Ամերիկյան հեռուստաընկերություններն այժմ սրտի թրթիռով են կարդում սոցհարցումների արդյունքները: Խոսքը երեք հիմնական, մրցակից եւ համապետական հեռուստաալիքների` CBS-ի, ABC-ի եւ NBS-ի մասին է: Այս երեք մեգակորպորացիաներն են իրար միջեւ բաժանում հեռուստալսարանի մեծ մասը: Ամերիկյան հեռուստաէկրանը 100%-ով կոմերցիոն է: Այսինքն, բոլորը պայքարում են հեռուստադիտողի համար:
Երեկոյան պրայմ-թայմի, այսինքն՝ պիկ ժամի հիմնական «խաղացողները» շոուներն ու սերիալներն են: Եվ ոչ լատինաամերիկյան: Ամերիկյան սերիալները թանկարժեք են, հետաքրքիր ու որակյալ: Դրանք մինի-գեղարվեստական ֆիլմեր են, որոնք երբեւէ չեն ցուցադրվել Հայաստանում: Դա թանկարժեք հեռուստաարտադրանք է, որն առայժմ հայկական շուկային պարզապես հասանելի չէ: Եվ, երեւի, երբեք էլ հասանելի չլինի:
Փոքր-ինչ պատմեմ վերոհիշյալ երեք հեռուստաընկերությունների կառուցվածքի մասին: Ամեն օր պրայմ-թայմին սերիալներ են ցուցադրվում: Սովորաբար, դրանք երկու տարբեր սերիալներ են` լուրերից առաջ եւ մինչեւ ուշ երեկոյան թոք-շոուները: Սերիալներն ամենշաբաթյա են: Օրինակ, «Ի՞նչ կասեք Բրայանի մասինն» ամեն երկուշաբթի է ցուցադրվում, «Lost»-ը (ռուսական առաջին ալիքը ցուցադրեց առաջին սերիաները)` ամեն չորեքշաբթի: Շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր սերիալը:
Սոցհարցումների տվյալները սովորաբար վկայում են ոչ միայն ամերիկյան հեռուստալսարանի ճաշակի, նախասիրությունների, այլեւ հոգեվիճակի մասին: Սերիալների թեմատիկ առատությունը հոգեբաններին հնարավորություն է տալիս ճշտել, թե հեռուստացույցի միջոցով ի՞նչ են հակված տեսնել ու ի՞նչ չեն ուզում տեսնել ամերիկացիները:
Եվ այսպես, ամենաշատ դիտվողը «Գրեյսի անատոմիա» («Gray’s anatomy») սերիալն է, որը ցուցադրվում է ABC-ով: Հիմնական հերոսները բժիշկներ են եւ նրանց բարդ հարաբերությունները: Ամերիկացիները սիրում են հուզվել երջանիկ ավարտով, վերակենդանացման «հեքիաթ» վերջաբաններով եւ անընդհատ ներկա եւ ոչ կատարյալ մշտական հերոսներով:
Տարվա գլխավոր բլոկբաստերը «Կորածներն» («Lost») է: Օդանավի կործանումից հետո ուղեւորներն իրենց հայտնաբերում են կղզու վրա, որտեղ տեղի են ունենում անհասկանալի միստիկ երեւույթներ: Աստիճանաբար հեռուստադիտողը բացահայտում է, որ հերոսներն էլ հասարակ մարդիկ չեն եւ, մեղմ ասած, կղզում հայտնվելու արժանի էին: «Կորածներն» արդեն երրորդ սեզոնն է թեւակոխում: Պրոդյուսերները հրավիրել են սցենարիստների նոր խումբ, որոնք խոստացել են «շոկի մեջ գցել» եւ «ապշեցնել» հեռուստադիտողին: Առայժմ, անկեղծ ասած, միայն ձանձրացրել են:
Այս հեռուստասեզոնի հաջողակ նորեկները NBS-ով հեռարձակվող «Հերոսներն» են եւ ABC-ով ցուցադրվող «Տգեղ Բետտին»: Առաջինն արտասովոր ընդունակություններ ունեցող երիտասարդների մասին է, եւ «X-files» («Գաղտնի նյութեր») հեռուստասերիալի եւ «X-man» («Իքս-մարդիկ») գեղարվեստական կինոնկարի ընդհանուր տրամաբանության մեջ է: Մի խոսքով, գիտաֆանտաստիկ սերիալ է: Երկրորդը մի իսպանուհի տգեղ աղջկա, նրա ընտանիքի, նրա շեֆի ու շեֆի ընտանիքի մասին է: Հերոսուհին թեեւ տգեղ է, բայց բարի, մարդասեր է: Ֆիլմի սցենարը գնում է դեպի այն, որ Բետտին մի օր կգեղեցկանա եւ կսիրահարվի ու կսիրի իր շեֆին: Մոխրոտի արկածները դեռ առջեւում են:
Կիրակի օրվա բացարձակ լիդերները «Խելագար կանայք» եւ «Քույրեր եւ եղբայրներ» սերիալներն են: Առաջինն ամուսնացած կանանց մասին է, այսպես կոչված՝ «Սեքսը քաղաքում» սերիալի հակապատկերը: Սա ամուսնացած կանանց եւ նրանց ամուսինների, տարեցտարի հազվադեպ դարձող սեքսի, եւ մաշկի վրա հայտնվող կնճիռների, դեռահաս երեխաների եւ նրանց պրոբլեմների մասին է: Մի խոսքով, ընտանեկան սերիալ է, հիմնականում կանանց համար: «Քույրեր եւ եղբայրները» մի մեծ ընտանիքի անդամների մասին է, որոնց միլիարդատեր հայրիկի մահից հետո ամեն ինչ տակնուվրա է լինում:
Այս հեռուստասեզոնն առատ էր միստիկ սերիալներով, որոնք սակայն հաջողության չհասան, թեեւ հաջողակ էին դեռ մի քանի տարի առաջ: Դրա հիմնական բացատրությունը հոգեբանները գտել են ամերիկացիների ընդհանուր տրամադրությունների մեջ: Պատերազմն Իրաքում, Սպիտակ տան աննահանջ ռազմական քաղաքականությունը եւ ագրեսիվ քարոզարշավը, ընտրությունները, սղաճը, գործազրկության մակարդակն ամերիկացիներին նետել են դեպրեսիայի գիրկը:
Ըստ հոգեբանների, հասարակությունը «չգիտակցված» դեպրեսիա է տանում: Այդ պատճառով` ցանկանում է ոչ թե էքստրեմալ, այլ ավելի շատ հանգստացնող պատմություններ դիտել` որ վերջում ոչ ոք չմահանա, որ տգեղ ու գեր մարդիկ էլ գտնեն իրենց երջանկությունը, որ տեսնեն ոչ թե խելագար կանանց, ովքեր ամեն օր մտածում են՝ ո՞ւմ հետ սեքսով զբաղվել, այլ կանանց, ովքեր, իրենց պես, ունեն ամուսիններ եւ երեխաներ:
Ամերիկացիների համար այժմ ցանկալի է էկրանին տեսնել ընտանիքներ, ընտանեկան արժեքներ, եւ այնպիսի պրոբլեմներ, որոնք կարող են բոլորի հետ պատահել: Օրինակ, հաջորդ շաբաթ Ամերիկան հետեւելու է, թե ինչպես են «Քույրեր եւ եղբայրները» լուծելու իրենց կրտսեր եղբոր հարցը. որքան էլ զավեշտական հնչի, բայց ըստ ֆիլմի սցենարի՝ նրան «պավեստկա» է եկել` բանակ գնալու եւ Իրաքում ծառայելու մասին: Հիմա ընտանիքը բաժանված է երկու մասի: Մայրն ու քույրերն ասում են՝ «էրեխուն փախցնենք Մեքսիկա», եղբայրները, թե` եկեք տեսնենք` ի՞նչ կարող ենք անել օրենքի շրջանակներում:
Արդյոք մեր, հայկական պրոբլեմներից շա՞տ տարբեր են «նրանց պրոբլեմները»: Երբեմն ես, որ սերիալ գրեթե չեմ նայում կամ չեմ հասցնում նայել, զուտ «մշակութաբանական» հետաքրքրությունից դրդված` հետեւում եմ դրանց` համեմատելու համար, թե ինչպե՞ս են ամերիկացիները հաղթահարում իրենց խնդիրները: Ժամանակին դասականներից մեկն ասում էր` բոլոր ընտանիքները երջանիկ են միանման եւ դժբախտ են յուրովի: Այնպես որ, եւ կյանքում, եւ էկրանին այդ խնդիրները նրանք հաղթահարում են տարբեր կերպ: