Երկու-երեք ամիս առաջ քանդեցին Երեւանի Կոմիտասի ու Տիգրան Մեծի փողոցները: Քանդեցին ու չվերականգնեցին: Այն ժամանակ հայտարարվեց, նաեւ գեղեցիկ հեռուստառեպորտաժներ պատրաստվեցին, թե այդ փողոցները վերակառուցվելու են «Լինսի» հիմնադրամի միջոցներով: «Լինսի»-ից, սակայն, գումարներն ուշանում են, ու այդ փողոցների քանդված վիճակը լուրջ անհարմարություններ է ստեղծում քաղաքի երթեւեկության համար:
«Լինսի» հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը սեպտեմբերին թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե ՀՀ իշխանություններն են շտապել քանդել փողոցները՝ չսպասելով հատկացումների հետ կապված փաստաթղթերի վերջնական հաստատմանը: Չի բացառվում, որ այդպես էլ լինի, որովհետեւ այդ փողոցները միակն էին, որտեղ պահպանվել էին արդեն պատմության գիրկն անցած տրամվայի ռելսերը: «Լինսի» հիմնադրամի հատկացումների մասին լսելով՝ նրանք չէին համբերել` մինչեւ որ գումարները տեղ հասնեն, ու միանգամից սկսել էին քանդման աշխատանքները: Ընդ որում, սկսել էին հենց ռելսերից: Լինսի հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ ծրագիրը պետք է տեւի մինչեւ 2008 թվականը: Իրենք այդ ընթացքում՝ երբ ցանկանային կամ երբ հարմար լիներ՝ կվերակառուցեին այդ ճանապարհները: Այնպես որ, դեռ ժամանակ կա, եւ մինչեւ 2008 թվականը կհասցնեն աշխատանքներն ավարտին հասցնել: Ինչպես երեւում է՝ չեն սպասել հատկացումների տեղ հասնելուն: Ոչինչ, որ ամիսներ շարունակ խախտվել է միջքաղաքային նշանակության կենտրոնական երկու փողոցների երթեւեկությունը:
Մի խնդիր էլ կա: Մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկացանք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն գովասանքի նամակ է ուղարկել «Լինսի» հիմնադրամի ղեկավար Քըրք Քըրքորյանին` վերջերս Լիբանանի հայկական դպրոցներին 4,5 մլն դոլարի նվիրատվություն անելու համար: Այսինքն` Լինսի հիմնադրամը, կամ նույն ինքը` Քըրքորյանը կարող է ցանկացած ժամանակ հատկացումներ անել, եւ դրա թղթարարությունն առանձնապես մեծ ժամկետ չի պահանջի, ինչպես որ պահանջեց այս երկու փողոցների դեպքում: Այստեղ արդեն տեղին է հիշել շրջանառվող այն խոսակցությունները, թե ճանապարհները չեն ասֆալտապատվում, որովհետեւ Հայաստան երկար ժամանակ բիտում չի ներկրվել: Բիտումն ասֆալտապատման հիմնական նյութն է, որը ներկրվել է մեծամասամբ Իրանից: Խնդիրն այն է, որ Ամերիկան համաձայն չէ, որպեսզի իր քաղաքացիների հատկացրած գումարներով Հայաստանը բիտում գնի Իրանից: Այս ընթացքում մեր իշխանությունները հավանաբար փորձել են այլ ելքեր գտնել, կամ թեկուզ բիտումը ներկրել հենց Իրանից, բայց փաստաթղթային ձեւակերպումը տալ մի երրորդ երկրի անունով: Ասենք, Քուվեյթի անունով, որի հետ Ամերիկան շատ լավ հարաբերություններ ունի: Միգուցե բիտումն արդեն ներկրվել է, որովհետեւ Կոմիտաս փողոցի շինարարական աշխատանքները, մոտ երկու շաբաթ է, ինչ սկսվել են: Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե «ուրեմն արդեն Հայաստան բիտում մտնում է, որ աշխատանքները սկսվել են»: Նա նաեւ ասել էր՝ «Դուք ասում էիք, թե «Լինսը» չի գործում, տեսեք, լավ էլ գործում է»: Չի բացառվում, որ բիտում ներկրվել է, բայց մեր տեղեկություններով` «Լինսը» դեռ գումար չի հատկացրել: Դա անուղղակի կերպով հաստատեց նաեւ Էդուարդ Բեզոյանը: Նրա ասելով` ճանապարհաշինարար երկու՝ «Դորոժնիկ» ու «Վահագն եւ Սամվել» ընկերություններն իրենց միջոցների հաշվին են սկսել աշխատանքները՝ մինչեւ որ հատկացումները տեղ կհասնեն: Իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով` ճանապարհները վերակառուցելու համար միջոցները հատկացվել են իշխանությունների՝ ՀՀ կառավարության կամ ՀՀ նախագահի պահուստային ֆոնդերից: Իշխանությունները, տեսնելով, որ Քըրքորյանն իր փողերն ուշացնում է, որոշել են սեփական ուժերով մի կերպ վերանորոգել: Հակառակ դեպքում` ձյունը կգա քանդած ճանապարհների վրա, մեծ անհարմարություններ կստեղծի ու բազմաթիվ վթարների պատճառ կդառնա: Առանց այդ էլ այս մի քանի ամիսներին Տիգրան Մեծ եւ Կոմիտաս փողոցների քանդված հատվածներում բազմաթիվ մեքենաներ են ընկել ու վթարի ենթարկվել:
Մոտ մեկ ամիս առաջ, երբ մենք կրկին անդրադարձել էինք այս երկու փողոցների խնդրին, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրեց, թե աշխատանքների ուշացման պատճառն այն է, որ այդ հատվածով անցնում են կոյուղատար ու ջրատար հիմնական գծեր, որոնք մաշված են, եւ հարկավոր է փոխել: Դրա համար էլ ասֆալտապատումն ուշանում է: Բայց այդ երկու-երեք ամիսներին նույնիսկ խողովակները փոխելու աշխատանքները չէին կատարվում: Այժմ նոր-նոր սկսել են վերանորոգումը: «Երեւան ջուր» ընկերությունից պատասխանեցին, որ իրենք խողովակների վերանորոգման աշխատանքներում մասնակցություն ունեն, բայց թե ինչ չափով, խոստացան պատասխանել մի քանի օրից: Իսկ այս անգամ պարոն Սողոմոնյանն իր նախորդ պատասխանին ոչինչ չավելացրեց: Նա էլ տեղյակ չէր, թե կոնկրետ ի՞նչ միջոցներով են վերանորոգվում այդ ճանապարհներն ու կոյուղագծերը: Իսկ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն էլ օրերս ասաց, որ մինչեւ դեկտեմբերի 15-ն այդ աշխատանքներն ավարտված կլինեն: Այժմ արդեն մտահոգություն կա, որ ճանապարհները վերակառուցում են շատ մակերեսային ձեւով՝ խնդրին ժամանակավոր լուծում տալու համար: Մասնագետներն ասում են, թե գարնանը հարկ կլինի դրանք նորից քանդել եւ նորից ասֆալտապատել: Ինչպես որ դա տեղի ունեցավ վերջերս՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցից առաջ Տերյան փողոցն Ազատության պողոտային կապող ոլորապտույտ ճանապարհի դեպքում: