Իսկ որ հյուրանոցային բիզնեսը Հայաստանում ծաղկում է, դա փաստում է նաեւ Երեւանում եւ ընդհանրապես ամբողջ երկրում օրեցօր աճող հյուրանոցների թիվը: «Եթե ավելանում են, ուրեմն շահութաբեր են»,- ասում է Արա Պետրոսյանը:

Սակայն, չգիտես ինչու, այդ օբյեկտներն իրենց տերերին շահույթ չեն բերում: Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկում ընդամենը 2 հյուրանոց էին հայտնվել՝ «Արմենիա» հյուրանոցային համալիրը, որը 120-րդ տեղում էր եւ այս տարվա 9 ամիսներին վճարել էր մոտ 250 մլն դրամի հարկ, որից ուղղակի հարկերը՝ շահութահարկն ու եկամտահարկը կազմում էին ընդամենը 8,5 մլն դրամ: Եվ «Երեւան» հյուրանոցը, որը 160-րդ տեղում էր եւ վճարել էր մոտ 155 մլն դրամ, որից ուղղակի հարկերը կազմում էին 36 մլն դրամ: Առաջին հայացքից այս թվերից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում հյուրանոցային բիզնեսը շահութաբեր չէ: Այդ դեպքում ինչո՞ւ է տարեցտարի ավելանում հյուրանոցների քանակը, կամ եթե ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի «Մետրոպոլ» հյուրանոցը վնասով է աշխատում, ինչո՞ւ է եւս երկու հարկ ավելացնում: Սա նշանակում է, որ այս բիզնեսը որքան որ շահութաբեր է, գրեթե նույն չափով էլ գտնվում է ստվերում: Որ հյուրանոցների սեփականատերերը հակված են ավելի շատ անուղղակի՝ հաճախորդների գրպանից գոյացող հարկերը վճարել: Իսկ իրենց շահույթի հաշվին վճարվող հարկերի չափը նրանք հասցնում են մինիմումի: Հյուրանոցների սեփականատերերն իրենց գործունեությունը գրանցում են որպես օտարերկրյա ներդրում եւ ձեռք են բերում հարկեր չվճարելու արտոնություն: Օրինակ, «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կառուցված «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը համարվում է հունական ներդրում, սակայն դրա իրական տերերը մեր բարձրագույն պաշտոնյաներն են: